Պուտին-Ալիև քաղաքական սիրախաղ Սոչիում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Պուտին-Ալիև քաղաքական սիրախաղ Սոչիում

Պուտին-Ալիև քաղաքական սիրախաղ Սոչիում

Դատելով ադրբեջանական լրահոսից՝ հուլիսի 21-ի երեկոյան Սոչիում կայացած Պուտին-Ալիև աշխատանքային հանդիպումն առավել քան հաճելի ու հուզիչ էր։ Բանն այն է երևի, որ այն տեղի է ունեցել տևական ընդմիջումից հետո։ Բնականաբար, Սոչիի հանդիպումը բացի քաղաքական գործոնից, պետք է որ հագեցած լիներ նաև զգացական բաղադրիչով՝ կարոտի զգացումով։ Հանդիպմանը երկու պետությունների առաջին դեմքերը, գրում է ադրրբեջանական apa.az լրատվական գործակալությունը. «ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։ Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նախագահները վստահություն են հայտնել առ այն, որ «բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաև հետագայում», -նշվում է հաղորդագրության մեջ։

Եթե հավատալու լինենք Բաքվի լրատվամիջոցի տեղեկատվության իսկությանը՝ այդ մասին ասվել է հանդիպման ընթացքում։ Թեկուզ, ասենք, ինչու՞ չէ՝ կարելի է և հավատալ, քանզի նման բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ անխուսափելի են նման հուզումնալի զեղումները կամ՝ դիվանագիտական լեզվով ասած՝ պաշտոնական փոխադարձ սիրալիրությունները։ Առավել ևս՝ այդ ջերմագին մթնոլորտն են վկայում Սոչիի հանդիպումը պատկերող լուսանկարները՝ զրույցի մասնակիցների պայծառ, լուսաշող հայացքներով։ Անկախ նրանից՝ որքան սրտաբուխ էր այդ ամենը՝ նախագահների ձեռքսեղմումները, զրուցակիցների դեմքերին թառած ժպիտները, իրար փոխադարձած սիրալիր խոսքերը։

Բայց ահա բանից պարզվում է՝ Սոչիի հանդիպումը նաև խնդրահարույց էր։ Այդ մասին ասել էր անձամբ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, ով սովորաբար աչքի է ընկնում տեղը տեղին կշռադատված, ինչպես ասում են՝ յոթ անգամ չափուձևված ու նոր միայն ասված խոսքով։  Ըստ երևույթին, այս անգամ սեփական խոսքի նկատմամբ Ռուսաստանի նախագահի հաստատուն վերահսկողությունը վրիպում է թույլ տվել, և նա կամա-ակամա բերնից թռցրել էր այդ արտահայտությունը։ Ընդ որում՝ նույն հուլիսի 21-ին, դարձյալ Սոչիում, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից տակավին մեկ ժամ առաջ։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանը, անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը  կայանալիք հանդիպմանը, նրան անվանել է ոչ այլ կերպ, քան՝ պրոբլեմ, թարգմանաբար՝ խնդիր, հիմնախնդիր, խնդրահարույց մարդ։ Երեխաների հետ հանդիպման ավարտին, պատասխանելով ՆՏՎ հեռուստաընկերության հաղորդավարի հումորային ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարող է խնդիր առաջացնել, քանի որ նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, Ռուսաստանի նախագահն ասել է բառացիորեն հետևյալը. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»: Եթե հիշում եք, ավելի վաղ, այս տարվա փետրվարի 6-ին նույն կերպ կամ գրեթե նույն կերպ արտահայտվել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում լրագրողների հետ ասուլիսի ավարտին։ Շնորհակալություն հայտնելով լրագրողներին` նա ասել էր. «Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Իսկ ես հիմա գնում եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է»:

Ալիևի հասցեին Յունկերի չար կատակը կարելի է հասկանալ, քանզի Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը նա պետք էր քննարկեր նաև բավական ցավոտ հարց՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծայր աստիճան անմխիթար վիճակի հետ։ Բնականաբար, հարցի քննարկումը եվրոպացի դիվանագետին առավել քան ծանր զրույց էր խոստանում։ Բանն այն է, որ բրյուսելյան այցի ժամանակ Իլհամ Ալիևը մինչ այդ անակնկալ կերպով չեղյալ էր հայտարարել իր հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նորընտիր ղեկավար Անտոնիո Տայանիի հետ, քանի որ Եվրամիության օրենսդիր մարմնում այդ օրը հատուկ քննարկում էր անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որին ոչ միայն ներկա էին, այլև բանախոսում էին Եվրոպա արտագաղթած ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրագրողները։

