Պատմական իրադարձությունների կիզակետում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Պատմական իրադարձությունների կիզակետում

Պատմական իրադարձությունների կիզակետում

ՌԴ կոմունիստ պատգամավորների առաջարկը 1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկման վերաբերյալ` Հայաստանում որոշակի իրարանցում առաջացրեց՝ կիսելով կարծիքները երկու մասի: Քաղաքական և վերլուծական շրջանակների մի մասը, որոնք Հայաստանը դիտարկում են որպես ռուսական քաղաքական հետաքրքրությունների անբաժան մաս, սա ներկայացնում են «ճոխ գույներով» և համարում՝ «մեծ եղբոր» հոգատարություն  «կրտսեր եղբոր» նկատմամբ: Մյուս մասը, ովքեր  իրենց համարում են «արևմտյան արժեքների կրողներ» և թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական մակարդակով սերտորեն կապված են Արևմուտքի հետ, այս գործընթացը դիտարկում են բացառապես բացասական տեսանկյունից՝ փորձելով ժողովրդի մեջ ահ ու սարսափ տարածել, որ Ռուսաստանը պարզապես օգտագործում է մեզ՝ փորձելով ներքաշել Թուրքիայի հետ պատերազմի մեջ իր շահերը սպասարկելու համար: Սակայն, թերևս, շատ քիչ են կամ չկան տեսակետներ, որոնք այս ամենը դիտարկեն զուտ Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների տեսանկյունից:

 

Այն, որ ներկայումս տեղի են ունենում որոշ պատմական իրադարձություններ, ոչ ոք չի կարող ժխտել: Մեզ անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում, այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք անխուսափելիորեն իրենց հետքերը թողնելու են, հավանաբար, ընդհուպ մինչև նոր սահմանների գծում և նոր պետությունների ձևավորում: Հայաստանն էլ անխուսափելիորեն կապված է տեղի ունեցող գործընթացների հետ:

 

Ինչ վերաբերում է ռուս պատգամավորների նախաձեռնությանը, ապա այն պետք է մանրակրկիտ և սառնասրտորեն դիտարկել: Նախ` չի բացառվում, որ ՌԴ-ն այդ քայլով ցանկանում է ճնշման ենթարկել Թուրքիային՝ ցույց տալով իր բոլոր գործիքները, այդ թվում նաև՝ Հայկական հարցը: Պատահականություն չէ նաև այն, որ Ռուսաստանն իր հարավային շրջաններում տեղակայված զորամիավորումներում զորավարժանքներ և ստուգումներ է սկսել հենց նախաձեռնությանը զուգահեռ: Նշենք, որ Պետդումայի մեկ այլ նախաձեռնություն էլ էր առաջ քաշվել վերջերս` Հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված, որը, սակայն,  մինչեւ հիմա  չի դրվել քննարկման: Ակամայից հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանը շահարկում է Հայկական հարցը՝ այն ծառայեցնելով սեփական շահերին: Պատասխանը միանշանակ այո է, և դա ամենեւին էլ չպետք է զարմանալի լինի. չպետք է հիստերիայի մեջ ընկնել ու խոսել եղբայրական պետության դավաճանության մասին: Սա պարզապես քաղաքականություն է՝ մեծ քաղաքականություն, ուր յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով եւ օգտագործում ամեն հնարք սեփական պետության շահերն առաջ տանելու համար:

 

Կարծում ենք՝ չի բացառվում, որ այս ամենը կտեղափոխվի ակտիվ փուլ, ինչպես նաեւ` չի բացառվում, որ կվերջանա մի նոր, հերթական ռուս-թուրքական բարեկամական պայմանագրով:

 

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Ի հեճուկս շատերի, ովքեր կարծում են, թե Հայկական հարցը մեռած է արդեն, ապացուցվում է, որ այն կենդանի է եւ կարող է իր ազդեցությունն ունենալ համաշխարհային քաղաքականության վրա:

 

Մենք՝ հայերս, այս գործընթացներին պետք է կարողանանք մեր սեփական նախաձեռնություններով մասնակից լինել, այլ ոչ թե ապրենք սոսկ մեր <<հավատարիմ եղբոր>> սիրով: Պետք է գրագետ ու ճիշտ գործել՝ առաջ քաշելով սեփական շահը, չդառնալով  գործիք:

 

Հ Գ:  Այսօր ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների կիզակետում հայտնված ՀՅԴ-ն ենթարկվում է բազմապիսի քննադատությունների: Չկասկածեք, որ հենց ՀՅԴ-ն, իշխանության գալով, ունենալով համահայկական ներգրավվածություն և լուրջ քաղաքական կապիտալ, կարող է առաջ տանել Հայաստանի շահերը եւ հայ ժողովրդի իրավունքներն աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին: Գուցե հենց դա՞ է ՀՅԴ-ի՝ իշխանությունների հետ համագործակցելու իրական պատճառը, քանզի այս կուսակցությունն իր 125-ամյա փորձով ապացուցել է իր՝ իր երկրի ու իր ժողովրդի շահերի պաշտպանը լինելու անդավաճան դերը:

 

1