Պատերազմից խուսափելու միջոցը պատերազմին պատրաստ լինելն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Պատերազմից խուսափելու միջոցը պատերազմին պատրաստ լինելն է

Պատերազմից խուսափելու միջոցը պատերազմին պատրաստ լինելն է

Նորից ու նորից հայաստանա-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանների լարվածությունը չի դադարում: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո առանց իրավաբանական ձևակերպումների հաստատված այս անորոշ ու փխրուն «հրադադարը» անընդհատ ուղեկցվում է կրակոցներով, զոհերով ու վիրավորներով: Նշանակում է՝ պատերազմը չի էլ լռել, թեւ ինչ-որ մեկը նրան «քառօրյա պատերազմ» է կոչել եւ այդ եզրույթը շրջանառության մեջ դրել: Պարզապես այդ օրերին եղել են ավելի լայնածավալ ռազմական գործողույթուններ, մարտեր, ռմբակոծությունների աննախադեպ աճ, որի վտանգն այսօր էլ կա ու ամեն պահի սպառնում է վերսկսվել…

 

Ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունները եւս մեկ անգամ փաստեցին, որ ինչքան էլ իշխող երկրների մեծ մայրաքաղաքներում հանդիպումներ կազմակերպվեն՝ անգամ հայկական կողմի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության, առանց սահմանին վերահսկման մեխանիզմների հստակ կիրառման, առանց կոնկրետ, որևէ կողմին ուղղված հասցեական կոչի, անվտանգության ամրակուռ երաշխիքների ձեւակերպման ցանկացած հանդիպում դատապարտված կլինի անհաջողության: Հայկական դիվանագիտության համար անփոփոխ պետք է լինի սահմանադրորեն ամրագրված և պատմականորեն հայկական տարածքների հետ կապված խնդիրը՝ որպես հակամարտության կարգավորման ռազմավարական սկզբունք, որովհետեւ զիջումների պարագայում կանխատեսել կարճաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանականությունը՝ այնքան էլ դժվար չէ, քանզի առանց այդ անվտանգության պատնեշի (տարածքների) դժվար է լինելու հետագա ընթացքը թե Արցախի, թե Հայաստանի համար: Ուրեմն, այս պարագայում մեր կողմից տարածքային որևէ զիջում որևէ կերպ չի կարող արդարացված լինել, ու պետք է բացառվի:

 

Պատերազմական այս պայթյունավտանգ իրավիճակում կարևորը եղել եւ մնում է ամրանալը բոլոր առումներով՝ չքննարկելով ու անգամ չթերագնահատելով հակառակորդի ունեցած-չունեցած հնարավորությունները: Այլ ելք չկա, քանզի Ադրբեջանը դեռ անորոշ ժամանակ շարունակելու է իր այս ռազմատենչ դիրքորոշումը, Թուրքիան էլ երբեւէ չի դադարելու նրա դաշնակիցն ու հանցակիցը լինելուց բոլոր առումներով: Հայկական զորքերն էլ ոչ մի տեղ չեն նահանջելու, որովհետեւ հենց իրենց տեղում են, դեռ մի բան էլ տեղ ունեն առաջանալու, թեկուզև մեր ժողովրդի անվտանգության երաշխիքներn ավելի ամրապնդելու համար: Մեր գործն այս պարագայում պետության ու բանակի «շինարարությունն է», պաշտպանական, ազգային անվտանգության հզոր հայեցակարգի վերաձևակերպումը, ռազմական հստակ քաղաքականությունը, քանզի` եթե երբևէ Ադրբեջանը համոզված լինի, որ կարող է թեկուզ մեկ թիզ հաղթանակ կորզել, նա նորից մի կողմ է դնելու բանակցությունների գործիքները եւ ձեռքն առնի թնդանոթներն ու հրթիռները… Ուստի, վերոնշյալ ուղղություններում ցանկացած մի թերություն կարող է դիրքապահ զինվորի կյանքի կորստով փոխհատուցվել…

 

Այս օրերին Արցախում գումարված Հայ Դատի՝ աշխարհի տասնյակ երկրների գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովի արձանագրած կարևոր կետերից մեկն ասում է. «Մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների բարգավաճման, անվտանգության ապահովման ու միջազգային հեղինակության զարգացման ջանքերին»: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը անտարանջատելի են, ուստի եթե մեր ներքին ջանքերին գումարվում են նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների համատեղ ջանքերը, ապա անհնար է, որ արդյունքի չհասնենք, ուղղակի եղածը շտկելու եւ միասնական կամքի դրսեւորում է պետք, հատկապես երբ միասնությունն ու դրանից բխող արդյունքը մեզ՝ հայերիս ամենեւին էլ  խորթ չեն …

 

Պատերազմից խուսափելու ամենագլխավոր միջոցը պատերազմին պատրաստ լինելն է…

 

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 մայիս, 2016թ.

1