Պետոն մեզ հետ չէ արդեն 19 տարի. նա մնում է լեգենդ ու հայրենասիրության խորհրդանիշ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Պետոն մեզ հետ չէ արդեն 19 տարի. նա մնում է լեգենդ ու հայրենասիրության խորհրդանիշ

Պետոն մեզ հետ չէ արդեն 19 տարի. նա մնում է լեգենդ ու հայրենասիրության խորհրդանիշ

Հպարտություն ներշնչող հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած էին կամավորական ջոկատները: Նման ջոկատներից մեկի կազմում ընդգրկվելով՝ Պռոշյան ավանից Արցախ հասավ Պետրոս Ղեւոնդյանը: Հետո հասկացավ, որ “այնտեղ, եվրոպաներում, թե ինչ է կատարվում մեր գործը չէ, մենք մինչեւ վերջ կռվելու ենք”: Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարը գնաց մինչեւ վերջ:

 

 

 

Այսօր լրանում է 19 տարին, ինչ մեզ հետ չէ Պետոն:

 

 

 

Մարտական ընկերները տարիներ անց էլ միասին են, դարձյալ եկել են իրենց հրամանատարին այցի: Պետոյի շիրիմն ուխտատեղի է:
 
Ո՞վ էր Պետոն. սովորական, թե անսովոր մի երիտասարդ, որ Պռոշյան ավանից հասել էր Արցախ ու հայրենիքի ամեն կտորի համար կյանքի ու մահվան կռիվ էր տալիս: Փոքրամարմին, բայց մեծ ոգով, ուժեղ կամքով ու հզոր նկարագրով. այսպիսին են հիշում պռոշյանցի Պետոյին ընկերները, որ ամեն տարի փետրվարի 14-ին հավաքվում են այստեղ: 1994-ի այս օրն էր, որ Սրխավենդի բարձունքում վիրավոր զինվորին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ Շուշիի առանձնակի մոտոհրաձգային գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանը զոհվեց հակառակորդի ականի պայթյունից:
 
 
 
 
Նրա ճանապարհն արցախյան մարտադաշտերում սկսվում է դեռ ազատամարտի առաջին օրերին: Այդ ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններից կամավորական խմբեր էին հավաքվում, որոնց դաշնակցության ջոկատներ էին կոչում։ Հետո արդեն այդ տղաները` Շուշիի ազատագրման ժամանակ մեկտեղվել էին նույն դրոշի ներքո։ Զորամասը վերանվանվում է “Շուշիի առանձնակի գումարտակ” ու ներառվում ԼՂՀ նոր ձեւավորված զինված ուժերի կազմում։
 
 
 
 
 
Փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանը տղաների ոգին ամուր էր պահում: Պետոն ոչ միայն մշակում է Օմարի լեռնանցքի ազատագրման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացնում այն:
 
 
 
 
 
“Ինքը մեզ համար միշտ մնում է մեծ, մեզ համար մնում է հրամանատար: Իր ապրած կյանքով դաս տվեց մեզ, որ մեր ապրած յուրաքանչյուր օրը ապրենք ազնիվ, շիտակ` նվիրված մեր հայրենիքին”,- ասաց մարտական ընկեր Տարոն Տոնոյանը։ 
 
 
 
 
 
Ասում են` պատերազմ տեսած մարդը կոպիտ ու դաժան է դառնում. պատերազմի բովով անցած Պետոյի ընկերները համաձայն չեն:
 
“Իրականում չարությունն ավելի շատ է այստեղ, քան այնտեղ: Էնտեղ էնքան բարություն կար, առնվազն մի 50 մարդ եմ ճանաչում, որ պատրաստ էին կրծքով ինձ պաշտպանել: Դրանից ավելի բարություն: Նրանց նախկինում չեմ էլ ճանաչել”,- ասում է մարտական ընկեր Արթուր Մելոյանը։ 
 
 
 
 
Պետոն իսկական ընկեր էր, քաջ մարտիկ ու հրամանատար: Ժամանակը երբեք չէր հերիքում. նա այնքան բան էր ուզում հասցնել: Միշտ առաջին շարքում էր` դպրոցում, ըմբշամարտի մրցումներին, մարտի դաշտում` թշնամու առաջ: Այն ժամանակ էլ, հիմա էլ ընկերների համար Պետոն իրական լեգենդ է, հայրենասիրության խորհրդանիշ:
 
 
 
Երկիրմեդիա
 
 
 

1