ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Արցախի բնակչությունը` ըստ ԼՂՀ վիճակագրության վարչության տվյալների, 2013թ. հունվարի 1-ին կազմել է 146,6 հազար մարդ: Ներկայումս այն դեռ չի հատել 150 հազարի սահմանագիծը: Արցախի բնակչության թիվը դանդաղորեն աճում է, բայց փաստ է, որ ԼՂՀ-ում արտագաղթը շարունակվում է, գյուղական բնակչությունը նվազում է, իսկ պետությունը համապատասխան միջոցառումների ձեռնարկումն ուշացնում է…

 

Իսկ ինչպե՞ս են սնվում ԼՂՀ բնակիչները: Հարցն այնքան էլ հասարակ չէ, եթե անգամ այն քննարկելու լինենք նեղ` ընտանեկան տեսանկյունից, միաժամանակ հասարակական, առավել եւս` ազգային-պետական տեսանկյունից` շատ բարդ է: Այն առնչություն ունի բազմաթիվ ոլորտների հետ, մասնավորապես` առողջապահության, կրթության, հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, ազգային անվտանգության, իսկ վերջին հաշվով` նաեւ ազգապահպանության (հայության արցախյան հատվածի գենաֆոնդի պահպանման):

 

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի` Հայաստանում աղքատ է բնակչության 32,4 տոկոսը, նրանցից 13,5 տոկոսը շատ աղքատ է, իսկ 2,8 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ: Աղքատության հաղթահարման համար, ըստ ԱՎԾ-ի հաշվարկների, Հայաստանին անհրաժեշտ է 69,4 միլիարդ դրամ (մոտ 17,1 միլիոն դոլար) կամ ՀՆԱ-ի 1,7 տոկոսը կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների:

 

Աղքատության վերաբերյալ ԼՂՀ-ում վիճակագրական տվյալներ չկան (համենայն դեպս, չեն հրապարակվում), բայց դժվար չէ կռահել, որ նույն տխուր պատկերն է մեզ մոտ (մի քիչ ավել, մի քիչ պակաս):

 

Ընդհանրապես, միջազգային մարդասիրական նորմերի համաձայն` աղքատ են համարվում այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում սննդի համար ծախսում են մեկ եվրոյից պակաս գումար: Հաշվարկներ կատարելիս հաշվի են առնում հիմնականում լայն տարածված սննդի այն տեսականիները, որոնք անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, միկրոէլեմենտներ եւ վիտամիներ են պարունակում՝ օրգանիզմի նորմալ կենսաապահովման համար: Մարդը երկար ժամանակ կարող է դիմանալ առանց ածխաջրերի եւ ճարպերի, բայց սննդի մեջ սպիտակուցների բացակայությունը հանգեցնում է ծանր հիվանդությունների: Հատկապես երեխաներն են զգայուն սպիտակուցների նկատմամբ: Սպիտակուցներ պարունակում են կաթնաշոռը, պանիրը, միսը, ձուկը եւ այնպիսի սննդամթերքներ, որոնք ամիսներով աղքատ ընտանիքներում չեն օգտագործվում, իսկ հետեւանքները… Ո՞վ պիտի մտածի հետեւանքների մասին:

 

ԼՂՀ-ում իշխում է այն տեսակետը, թե իբր կապիտալիստական հասարակությունում պետությունը վերոհիշյալ հարցում չեզոք դիրք պետք է գրավի կամ լավագույն դեպքում` օժանդակի, որ իր քաղաքացիները նորմալ սնվեն: Դա բացարձակ մոլորություն է եւ ներկա տխուր իրավիճակի արդարացման անհաջող փորձ: Պետությունը (անկախ պետականության ձեւից եւ կարգից), ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի, արձանագրությունների եւ հռչակագրերի, մասնավորապես` ըստ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 25-րդ հոդվածի, պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել այնպիսի կենսամակարդակ, ներառյալ` սննդի, հագուստի, բնակարանի, առողջապահության, սոցիալական ապահովության, որոնք անհրաժեշտ են քաղաքացու եւ նրա ընտանիքի առողջության եւ բարեկեցության պահպանման համար: Նշված հռչակագրին ԼՂՀ-ն առաջինն է միացել տարածաշրջանում:

 

Լավ, հաշվենք, թե ԼՂՀ-ն միջազգային ոչ մի պարտավորություն էլ չի ստանձնել եւ չի միացել ոչ մի հռչակագրի, մանավանդ, որ միջազգայնորեն չճանաչված պետություն է, բա ինչի՞ համար էին 1988-ի ազգային-ազատագրական շարժումը, պատերազմը եւ հաղթանակը: Մի՞թե պայքարել ու պատերազմել ենք, որ այսօր արցախցիների մի ստվար հատվածը աղքատ ապրի: Հիշենք` պատերազմից հետո ԼՂՀ պետական բյուջեն հազիվ կազմում էր 9 միլիարդ դրամ, իսկ այժմ մոտեցել է 80 միլիարդի սահմանին, իսկ բնակչության կյանքի որակը էականորեն չի փոխվել: Ընդամենը` հարուստներն էլ ավելի են հարստացել, աղքատները` աղքատացել:

