Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում կարևոր է առողջ սերունդ դաստիարակելը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում կարևոր է առողջ սերունդ դաստիարակելը

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում կարևոր է առողջ սերունդ դաստիարակելը

Արցախի ավանդական քիք-բոքսինգի ֆեդերացիայի գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին կիսվել է ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը:

-Ի՞նչ նպատակ էր հետապնդում Արցախի քիք-բոքսինգի ֆեդերացիայի ստեղծումը և ի՞նչպես եք գնահատում գործունեությունը այս կարճ ժամանակաընթացքում:

-Նպատակն առաջին հերթին սպորտի մասսայականացումն է: Բացի դրանից՝ Արցախի մարզիկները, աշխարհի տարբեր մրցագորգերում հանդես գալով, բարձրացնում են մեր երկրի դրոշը: Ճիշտ է, Արցախը ճանաչված չէ, և հանդես են գալիս ՀՀ հավաքականի կազմում, սակայն որտեղ էլ մեկնում ենք, նշում ենք, որ Արցախից ենք:

Կարևոր եմ համարում նաև պատերազմական իրավիճակում գտնվող երկրում առողջ սերունդ, զինվոր դաստիարակելը: Այսօրվա երեխաները շատ են կախված ինտերնետից: Մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի նրանք իրենց առօրյան անցկացնեն սպորտային կյանքով: Մարզվողների միայն փոքր մասն է պրոֆեսիոնալ մարզիկի ուղին ընտրում, մնացածները ազգին պիտանի, առողջ, կոփված երիտասարդներ են դառնում:

Արցախի քիք-բոքսինգի ֆեդերացիան ստեղծվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին: Գաղափարն առաջացել է մարզիչների մոտ, իրագործմանը մեծապես աջակցել է Դավիթ Սարգսյանը, ով այժմ ֆեդերացիայի նախագահն է: Ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի Հանրապետության ազգային քիք-բոքսինգի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիային օժանդակում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը:

Անցած տարվա ընթացքում մասնակցել ենք 5-ից ավելի տարբեր մրցաշարերի: Ամենակարևորը 2018թ. ապրիլի 21-24-ը կայացած ՀՀ պաշտոնական առաջնությունն էր, որին Արցախի թիմը մասնակցել է 25 հոգանոց պատվիրակությամբ՝ զբաղեցնելով 5 առաջին, 2 երկրորդ, 3 երրորդ մրցանակային տեղեր: Այդ ցուցանիշը մեզ համար շատ ոգևորիչ է, որովհետև քիք-բոքսինգը աշխարհահռչակ մարզաձև է ու շատ դժվար է մրցանակային տեղեր զբաղեցնելը: Առաջին տեղ զբաղեցնողներից 4 մարզիկ ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում:

20915616_1383374245044829_8895487716294728420_n

-Ինչպիսի՞ն է տվյալ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն Արցախում:

-Արցախում այսօրվա դրությամբ մեծացել են տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունները, առողջ ապրելակերպի քարոզչությունը: Յուրաքանչյուր ծնող

ձգտում է իր երեխային ինչ-որ մի մարզաձևի տանել, որը ողջունելի է: Այսօրվա դրությամբ մենք ունենք մոտ 110 աշակերտ: 8-րդ դպրոցի փոքր դահլիճում այժմ վերանորոգուման աշխատանքներ են ընթանում: Այն կահավորվելու է համապատասխան գույքով, և համոզված եմ, որ աշակերտների թիվն ավելանալու է:

Քիք-բոքսինգը թագավորական սպորտաձև է համարվում, որի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությունը բարձր է: Առայժմ օլիմպիական մարզաձև չէ, բայց 2020թ. քիք-բոքսինգի լայդ-կոնտակտը փորձնական մասնակցելու է օլիմպիական խաղերին:

Կոնկրետ քիք-բոքսինգի նկատմամբ հետաքրքրությունն Արցախում մեծացել է ֆեդերացիայի բացումից հետո: Դրան նպաստել են մի քանի գովազդային ակցիաները, հրապարակային-ցուցադրական ելույթները: Այդպիսի ելույթներից հերթականը մայիսի 13-ին կայանալիք՝ Եռատոնին նվիրված մրցաշարն է:

26165335_1494241200624799_6133621603773359462_n

-Ի՞նչ տարիքից են կարող զբաղվել քիք-բոքսինգով և ի՞նչ հեռանկարներ ունի սպորտով զբաղվողն Արցախում:

— Ընդունելությունը կատարում ենք 6-35 տարեկանների համար՝ սիրողական և պրոֆեսիոնալ ոճով: 35 տարեկանից բարձրերին ընդունում ենք սիրողական մակարդակում: Արցախում 13-17 տարիքային սահմանում են ամենաշատ պարապողները:

Քիք-բոքսինգում գոյություն ունեն սիրողական և պրոֆեսիոնալ ուղղություններ: Եթե հասնում ես որոշակի մակարդակի, դրանից հետո հրավեր ես ստանում մասնակցելու միջազգային մրցաշարերի: Հայ մարզիկներ կան, որոնք քիք-բոքսինգով մեծ հաջողությունների են հասել: Դրանցից են Իտալիայի դրոշի տակ հանդես եկող Ջորջիո Պետրոսյանը, Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Մարատ Գրիգորյանը, Մելսիկ Բադասյանը:

-Այսօր տարբեր մարզաձևերով մարզվելու լայն հնարավորություն ունեն հիմնականում Ստեփանակերտում ապրող երեխաները, ինչը չի կարելի ասել շրջաններում ապրողների մասին: Արցախի քիք-բոքսինգի ֆեդերացիան նախատեսո՞ւմ է արդյոք շրջաններում ևս պարապմունքներ անցկացնել:

-Շրջաններում պարապմունքներ անցկացնելը կապված է ֆինանսի հետ, դրա համար էլ չենք կարողանում Ստեփանակերտից շատ դուրս գալ: Բայց հիմա աշխատում ենք, որպեսզի տարբեր շրջաններում, գյուղերում խմբակներ բացենք: Այժմ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մեր մարզիչը անվճար հիմունքներով պարապում է:

-Ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ մեզ մոտ անհատական մարզաձևերն են ավելի զարգացած, ոչ թե թիմայինը:

-Անհատական մարզաձևերում ավելի արագ է մարզիկը կարողանում հաջողության հասնել՝ շնորհիվ իր աշխատասիրության: Հնարավոր է՝ դա կապված է նաև մեր ազգային յուրահատկությունների հետ:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկայում մրցաշարերի մասնակցությունից:

-Այժմ նախապատրաստվում ենք մայիսի 29-ից մինչև հունիսի 7-ը ՌԴ Անապա քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որին Արցախից ՀՀ հավաքականի կազմում մասնակցելու են 4 հոգի: Մեր մարզիչները պարբերաբար մասնակցում են որակավորման միջազգային սեմինարների և բարձրացնում իրենց որակավորումը:

Հունիսի վերջերին և հուլիսի սկզբին Բաթումում տեղի է ունենալու Սև ծովի առաջնություն, իսկ սեպտեմբերին՝ Իտալիայում պատանիների աշխարհի առաջնություն:

Մասնակցելու ենք այս մրցաշարերին և, բնականաբար, ակնկալում ենք նոր մեդալներ բերել Արցախ:

18403290_1291267504255504_2542258313405369757_n

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

1