Պատահական չէ, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ «լավ աչքով» են նայել հայ համայնքին․ Հարութ Մարտիրոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատահական չէ, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ «լավ աչքով» են նայել հայ համայնքին․ Հարութ Մարտիրոսյան

Պատահական չէ, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ «լավ աչքով» են նայել հայ համայնքին․ Հարութ Մարտիրոսյան

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:

Ներկայում Ֆրանսիայում գործում է 7 ամենօրյա և շուրջ 40 կիրակնօրյա դպրոց: Հայկական դպրոցներ հաճախում է 1500 երեխա: Հարութ Մարտիրոսյանի խոսքով, նախատեսում են ավելացնել հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը:

Հարութ Մարտիրոսյանը պատահական չի համարում այն, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ լավ աչքով են նայել հայ համայնքին: Նրա խոսքով, բոլոր տարիներին հայ համայնքն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, դժվարին պահերին պետության կողքին է եղել: Հայերն աշխատող են, ձգտում են լավագույնը լինել տարբեր ոլորտներում:

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում ու ընդլայնվում է: Հայ համայնքը մեծ դեր ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդման գործում»,- հավելեց նա: Ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ Հարութ Մարտիրոսյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, մշակութային ոլորտներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ:

1