 

Իհարկե, հասարակական կյանքում դրական փոփոխություններ կատարվել եւ կատարվում են, բայց ավելի շատ այն տեղի է ունենում հասարակության ինքնավերարտադրման շնորհիվ: Պետության պասիվ դերակատարությունը հասարակության համակողմանի զարգացման եւ վերարտադրության գործընթացում հասել է աղետալի աստիճանի:

 

Արցախն ունենալով Ադրբեջանի պես հարեւան, չունենալով ռազմական եւ արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգեր, գոնե պետք է ունենա գիտականորեն հիմնավորված տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր: Անտարակույս, այդ ծրագրի մաս պիտի կազմի պետության պարենային ապահովության եւ պարենային անվտանգության ծրագիրը:

 

Մեր կողմից առաջարկվող ծրագրի էությունը կայանում է հետեւյալում. պետությունը, հանձին կառավարության համապատասխան նախարարության, պետք է նպաստի եւ օժանդակի տեղական սննդամթերքներ (բուսական եւ կենդանական ծագում ունեցող) արտադրող սուբյեկտներին, որպեսզի արտադրվեն այնքան քանակությամբ սննդամթերքներ, որ ամբողջությամբ բավարարեն ազգաբնակչության եւ բանակի պահանջները, ինչպես նաեւ` պահեստավորվի հնարավոր արտակարգ իրավիճակների, աղետների եւ պատերազմի ժամանակ: Գիտականորեն ապացուցված է, որ տվյալ վայրի հողով եւ ջրով աճեցրած սննդամթերքների բիոէներգետիկ դաշտն ապահովում է տեղաբնիկների եւ հայրենի բնության ներդաշնակությունը, որի շնորհիվ գործում է ազգաբնակչության գենետիկ հիշողությունը, նպաստում իմունային եւ մյուս համակարգերի ակտիվ գործունեությանը: Արդյունքում՝ մարդիկ լինում են առողջ եւ կենսունակ: Նախկինում, արցախացիների երկարակեցությունը հենց պայմանավորված էր վերը նշված հանգամանքներով:

 

Ներկայումս էլ Արցախի հողը, ջուրը եւ բնակլիմայական պայմաններն այնքան նպաստավոր են, որ տեղում արտադրվող տասնյակ տեսակի որակյալ գյուղմթերքներով կարելի է ապահովել ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ ազգաբնակչության կենսական պահանջները:

 

Իմ կարծիքով՝ սննդամթերքների այն տեսականինները, որոնք ունեն ռազմավարական նշանակություն (այն պետք է սահմանի ԼՂՀ կառավարությունը), պետք է դառնան պետական մենաշնորհային արտադրության մաս: Կարեւոր խնդիր է նաեւ արտադրված կամ ներմուծված սննդամթերքները մատչելի գներով (կամ այլ տարբերակով) բնակչությանը հասանելի դարձնելու պետության միջամտությունը եւ համապատասխան պետական մարմինների պատասխանատվությունը:

 

Պարենային ծրագրի իրագործումը հնարավոր է միայն պետության անմիջական մասնակցությամբ: Առանց վերականգնելու պետական գյուղացիական տնտեսությունները, անհնար է պլանավորել, արտադրել հասարակությանն անհրաժեշտ որակյալ ու մատչելի գներով սննդամթերքներ, կարգավորել մոնոպոլացվող արտադրանքների գները եւ կատարել սննդամթերքի անհրաժեշտ քանակության պահեստավորումը:

 

Պարենային ծրագրի անհրաժեշտության մասին է վկայում վերջին տարիներին մի շարք սննդամթերքների` մսի, ձկան, ձեթի, հալած յուղի, որոշ մրգատեսակների գների կատաղի աճը:

 

Պետության հոգածության նյութ պիտի դառնա Թուրքիայից, Իրանից, արաբական երկրներից ներմուծվող կասկածելի ու անորակ սննդամթերքի առկայությունը: ԼՂՀ-ում չկան ներմուծվող ապրանքների (մասնավորապես` սննդամթերքի) որակը եւ պիտանելիությունը ստուգելու համար համապատասխան մասնագետներ ու ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա: Եղածներն ավելի շատ ցուցադրության համար են: Պարզապես ԼՂՀ ազգաբնակչության առողջությունը թողնված է Թուրքիայից, Իրանից եւ Երեւանի տարբեր տոնավաճառներից ներմուծման հարցերով զբաղվող մի խումբ ձեռներեցների քմահաճույքին:

