Պետո Դեմիրճյան. Չպետք է թույլ տալ, որ ԵԽԽՎ-ն դառնա ալիեւների պատանդը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Պետո Դեմիրճյան. Չպետք է թույլ տալ, որ ԵԽԽՎ-ն դառնա ալիեւների պատանդը

Պետո Դեմիրճյան. Չպետք է թույլ տալ, որ ԵԽԽՎ-ն դառնա ալիեւների պատանդը

Aparaj.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ, ով պատասխանել է ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք երկու հակահայկական զեկույցների շուրջ մեր թղթակցի հարցերին:

 

 

ԵԽԽՎի ձմեռային նստաշրջանում հակահայկական երկու զեկույցներ կքննարկվեն. ի՞նչ աշխատանքներ է տանում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն այս զեկույցների ընդունումը կասեցնելու համար: 

 

 

— ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախումբն առաջին իսկ օրից արդեն լծվել է  աշխատանքի: Հանձնախումբը կապ է հաստատել ԵԽԽՎ-ի նախագահի եւ յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ միաժամանակ նաեւ զորաշարժի ենթարկելով Եւրոպայի տարածքում գտնվող Հայ Դատի հանձնախմբերին եւ համայնքներին, որպեսզի նրանք էլ իրենց երկրներում  աշխատանքներ տանեն, բացահայտեն երկու զեկույցների իսկությունը եւ նրանց հետին նպատակը: Նախաձեռնել ենք նաեւ առցանց ստորագրահավաք՝ www.change.org-ի միջոցով, որի տակ արդեն շուրջ վեց հազար անհատներ իրենց ընվզումն են արտահայտել  նշյալ երկու բանաձեւերի դեմ: Հանդիպումները եւ աշխատանքները շարունակվելու են մինչեւ վերջին վայրկյանը: Պե’տք է, որ այս երկու բանաձեւները ձախողվեն:

 

Նման բանաձեւերի ընդունումը որքանո՞վ կարող է վտանգել բանակցային գործընթացը:

 

— Նման բանաձեւներն ամբողջովին վնասում են  բանակցային գործընթացը. մի բան, որ արդեն նշում ենք պատգամավորների հետ մեր հանդիպումների ընթացքում: Առաջին իսկ օրից Մինսկի խմբի համանախագահները, արտաքին գործերի նախարարներն անձնապես եւ միասին նշեցին եւ քննադատեցին այս բանաձեւները: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերին  տեղի ունեցած հանդիպման ընթացքում  եւս մեկ անգամ  հաստատվեց, որ միակ բանակցային գործընթացը Մինսկի խմբի միջոցով է:

Ինչպես միշտ, այս անգամ եւս, Ադրբեջանը փորձում է խանգարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը:

 

 

Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու է ԵԺԿ ղեկավար Պեդրո Ագրամունտը, ով համարվում է Ադրբեջանի ամենաակտիվ լոբբիստներից մեկը։ Ինչքանո՞վ դա կարող է խոչընդոտել հայկական պատվիրակության աշխատանքներին:

 

 

— Այո, նա ծանոթ է որպես  խավիարային դիվանագիտության առաջատարներից մեկը: Նա, որպես այդպիսին, բազմիցս նշված է  մարդու իրավունքների եւրոպական զանազան կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ՝ քաղաքական, դիվանագիտական թափանցիկության կողմնակից շրջանակների կողմից: Նա, հավանաբար, փորձելու է շարունակել ներկայիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի գործը եւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ հատուկ ադրբեջանամետ նախաձեռնություններ անել:

Դյուրին չի լինելու նրա հետ աշխատելը , սակայն պատրաստ պետք է լինենք հակադարձելու եւ ինչու՞ չէ՝ նախաձեռնելու, որ հավասարակշռենք նրա անելիք քայլերը:

 

 

— Ի՞նչ դիվանագիտական գործիքներ պետք է կիրառել ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը հակադարձելու համար

 

 

— Վստահ ենք, որ ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները պետք եղած աշխատանքները կտանեն եւ պիտի տանեն՝ թույլ չտալու համար, որ ԵԽԽՎ-ն դառնա ալիեւների պատանդը: Ըստ մեզ՝ բոյկոտի եթարկել պետք չէ նման կառույցները. մի բան, որն Ադրբեջանը շատ հաճախ անում է՝ իր իսկ դեմ դարձնելով այս կառույցներին: Պետք է լինել աչքաբաց, հավելյալ լրջությամբ մոտենալ այս կառույցների աշխատանքին եւ անշուշտ՝ լինել ավելի աշխույժ:

1