Ի դեպ, որքան էլ տարօրինակ թվա, բայց պաշտոնական Բաքուն առ այսօր չի անդրադարձել ու մեկնաբանել ինչպես Ժան-Կլոդ Յունկերի, նույնպես և Վլադիմիր Պուտինի այդ չար կատակները։ Բայց դա իր խնդիրն է։ Մենք փորձենք պարզել ու հասկանալ Ռուսաստանի նախագահի թույլ տված ՙլեզվի թռիչքի՚ դրդապատճառն ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից առաջ։

Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինը երևի թե մի յոթերորդ զգայարանով կանխազգում էր նման մակարդակի հանդիպումների համար սովորաբար անընդունելի և անձամբ իր համար որոշակի տհաճ շեղումներ նախապես փոխպայմանավորված թեմատիկ ընդգրկումներից։ Բանն այն է, որ զրույցի պաշտոնական զեղումների փուլի ավարտից անմիջապես հետո, երբ բանակցող կողմերը կարծես թե սպառել էին փոխադարձ հաճոյախոսությունների ողջ զինանոցը, Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տվել նման պարագաներում ոչ պատշաճ, անթույլատրելի պահվածք՝ փորձելով միջամտել Ռուսաստանի ներքին գործերին։ Ի դեպ, չգիտակցելով ու չկռահելով երևույթի պախարակելի ենթատեքստը, իրողությունը հենց այդպես էլ ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, համաձայն  Բաքվի իշխանության խոսափող haqqin.az լրատվական գործակալության հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը, խոսելով երկու երկրների ռազմավարական գործընկերության դրվածքի, խնդիրների, զարգացման ուղիների և հեռանկարների մասին, զրուցակցի համար անսպասելի խոսք է բացել ռուս-ադրբեջանական հարաբերություններին երրորդ ուժերի կողմից ցուցաբերվող միջամտության, իր իսկ արտահայտությամբ, ՙցավոտ հարցի՚ մասին։ Պարզվում է՝ երրորդ ուժը ոչ այլ ոք է, քան Ռուսաստանում գործող հայկական լոբբին և նրա վերահսկողության տակ գտնվող ռուսաստանյան պետական ու ոչ կառավարական կառույցները, ներառյալ այն անձինք, ովքեր ներկայացված են երկրի պետական մարմիններում  և զբաղվում են հակաադրբեջանական գործունեությամբ։ Ալիևի խոսքով՝ այդ ուժերը, ինչպես նաև որոշ միջազգային շրջանակներ փորձում են վնաս պատճառել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին։ Ադրբեջանի նախագահը, Նաիրի Զարյանի ՙՀացավան՚ վեպից մեզ քաջ հայտնի Յոթծովիմերանի շատախոսության ու բամբասանքի հանգի, սկսել է բողոքել Ռուսաստանի հայերից, ինչպես նաև հայամետ այն ռուսական շրջանակներից, ովքեր, նրա արտահայտությամբ, ոչ կառուցողական դեր են կատարում՝ բացահայտ թշնամական վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի նկատմամբ։ Հայազգի գործիչները, բամբասել է նա, բարձր պետական պաշտոններ զբաղեցնելով Ռուսաստանի քաղաքական հիերարխիայում, պաշտպանում են առավելապես աշխարհի հայության, քան Ռուսաստանի ազգային-պետական շահերը։ Ինչ խոսք, Իլհամ Ալիևի խոսքը ոչ միայն զուտ բամբասանք էր, այլև կշտամբանք՝ ուղղված ռուսաստանցի իր պաշտոնակցին, ասել է թե՝ եղբայր պատվական, ինչու՞ այդքան լայն ճանապարհ ես տալիս հայ հպատակներիդ և, արդյոք, իմա՞ստ ունի նրանց պահել այդ բարձր ու պատասխանատու պաշտոններում։ Իհարկե, իր խոսքում նա անուններ չի թվարկել, այդ թվում չի նշել Ռուսաստանի գլխավոր դիվանագետի՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ծագումով թիֆլիսահայ Քալանթարովի անունը։ Բայց ակնարկը, կարծում եմ,  նրա զրուցակցի՝ Պուտինի համար առավել քան պարզ ու հասկանալի էր։ Բայց նրա իսկ համար անսպասելի՝ Ալիևի խոսքում չուշացավ նաև հասցեականությունը։ Ինչպես դարձյալ haqqin.az գործակալությունն է տեղեկացնում, հանդիպմանն Ադրբեջանի նախագահը նշել է, որ տարակուսանք են հարուցում հատկապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հակաադրբեջանական հայտարարությունները։ Բանն այն է, նշվում է հաղորդագրության մեջ, որ ՙՌուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերջերս հանդես է եկել դիվանագիտական էթիկայից հեռու հայտարարությամբ, որի մեջ փաստորեն մեղադրում է Ադրբեջանին՝ Ռուսաստանի հայկական ծագմամբ քաղաքացիների նկատմամբ խտրականության մեջ՝ արգելելով նրանց մուտքը երկիր։ Տարօրինակ է, որ այդ հայտարարությունը հնչել է նույն այն օրը, երբ խաղաղ ադրբեջանցիներ զոհվեցին զավթված դաշտային Ղարաբաղում գտնվող ադրբեջանական բնակավայրերի թիրախային և զանգվածային գնդակոծության արդյունքում՚։ Ինչպես կռահում եք, խոսքը վերաբերում է հուլիսի 4-ի իրադարձություններին, երբ Արցախի Պաշտպանության բանակի զորամասերը ստիպված էին ոչնչացնել Ալխանլու գյուղում տեղակայված ադրբեջանական ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքները, որոնցից գնդակոծվել են հայկական դիրքերը։ Ի պատասխան՝ հայկական կողմից հաջորդել են համարժեք գործողություններ, որոնց արդյունքում ակամա զոհեր են եղել նաև գյուղի բնակիչների շրջանում։  Երևույթը, ինչպես տեսնում ենք, պաշտոնական Բաքուն սովորականի պես դարձյալ ներկայացրել է միանգամայն գլխիվայր շուռ տված տեսքով։ Բայց, անշուշտ, տվյալ պարագայում, բանն այդ զոհերի մեջ չէ, ինչն Ադրբեջանի իշխանություններին շատ քիչ է հետաքրքրում։ Բանը հայկական ծագմամբ Սերգեյ Լավրովի պաշտոնում մնալ-չմնալու մեջ է։

