Պատերազմից հետո՝ պատերազմի մեջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Պատերազմից հետո՝ պատերազմի մեջ

Պատերազմից հետո՝ պատերազմի մեջ

Արցախը  հայության համախմբման ու միասնական հաղթանակի խորհրդանիշ է: Դա քանիցս ապացուցվել է եւ ապացուցվեց նաեւ վերջերս՝ ապրիլյան գործողությունների ընթացքում: Չգիտես ինչու, սակայն, մենք` հայերս, սիրում ենք համախմբվել լոկ օրհասական պահերին, ու միայն այդ ժամանակ է, երբ հայրենիքը բոլորիս համար դառնում է գերխնդիր՝ մի կողմ թողնելով մեր մեջ եղած տարաձայնություններն ու քաղաքական հակադիր հայացքները:

 

Չգիտես ինչու՞, երբ թվում է` օրհասական պահը նահանջել է /որը երբեք էլ չի նահանջում/, մենք միշտ հիշողության կորուստ ենք ունենում, մեզ թույլ տալիս այնպիսի կեցվածք, որն անընդունելի էինք համարում պատերազմի օրերին: Օրինակ՝ պատերազմից հետո ոմանք համարձակորեն խոսում են մեր իսկ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների վերադարձի մասին, ոմանք համարում են, որ դրանք այնքան էլ մերը չեն կամ ՝ էական նշանակություն չունեն մեզ համար, ոմանք էլ՝ իրենց իրավունք են վերապահում յուրացնելու պատերազմում տարած հաղթանակը, դարձնելու այն իրենց «մենաշնորհը»՝ իրենց վերագրելով այնպիսի «հերոսություններ», որ ականատեսների համար շատ հաճախ ծիծաղելի են թվում, շատ հաճախ՝ ուղղակի զազրելի:

 

Պատերազմից հետո ոմանք մոռանում են այդ պատերազմը տարած զինվորի խնդիրների մասին, եւ զինվորի շատ ու շատ խնդիրներ այդպես էլ մնում են չլուծված: Անընդունելի է նաեւ, որ միասնությամբ պայքարելուց հետո մենք թույլ ենք տալիս, որ մեր մեջ գլուխ բարձրացնեն մեր իսկ պետականությանն ու հետագա ընթացքին խոչընդոտող, սպառնացող երևույթներ. երևույթներ, որոնք ի չիք են դարձնում այն ձեռքբերումները, որ թվում է ունեինք կամ որոնց ձգտում ենք:

 

Մենք սիրում ենք մեր մեջ զարգացող ժողովրդավարական արժեքներով հակադրվել հարևան Ադրբեջանին, բայց երբեմն թույլ ենք տալիս, որ մեր մեջ զարգանա մեր իսկ քարոզած ժողովրդավարությունն ախտահանող գործոններ, որոնք գործիք են դառնում մեր հակառակորդի ձեռքին ու դառնում ավելի մեծ չարիք, քան պատերազմն ինքը:

 

Պատերազմից հետո մենք մոռանում ենք, որ հայրենիք կոչվածը ոչ մեկիս մենաշնորհը չէ, ու ոչ մեկս իրավունք չունենք այնտեղ հաստատելու մեր «սեփական կարգերը», մեր ուզած ճանապարհով հարցեր լուծելու, հին ու նոր հաշիվներ մաքրելու, այն էլ՝ այնպիսի հայտարարություններով ու գործողություններով, որոնք ուղղակի վտանգում են բոլորիս անվտանգությունը, հարվածում պետականության ամրապնդմանը:

 

Պատերազմից հետո մենք մոռանում ենք, որ պատերազմը չի ավարտվել, որ երկիրն ու այդ երկիրը պահող բանակը կառուցվում է լոկ օրենքի ու օրինականության վրա, պատասխանատվության ու պարտականության չափի գիտակցման վրա. հակառակ ամեն բան տանում է հակառակի, իսկ նման ճանապարհով չեն ամրանում, չեն զարգանում, «լավագույն» դեպքում՝ ապրում են ինքնախաբկանքի մեջ….

 

Պատերազմից հետո մենք միշտ խոսում ենք պատերազմի դասերի մասին, բայց շատ հաճախ լոկ խոսում ենք եւ խոսքը դաս չի դառնում, գործողություն չի դառնում, դասը մնում է օդում կախված, որ հաջորդ պատերազմի ժամանակ դարձյալ խոսքի վերածվի…

 

Պատերազմից հետո մենք այդպես էլ «խելքի չենք գալիս»…

 

«Ապառաժ»-ի խմբագրական, հունիս 16, 2016

1