Պետո Դեմիրճյան. տարածքային զիջումները պետք է բացառվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պետո Դեմիրճյան. տարածքային զիջումները պետք է բացառվեն

Պետո Դեմիրճյան. տարածքային զիջումները պետք է բացառվեն

«Եվրոպայում բազմաթիվ հարթակներում բաց քննարկումներ են ընթանում արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ, ինչը առաջին քայլն է դեպի (ԼՂՀ-ի) ամբողջական ճանաչում»,- Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց Պետո Դեմիրճյանը` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատուն Բրյուսելից: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Պետո Դեմիրճյանն ընդգծեց, որ ցանկացած տարածքային զիջում Ադրբեջանին պետք է բացառվի և որ այդ հարցը քննարկելու փոխարեն պետք է շարունակել զարգացնել և բնակեցնել Արցախի տարածքները:

 

Նշելով, որ Եվրոպայում Հայ Դատի գրասենյակի գործունեության առաջնահերթություններից մեկն է Արցախի միջազգային ճանաչումը՝ այս գործընթացում Պետո Դեմիրճյանը կարևորեց Արցախից Եվրոպա ժամանած պաշտոնական պատվիրակությունների դերը՝ մասնավորապես՝ ապրիլյան պատերազմից հետո Բրյուսել է այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը` Ազգային ժողովի անդամների և ԱԳ նախարարի մասնակցությամբ, այցելել է նաև ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը:

 

«Բոլոր այս այցերի ժամանակ Արցախից ժամանած պատվիրակությունների անդամները հանդիպել են իրենց գործընկերներին Եվրոպական խորհրդարանում, ինչպես նաև Բելգիայի խորհրդարանում` ներկայացնելով Ստեփանակերտում և սահմանամերձ բնակավայրերում առկա իրավիճակը: Նրանք նաև պայմանագրեր են ստորագրել կրթության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ», -ասաց Դեմիրճյանը` միառժամանակ կարևորելով նաև եվրոպացիների այցերը Արցախ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ռազմավարություն մենք պետք է որդեգրել հայության երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու համար՝ Պետո Դեմիրճյանն ասաց. «Թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում մեր անվտանգության ապահովման հարցը կախված է միմիայն մեզնից: Այս առումով ապրիլյան պատերազմից հետո քանակական և որակական փոփոխությունները Արցախի սահմանների երկայնքով շատ կարևոր են: Մենք պետք է դաս քաղենք և չկրկնենք անցյալի սխալները… Կարծում եմ՝ սեպտեմբեր ամսին Իսկանդեր հրթիռների հրապարակային ցուցադրումը ուժեղ ազդակ էր, որն ի ցույց դրեց մեր պատասխան հարված հասցնելու կարողությունները կահամարտությանը վերսկսման պարագայում»:

 

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը դժգոհ է հակամարտության կարգավորման ներկա իրավիճակից, ինչի մասին վկայում է Ալիևի հրապարակային հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի վրա ճնշում են գործադրում Արցախի անկախությունը ճանաչելու համար:

 

Ինչ վերաբերում է տարածքների հարցին, ապա Դեմիրճյանը դեմ արտահայտվեց այդ հարցի շահարկմանը` ասելով, որ ցանկացած տարածքային զիջում պետք է բացառվի և որ այդ հարցը պետք է ընդհանրապես հանվի օրակարգից:

 

«Տարածքային զիջումների հարցը պետք է բացառվի: Մենք պետք է փոխենք այս խնդրի շուրջ մեր մոտեցումը և վերջ դնենք այն պարտվողական կեցվածքին, որը մենք ինքներս ենք որդեգրել: Մենք հաղթել ենք պատերազմը, որը մեզ պարտադրվել էր Ադրբեջանի կողմից, բայց դեռևս քննարկում ենք երևակայական զիջումների հարցը: Դրա փոխարեն մենք պետք է քննարկենք և իրականացնենք այնպիսի քաղաքականություն, որը կդարձնի այդ տարածքներն ավելի կենսունակ, մենք պետք է շարունակենք աշխատանքները այդ ուղղությամբ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ պետք է ավելի շատ աշխատանք տարվի պետության ժողովրդավարացման ուղղությամբ:

 

Ինչ վերաբերում է արտաքին դերակատարներին, ապա ըստ Դեմիրճյանի՝ կարևոր է, որ միջազգային հանրությունը՝ մասնավորապես Մինսկի խումբը, ստիպի Ադրբեջանին հարգել Վիեննայում նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունները:

Խոսելով ապրիլյան պատերազմի ժամանակ Եվրոպայի կրավորական կեցվածքի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Եվրոպայից ունեցած մեր սպասելիքների մասին՝ Պետո Դեմիրճյանը նշեց, որ Եվրոպան միակ խաղացողը չէ այս տարածաշրջանում և որ այն մեծ դեր չի կարող ունենալ Ադրբեջանի նոր հնարավոր ագրեսիայի կանխման հարցում:

«Եվրոպան շատ բան չի կարող անել, նա չունի ոչ բանակ, ոչ էլ ռազմական միջամտություն անելու կարողություն -դրա համար մանդատ էլ չունի: Բայց Եվրոպան կարող է խաղալ իր դերը՝ տեղի չտալով խավիարային դիվանագիտությանն ու քարոզչությանը և հավատարիմ մնալով իր իսկ ընդունած բանաձևերին, արժեքներին և ինստիտուտներին… Մենք ոչ մի ռազմական միջամտություն չպետք է սպասենք Եվրոպայից, Եվրոպան կարող է միայն գործի դնել իր փափուկ ուժը և հետևել, որ երկու կողմերը՝ մասնավորապես Ադրբեջանը, պահպանեն միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները»,- իր խոսքը եզրափակեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակության հետ կապի պատասխանատուն:

 

Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի

1