Պարենք հայերեն, խոսենք հայերեն եւ ապրենք հայորեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Պարենք հայերեն, խոսենք հայերեն եւ ապրենք հայորեն

Պարենք հայերեն, խոսենք հայերեն եւ ապրենք հայորեն

<<Պարենք հայերեն>>  երիտասարդական նախաձեռնությունը հուլիսի 6-8 կրկին Արցախում էր:  Երիտասարդական նախաձեռնությունը 2011 թվականից շրջում է Հայաստանի եւ Արցախի մի շարք գյուղերով եւ քաղաքներով եւ ազգային ավանդական պարեր ուսուցանում:Սա մի խումբ երիտասարդների ` “Կարին” ավանդական երգի պարի համույթի  սիրողական խմբի անդամների նախաձեռնությունն է:

 

25-30 հոգուց բաղկացած նախաձեռնությունը ինքնաֆինանսավորվող նախաձեռնություն է, յուրաքանչյուրը իր ներդրումն է կատարում եւ կազմակերպվում  միջոցառումներ: Արցախ կատարած այցի շրջանակներում նրանց Ստեփանակերտում եւ Շուշիում օժանդակել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը`  տրամադրելով տեխնիկա, իսկ Գանձասարում նրանց կազմակերպչական հարցերով օժանդակել է  Գանձասարի քահանա Տեր Գրիգորը:

 

«Ամեն ամսվա վերջին  ուրբաթ օրը, “Կարին” պարի համույթը կազմակերպում է “Մեր պարերը եւ մենք” միջոցառումը, որի ընթացքում սովորեցնում ենք  մեր ազգային պարերը: Որոշեցինք ավելի հաճախ հավաքվել եւ տարբեր տեղեր պարել ու սովորեցնել պարել`  սկզբում Երեւանում հետո նաեւ մարզերում, սահամանամերձ մի քանի գյուղերում, եղել ենք նաեւ Արցախի Շահումյանի շրջանում>>,- նշեց նախաձեռնության անդամ Վարդուհի Բուչախչյանը:

 

Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի քույրը`  Արմինե Ստեփանյանը, դստեր` Անահիտի  հետ նախաձեռնության անդամ է: Արմինե Ստեփանյանը Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է, առաջին անգամ հաճախեց ազգային պարի դասընթացների իր աշակերտուհու հրավերով:

 

«Ես իմ խոսքը ե’ւ պարով եմ ասում  ե’ւ հայերեն խոսելով, եւ ունեմ բանաձեւ` <<Պարենք հայերեն, խոսենք հայերեն եւ ապրենք հայորեն>>: Ես չէի պատկերացնում, որ 1992-ին իջեցրած թեւերս նորից բարձրացնեմ  ու պարեմ, ես իմ վերջին պարը պարել եմ Վարդանի հետ: Առաջին անգամ երբ  գնացի Նարեկացի արվեստի կենտրոն, լսելով զուռնայի ձայնը, հոգիս տակնուվրա եղավ, զգացի ազգային պարի էներգետիկան, հզորությունը, հասկացա, որ պետք է պարեմ, եթե չպարեմ սխալ կլինի:  Վարդանի մահից հետո առաջին անգամ էր, թեւերս բարձրացրի ու պարեցի երիտասարդների հետ: Այսօր այս հրաշալի երիտասարդների հետ մտածում ենք ազգային մշակույթը տարածելու մասին: Գագիկ Գինոսյանը սկսեց այս գործը ու այսօրվա այս երիտասարդները շարունակում են  այն նրա հետ: ՈՒրախ եմ, որ այսօրվա պատանին, երիտասարդը հնարավորություն ունի սովորելու ազգային պարը, ես դրա հնարավորությունը ունեցա միայն 45 տարեկանում: Պարում ենք ընտանիքով, եղբորս ընտանիքով, երեխաներով, տղաս ծառայում է հայոց բանակում եւ նա էլ է ողջունում մեր այս  նախաձեռնությունը: Արցախը իմ համար սուրբ հող է, ես այստեղ շատ թանկ բան ունեմ թողած, երկու օր է արցունքներս երիտասարդներից  թաքցնելով պարում եմ: Ես հարգում եմ բոլոր ազգերի մշակույթը, բայց դրանով հանդերձ եթե չհարգեմ իմ մշակույթը, չճանաչեմ այն,  ուրիշներինն էլ չեմ ընկալի>>,-ասաց Անահիտ Ստեփանյանը:

 

Հիշեցնենք, որ «Կարին» ազգային երգի պարի խումբը ստեղծվել է 2001 թվականին Գագիկ Գինոսյանի շնորհիվ, խմբի շնորհիվ բազում հայ երիտասարդներ ինչու չէ նաեւ տարեց մարդիկ սովորեցին, ճանաչեցին ազգային պարը, իմացան դրանց արմատների, պատմության մասին: Այսօր հպարտորեն կարելի է նշել, որ ազգային պարը նորից արդիական է դարձել ի շնորհիվ նաեւ «Կարին» ազգային երգի պարի խմբի:

 

Արմինե Նարինյան

1