Ջեյմս Ուորլիք. «Պետք է որոշվի ԼՂ վերջնական կարգավիճակը եւ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ջեյմս Ուորլիք. «Պետք է որոշվի ԼՂ վերջնական կարգավիճակը եւ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»

Ջեյմս Ուորլիք. «Պետք է որոշվի ԼՂ վերջնական կարգավիճակը եւ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»

armtimes.am — ԵԱՀԿ  առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՀՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարեւմտյան ուղղությամբ:

Սա զինադադարի մասին պայմանավորվածությունից հետո ամենաթեժ կետն է, որտեղ գրեթե ամեն գիշեր Ադրբեջանը խախտել է զինադադարը: Դիտարկումը տեղի է ունենալու ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից: Ապրիլի սկզբի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո սա առաջին դիտարկումն է ԵԱՀԿ-ի կողմից: Ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը ամենաշատը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է Թալիշի ուղղությամբ, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչի արդյունքում օրս երեք զոհ ենք ունեցել այստեղ զինզդադարից հետո: Թե ինչ կարձանագրեն տեղում ԵԱՀԿ-ի պաշտոնյաները, կերեւա դիտարկումից հետո նրանց հայտարարությունից:

 

Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անհամբեր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով նոր հանդիպման առումով: Երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA-ին պարզաբանել է, որ մայիսի 23-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում չի նախատեսվում ՄԽ համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Մի քանի օր առաջ Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ընթացիկ ամսվա կեսին Եվրոպայի քաղաքներից մեկում անցկացվող միջոցառման ընթացքում: Մամեդյարովը թերեւս նկատի ուներ ոչ թե իր առանձին հանդիպումը համանախագահների հետ, այլ իր եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, ինչը փաստորեն Բրյուսելի մասով չի հաստատվում:

 

Մամեդյարովը երեկ պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպելու է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովն էլ ադրբեջանական ԶԼՄ-ներին փոխանցել է, որ հունիսի վերջին-հուլիսի սկզբին Շտայնմայերն է այցելելու Ադրբեջան: Վերջինս, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որոշակի առաջարկներ ունի, որոնք կներկայացնի իր այցի ժամանակ:

 

Զինադադարից հետո ստեղծված իրավիճակի մասին  դեռեւս մայիսի 4-ին մի քանի հարց էինք ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որը երեկ պատասխանել է դրանց:

 

— Պարոն Ուորլիք, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս փուլում կարեւոր է համարվում սահմանային միջադեպերի հետաքննման եւ վստահության ամրապնդման մյուս միջոցառումների իրականացումը եւ ավելացրեց, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան պետք է կենտրոնանա այս խնդրի վրա: Ինչ է անում Գերմանիան ներկա պահին հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը, ըստ էության, բանակցությունները վերսկսելու նախապայման է հանդիսանում:

 

— Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին: Մենք կաշխատենք կողմերի հետ՝ ներդնելու այդ միջոցները ու հուսով ենք, որ համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հնարավորինս շուտ: Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների:

 

— Ո՞րն է լինելու այն փաստաթուղթը, որը պետք է հիմք դառնա բանակցություններում, եթե հաջողվի ի վեջո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ հակամարտության բանակցությունների պատմության ընթացքում ծնված տարբեր փաստաթղթերն ի պահ են տրվել ԵԱՀԿ-ին, եւ միակ փաստաթուղթը, որը դեռ ի պահ տրված չէ, Կազանի փաստաթուղթն է, որին, ի դեպ, ՀՀ նախագահը հավանություն էր տվել, իսկ Ադրբեջանը՝ մերժել:

 

— Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հիմք կհանդիսանան մի քանի տարի բանակցային սեղանի շուրջ շրջանառված տարրերն ու սկզբունքները: Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը:

 

— Դուք կոնտակտի մեջ եք Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, եւ կա՞ն արդյոք նշաններ, որ բանակցությունները կարող են մոտ ժամանակներս վերսկսվել: Երկու երկրների ժողովուրդները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին ռազմական լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել:

 

— Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ՝ ամենաբարձր մակարդակներում՝ հորդորելու նրանց խստիվ պահպանել հրադադարը, ձեռնարկելու միջոցներ ուղղված բռնությունների ռիսկի կրճատմանը եւ անհապաղ ձեռնամուխ լինելու համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդես բերեն քաղաքական կամք՝ կատարելու այս քայլերը:

 

— Ե՞րբ է պլանավորվում ձեր հաջորդ այցը հակամարտության գոտի:

 

— Թեպետ այս պահին կոնկրետ պլաններ չունենք, սակայն պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան՝ կողմերի հետ հետագա քայլերը հստակեցնելու համար: Մեր ամենամեծ գերակայությունը տեւական կարգավորման հասնելն է:

 

Նախօրեին հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Քննարկվել են այլ ակտուալ միջազգային հարցեր, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

 

Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները նախանձելի պինդ են իրենց դիրքորոշման մեջ: Մինսկի խումբը ոչ միայն չի դատապարտում ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ պատերազմը եւ կատարած ռազմական հանցագործությունները, այլեւ Ջեյմս Ուորլիքը ասում է՝ Հայաստանը չպետք է նախապայմաններ դնի: Ռազմական հանցագործությունները դատապարտելը, հասկացանք, Մինսկի խմբի մանդատի մեջ չի մտնում, բայց բանակցային խաղաղ գործընթացը պատերազմով «կտրելը», ինչը 1000 մարդու կյանք արժեցավ (ըստ պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների` 90 տոկոսը Ադրբեջանի կողմից), ինչպես կարող է Մինսկի խումբը չդատապարտել:

1