Պատանեկան եւ երիտասարդական ճամբարներ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Պատանեկան եւ երիտասարդական ճամբարներ Արցախում

Պատանեկան եւ երիտասարդական ճամբարներ Արցախում

Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների ջանքերով այս ամառ Արցախում կյանքի են կոչվելու պատանեկան ամառային ճամբարներ, որին մասնակցելու հնարավորություն կունենան Արցախցի մոտ 1000 պատանիներ:

 

2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ  Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ  այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում:

 

Անցած տարի բացի Ստեփանակերտ քաղաքից սփյուռքահայ երիտասարդները ճամբարներ են կազմակերպել Կովսական, Ասկերան, Շուշի եւ Մարտունի քաղաքներում:

Պատանեկան ճամբարների 9-16 տարեկան մասնակիցներն երկշաբաթյա ճամբարնի ընթացքում շփվում են սփյուռքից ժամանած երիտասարդների հետ, ովքեր տարբեր խմբակների միջոցով իրենց գիտելիքներն են փողանցում արցախցի պատանիներին:

 

<<2009 թվականի Դաշնակցության երիտասարդական միության կողմից Արցախում կազմակերպվում են ճամբարներ, որոնք նախատեսված են պատանեկան խմբերի համար,- մեզ հետ զրույցում նշեց ՀՅ Դաշնակցության Արցախի երիտասարդական միության Վարիչ Մարմնի ներկայացուցիչ  Վահագն Դադայանը,- ընդհանուր առմամբ ճամբարներն համակարգում է  ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը: 2009 թվականից Արցախում կյանքի է կոչվել երիտասարդական միության կողմից նախաձեռնված եւ կազմակերպած անդրանիկ  ճամբարը>>:

 

Վ. Դադայանի հավաստմամամբ ճամբարների նպատակը նույնն է ինչ Դաշնակցության  Ուսանողական, երիրտասարդական և Պատանեկան միությունների նպատակը, այն է մատաղ սերնդի մեջ սերմանել սեր դեպի հայրենիք, ազգասիրություն, արժեքների դավանանք, ազգային  երգի, պարի ուսուցում, տարբեր խմբակներ, անգլերենի դասընթացներ, անվտանգության դասընթացներ, առաջին բուժոգնություն եւ այլն: Կազմակերպվող ճամբարների շրջանակներում  կազմակերպվում են մարզական եւ ինտելեկտուալ խաղեր:

 

<<Արցախում առաջին անգամ ճամբար է կազմակերպել Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունը: Նույն թվականին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ճամբար է կազմակերպել Լիբանանի <<Զավարյան>>  ուսանողական միությունը, ի դեպ արդեն մի քանի տարի է ինչ Զավարյան ուսանողական միությունը Կովսական քաղաքում կազմակերպում է ճամբարներ եւ ամեն տարի այդ ճամբարներն ունենում են նոր խորագրեր: Անցած տարի Կովսականում կազմակերպված ճամբարը կրում էր <<Քաշաթաղն իմ տունն է>> խորագիրը,- տեղեկացրեց Վ. Դադայանը եւ հավելեց,- Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում կազմակերպված ճամբարներին ամեն տարի մասնակցել են Կովսական, Միջնավան քաղաքների եւ այդ քաղաքների հարակից համայնքների երեխաները: Ամեն առավոտ 7-8 համայնքերի երեխաներ  հատուկ տրանսպորտով եկել են Կովսական, որտեղ էլ անց է կացվել Դաշնակցության երիտասարդական միության կազմակերպած ճամբարները: Կովսականում կազմակերպված ճամբարների տեւողությունը  3 շաբաթ է եղել>>:

 

Վահագն Դադայանը տեղեկացրեց նաեւ, որ Ամերիկայի Արևմտյան ափի երիտասարդական միությունը 2009 թվականից առ այսօր տարեկան երկու ճամբար է կազմակերպում Արցախում, իսկ ընդհանուր առմամբ Ամերիկայի Արևմտյան ափի երիտասարդական միությունը տարեկան 5 ճամբար է կազմակերպում Հայաստանում, երկու ճամբար Գյումրիում, երկու ճամբար Արցախում եւ մեկ ճամբար Պռոշյանում: Ճամբարի տեւողությունը երկու շաբաթ է լինում:

 

Արցախում ամառային ճամբարներ կազմակերպելու նախաձեռնությանը միացել է ԼԵՄ-ը (Լիբանանի երիտասարդական միությունը) եւ անցած տարի առաջին անգամ Մարտունի քաղաքում ԼԵՄ-ը կազմակերպել է ամառային ճամբար:

 

<<Այս տարի Արցախում կկազմակերպվի 5 ճամբար,-տեղեկացրեց Դաշնակցության Արցախի երիտասարդական միության. ՎՄ ներկայացուցիչ Վահագն Դադայանը,- առաջին ամառային ճամբարն այս տարի տեղի կունենա Ասկերան քաղաքում հուլիսի 15-26-ը, երկրորդ ճամբարը կկազմակերպվի Շուշի քաղաքում: Այս տարի առաջին անգամ Արցախում  ամառային ճամբար կազմակերպելու եւ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայի <<Նոր սերունդ>> երիտասարդական միությունը: <<Նոր սերունդ>> երիտասարդական միությունը ճամբար կկազմակերպի Ստեփանակերտ քաղաքում: ԼԵՄ-ը (Լիբանանի երիտասարդական միությունը ) մոտ 200 պատանու համար ճամբար է կազմակերպելու Մարտունի քաղքում>>:

 

 Ճամբարներին կկարողանան մասնակցել 9-16 տարեկան պատանիներ: <<Ամերիկայի երիտասարդական միությունը տարվա կտրվածքով մինչ ամառ իրականացնում է տարբեր դրամահավաք միջոցառումներ հայկական գաղթօջախում: Երիտասարդները հաճախ  հանուն այն բանի, որ կարողանան ճամբարներ կազմակերպելու համար գումար հավաքել կատարում են ամենատարբեր աշխատանքներ, մինչեւ անգամ լվանում են ավտոմեքենաներ, մատուցող են աշխատում, որպեսզի կարողանան համապատասխան գումարներ հավաքել, իսկ ընդհանուր առմամբ երիտասարդական միություններին իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար օգնում են նաեւ տեղի կառույցները,-հավաստիացրեց Վ Դադայանը>>:

 

Ճամբարների կազմակերպումն Արցախում եւ առհասարակ հայրենիքում իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն տեղի երիտասարդների եւ պատանիների համար, այլ այդ ամբողջ ձեռնարկը  ոչ պակաս դեր ու նշանակություն է ունենում սփյուռքահայ երիտասարների համար, նրանցից շատերն հայրենիք ոտք են դնում առաջին անգամ: Օրինակ 2009 թվականին Արցախում առաջին անգամ կազմակերպած ճամբարի ղեկավարներից ոմանք կարճ ժամանակ անց վերադարձել են հայրենիք մշտական բնակության եւ այդ դեպքերը եզակի չեն:

 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

 

 

1