Պատգամ՝ շնորհավորանքի փոխարեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Պատգամ՝ շնորհավորանքի փոխարեն

Պատգամ՝ շնորհավորանքի փոխարեն

Արդեն մեկ դարից ավելի է, ինչ Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: Ասել է թե՝ այս օրվա միջոցով խորհրդանշվում է տարբեր ժամանակներում կանանց ունեցած պայքարը՝ հասարակական, քաղաքական, տնտեսական բեմահարթակներում իրենց իրավունքների հաստատման ու իրենց խնդիրների վրա հասարակության ուշադրությունը բևեռելու համար:

 

Ժամանակի հետ ավելի ու ավելի արժեվորվեց կնոջ դերը եւ նա սկսեց դիտվել ոչ միայն պարկեշտության, օջախին անմնացորդ նվիրվածության, սերունդներին  բարոյապես բարձր դաստիարակելու ենթատեքստում: Պայքարող տղամարդկանց կողքին աչքի ընկան կանանց այնպիսի կերպարներ, որոնցից շատերի անունները դարձան պատմություն: Կանայք բազմապատկեցին տղամարդկանց ուժն ու կարողությունը՝ միաժամանակ նեցուկ լինելով նրանց ու հաճախ էլ շարունակելով նրանց սկսած գործը:

 

Այս առումով՝ հատկապես հատկանշական է հայ կնոջ դերը, ով իր՝մայր լինելու առաքելությունից զատ դարձավ նաեւ հայ ֆիդայի, հայ ազատամարտիկ, տոկունության ու կամքի խորհրդանիշ: Հայ կնոջ ձեռքով կյանքի կոչվեցին մի շարք բարեսիրական ու մարդասիրական ծրագրեր, հայ ժողովրդի վերքերը ամոքելու համար ստեղծվեցին կանանց այնպիսի կազմակերպություններ, որոնք իրենց անջնջելի հետքն ունեցան  պատմության քառուղիներում: Վկան՝ Հայ օգնության միությունը, որն արդեն մեկ դարից ավելի է, ինչ  կյանքի է կոչում իր ազգասիրական-բարեգործական ծրագրերը՝ իր արդար ճանապարհին հարթելով տարբեր խոչընդոտներ ու ապրելով որպես բարու ու լավի պայքարի մարտիկ:

 

Ինչպես ամեն մի ժամանակաշրջան ծնել է յուր հերոսին, այնպես էլ պատմության օրհասական ժամերին ծնվել են նաեւ տվյալ ժամանակի հերոսուհիները, ովքեր փառավորվել են իրենց կենսագրությամբ: Օրինակները խոսուն են՝սկսած Վարդանանց կողքին անմահացած փափկասուն հայ տիկնանցից, հայոց թագուհիներից, ովքեր կարողացան լինել առաջնորդ, ղեկավարել բանակներ, փայլել իրենց խոհեմությամբ ու իմաստնությամբ, Սուրբ Հռիփսիմեից ու Գայանեից, ովքեր հանուն հավատքի չզիջեցին իրենց պատիվն ու կարողացան հատկանշական դեր ունենալ քրիստոնեական հավատքի սերմանման գործում, Սոսե մայրիկից, ով ազգային իղձերի իրականացման ճանապարհին քայլ անգամ հետ չկանգնեց իր կողակցից ու հայոց ֆիդայիներից՝դառնալով հայ հեղափոխական կնոջ տիպար, Շենիկցի Շաքեից, ով Սասունի առաջին ապստամբության ժամանակ մեծ դեր ունեցավ՝ կրելով Մահ կամ Ազատություն կարգախոսը, Ռուբինա Արեշյանից, ով կարողացավ մահն աչքերում մահափորձի դուրս գալ Սուլթան Համիդի դեմ, Դիանա Աբգարից, ում շնորհիվ Ճապոնիան 1918 թվականին ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը …. Այս շարքն անսպառ է, այս շարքն իր պսակը ստացավ Արցախյան գոյապայքարի տարիներին, որտեղ հայ կինը ոչ միայն բուժքույր ու խոհարար էր, այլ նաեւ զենքը ձեռքին կռվող զինվոր: Ռազմի դաշտում տղամարդկանց կողքին  անմահացան նաեւ շատ ու շատ  կանայք:

 

Այսօր էլ հայ կինը, հիշելով եւ օրինակ քաղելով անցյալից, շարունակում է կերտել իր դժվար ու  պատասխանատու ճանապարհը՝ իր ուրույն տեղն ու դերն ունենալով երկրի քաղաքական ու հասարակական դաշտում, կյանքի կոչելով համազգային ծրագրեր, դիմակայելով  լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ, առաջարկելով խելամիտ լուծումների ուղիներ:

 

Անգնահատելի է հայ կնոջ դերն ու նշանակությունը կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Որտեղ հայ կինն է, այտեղ նաեւ խոհեմություն է, նվիրվածություն, ապահովություն եւ սրտացավ աշխատանք:

 

Սկսված այս միամսյակը ոչ բավարար, բայց ընդգծված ժամանակահատված է եւս մեկ անգամ արժեւորելու հայ կնոջ տեսակը,  երախտապարտ լինելու այդ տեսակին: Ուրեմն՝  շնորհավոր, փառք ու պատիվ Ձեզ, հայ կանայք….

 

 

Խմբագրական, մարտ 18, 2015թ.

 

1