Պատվո պահակություն Արամ Մանուկյանի տան շեմին  
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պատվո պահակություն Արամ Մանուկյանի տան շեմին  

Պատվո պահակություն Արամ Մանուկյանի տան շեմին  

Մայիսի 28-ին նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձը։ Հանրապետության կայացման տոնը նշվել է մեծ շուքով ու պաթոսով՝ այստեղ-այնտեղ: Իսկ «մոռացված ու լքված» Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի ոչ պակաս մոռացված տունը Երեւանի կենտրոնում հյուրընկալել է միայն մի քանի հոգու՝ դաշնակցական Լեւոն Հայրիյանին ու նրա սակավաթիվ ընկերներին:

«Հայ ազգի համար անկախությունը դեռեւս միս ու արյուն չի դարձել: Եվ որպես վկայություն՝ Արամ Մանուկյանի տունը: Արամն արժանի է նրան, որ հայկական երկու հանրապետությունների կենտրոնական փողոցները վերանվանվեն իր անունով: Մեզանում Արամի անունը սրբություն պիտի լինի,- ասում է Լեւոն Հայրիյանը եւ շարունակում, — անկախությունից վեր` Աստված ոչ մի պարգեւ չունի, սակայն մեր ազգը ըստ արժանվույն չի գնահատում այդ պարգեւը: Հաջորդ տարի լրանում է անկախության 100-ամյակը, սակայն տոնի կազմակերպման հարցում չի նկատվում որեւէ քաղաքական ուժի կամ կազմակերպության ուշադրությունը: Ցեղասպանության հարյուրամյակից 10 տարի առաջ արդեն հանձնաժողովներ էին ստեղծվում` օրը հիշելու համար: Ի՞նչ է, անկախության տոնը մեր ազգին չի՞ վերաբերում»:

Լեւոն Հայրիյանը նշում է, որ իր համար անկախությունից վեր բան չկա, Արամից վեր մարդ չկա: «Թող անկախությունը կերտողների իղձերը Աստված կատարի: Իսկ մենք հիշենք այն մարդկանց, որոնք անկախության կառուցման պատին մի քար, ավազի հատիկ են դրել, եւ անկախությունը լիարժեք վայելենք: Չկա ավելի սուրբ ու քաղցր բան, քան ազգի անկախությունը»,- ասում է Լ.Հայրիյանը:

Ինքն իրեն պատվո պահակ նշանակելով` Լեւոն Հայրիյանը մի քանի տարի է, ինչ Մայիսի 28-ն անցկացնում է Արամ Մանուկյանի ապրած տանը: Մաքրում է մոլախոտերով պատված տունը, փոխում նախորդ տարում իր ձեռքով դրված ծաղիկները, դնում թարմը՝ հույս ունենալով, որ ուրիշները նույնպես Արամի համար ծաղիկներ կբերեն:

Լուսինե Թեւոսյան

1