Այդ համատեքստում Ադրբեջանի նախագահը փորձել է հարցականի տակ դնել նաև ռուսաստանցի մեկ այլ բարձրաստիճան հայ դիվանագետի ճակատագիրը։ Ահա թե ինչ է գրում haqqin.az-ը. ՙՌուսաստանի որոշ շրջանակների հակաադրբեջանական գործունեության կիզակետ դարձան Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանի փորձերը՝ տորպեդահարել ՙՀյուսիս-Հարավ՚ նախագիծը, որը, անձամբ նախագահ Պուտինը պաշտպանել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների անցյալ տարվա օգոստոսյան գագաթնաժողովում՚։

Եվ ի՞նչ, կարող եք հարցնել, ի՞նչ պատասխանեց Ռուսաստանի նախագահն ադրբեջանցի իր գործընկերոջ բամբասանքներին։ Ցավոք, այդ մասին մանրամասներ չկան Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցների կայքերում։ Համենայն դեպս՝ ես չգտա դրանք համացանցում։ Անգամ Ռուսաստանի նախագահականի kremlin.ru պաշտոնական կայքը լռում է այդ մասին՝ բավարարվելով սոսկ հանդիպման թեմայի և զրուցակիցների փոխադարձ սիրալիրությունների արձանագրմամբ։ Ուստի ստիպված եմ հղում կատարել դարձյալ ադրբեջանական էլեկտրոնային կայքերին։ Կողմերը նշել են, հայտնում են այդ լրատվամիջոցները, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին կողքից միջամտելու փորձերը ոչ մի արդյունք չեն բերել ու չեն բերի։ Ահա ընդամենը այսքանը։

Սոչիի առանձնազրույցի ժամանակ, իհարկե, շոշափվել են նաև հարցեր, կապված ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Ռուսաստանից և Ադրբեջանից բնական գազի դեպի Եվրոպա արտահանման խնդրում երկու երկրների մրցակցության, չի բացառվում նաև Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միանալու հավանականության և այլ խնդիրների հետ։ Սակայն այդ մասին լրատվամիջոցները լռում են առայժմ։ Բայց քանի որ, ինչպես ասում են,«մախաթը պարկի մեջ չես թաքցնի» հետևապես համբերություն ունենանք սպասելու, թե երբ մախաթի ծայրը լույսի շողի պես կծիկրակի պարկի միջից։

 Միքայել Հաջյան

1