 

Պարենային ծրագրի իրագործման համար լավ նախադրյալներ կարող են ստեղծվել Արաքսի հովտում: Այնտեղից այս տարի ստացվել է Արցախում նախադեպը չունեցած լոլիկի մեծ քանակությամբ բերք, որը հիմնականում օգտագործվել է տոմատի մածուկի արտադրության համար: Նախատեսվում է եկող տարի ավելացնել ցանքատարածությունները եւ աճեցնել սմբուկ, պղպեղ եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաներ: Իհակե, Արաքսի հովտի վերաբնակեցումը եւ հողերի իրացումը ոչ միայն խրախուսելի է, այլ նաեւ ընդօրինակելի: Սակայն հարց է ծագում` Արաքսի հովտում աճեցրած բանջարեղենը թարմ վիճակում ինչքա՞ն է հասանելի լինելու ստեփանակերտցիներին եւ մյուս քաղաքաբնակներին:

 

Հայտնի է, որ իրագործվող ծրագրի համաձայն, հետագայում էլ աճեցված բանջարեղենը ամբողջությամբ գործարանային մշակման է ենթարկվելու ու, որպես պահածո, վաճառվելու է խանութներում եւ արտահանվելու է: Բոլորին է հայտնի, որ պահածոն չի կարող փոխարինել թարմ բանջարեղենին: Իսկ բիզնեսն էլ իր կանոններն ունի: Բիզնեսը` բիզնես, բայց, վերջին հաշվով հիմնախնդիրը մնալու է չլուծված. շարունակվելու են ՀՀ-ից եւ այլ երկրներից Արցախ ներմուծել հերբիցիդներով, այլ վնասակար նյութերով գերհագեցված բանջարաբոստանային կուլտուրաներ եւ դեղամիջոցներով հասունացված մրգեղեն, որոնց գները ամենաբարձրն են տարածաշրջանում: 

 

Բանջարաբոստանային կուլտուրաներից ու մրգեղենից անցնենք կաթնամթերքին, ձկնեղենին եւ մսամթերքին: Չվիրավորելով բուսակերներին, գրենք, որ առանց դիտարկվող սննդամթերքի մարդու սնունդը չի կարող լիարժեք լինել: Մարդու օրգանիզմի բնականոն աճի եւ զարգացման համար դրանք խիստ անհրաժեշտ են:

 

Կաթնամթեքի մասին գրելիս չենք կարող չանդրադառնալ օտար երկրներից ներմուծված տոհմային կովերի, ավելի ճիշտ` հերինջների մասին: Թե ինչքանով է արդարացված «օտարազգի» կովերի ներմուծումը, դա զուտ մասնագիտական հարց է, բայց փաստը այն է, որ Արցախում կաթի արտադրությունը շեշտակի չի աճել եւ կաթնամթերքի գինը չի նվազել, դեռ ավելին` կարագի եւ պանրի գներն աճել են:

 

Մսամթերքի մասին կարող ենք հպարտորեն գրել, որ դրանց գները համապատասխանում են եվրոպական միջինացված գներին, հետո ի՞նչ, որ մեր նվազագույն աշխատավարձը` 50 հազար դրամը, 15 անգամ փոքր է այնտեղ սահմանված նվազագույն աշխատավարձից` 1500 եվրոյից:

 

Ինչպես տեղեկանում ենք լրատվամիջոցներից, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթն է դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո Արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ 7 տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ 30 տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը կդառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:

 

Ի՞նչ խոսք, նման ծրագրի իրագործումը խրախուսելի է, բացվելու են նոր աշխատատեղեր եւ այլն: Այն կարող է նաեւ հակակշիռ լինել մեր հարեւան երկրի կողմից իրականացվող «խավիարային դիվանագիտությանը»: Կատակը մի կողմ, բայց այդպես էլ չի լուծվելու արցախցիներին այնքան անհրաժեշտ թարմ ձկով, մատչելի գներով ապահովելու պետության խնդիրը:

 

Պարենային ծրագիրը պատկերավոր ձեւով եթե ներկայացնելու լինենք, այն կարելի է նմանեցնել բանակում զինվորականներին հատկացվող սննդակարգի պլանավորմանը եւ տրմանը: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ պետությունը վերածում ենք ռազմականացված երկրի (թեեւ միամտություն է ռազմական դրություն պայմաններում լիբերալ տնտեսվարումը): Ուղղակի մեր նպատակն է բարձրացնել պետության դերն իր սեփական ժողովրդի նկատմամբ հոգածություն խնդրում, այն ժողովրդի, որ իր ուսերի վրա է կրել պատերազմի, բռնատեղահանությունների, արտագաղթի ամբողջ ծանրությունը եւ պաշտպանել ազգի պատիվը: Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ: 

 

                               

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ                    

1