Պաշտպանության բանակի ստեղծման օրից ամենաքիչ պատահարները 2012 թվականին էին. Մովսես Հակոբյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Պաշտպանության բանակի ստեղծման օրից ամենաքիչ պատահարները 2012 թվականին էին. Մովսես Հակոբյան

Պաշտպանության բանակի ստեղծման օրից ամենաքիչ պատահարները 2012 թվականին էին. Մովսես Հակոբյան

Ամփոփելով 2012 թվականը` ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանն այն անվանել է հագեցած ու նախկիններից տարբերվող տարի` բանակաշինության գործում խնդիրների կատարման նոր ուղղություններով, ինչպես նաև մի շարք կարևոր միջոցառումներով:

 

 

 

Կարևորագույն միջոցառումներից նախարարն առանձնացրել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք իրականացվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ: Բանակն ամբողջությամբ ընդգրկվել է այս զորավարժություններին:
Տարին առանձնահատուկ է եղել նաև նրանով, որ զինված ուժերին հաջողվել է անցյալ տարվա համեմատ նվազեցնել ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից սահման ներթափանցելու փորձերը: Անցյալ տարվա վերլուծության արդյունքում կազմվել է հրաման, որի համաձայն այս տարի մեծածավալ աշխատանքներ են իրականացվել առաջին գծի ամրապնդման, դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձի կանխարգելման, դրանց ոչնչացման ուղղություններով: Կարող ենք փաստել, որ այս տարի 7 դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից ներթափանցման փորձի արդյունքում հակառակորդին միայն մեկ դեպքում է մասնակի հաջողվել վնաս պատճառել պաշտպանության բանակի զինծառայողին, մյուս 6 դեպքերում այդ խմբերը հայտնաբերվել են և կորուստներ կրելով հետ շպրտվել իրենց դիրքեր,- նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

 

 

Որպես բացթողում` նախարարը նշեց անցած տարի հակառակորդի դիպուկահարների կողմից մեզ հասցված վնասը, որի արդյունքում ունեցանք 11 զոհ: Այս տարի համապատասխան աշխատանքների արդյունքում այս ցուցանիշը հասցվեց 2-ի: Այս երկու դեպքերն են մեր զինվորների կողմից անվտանգության խախտման արդյունք են եղել: Այն միջոցառումները, որ մենք կատարել ենք զինծառայողների անվտանգության ծառայությունն իրականացնելու առաջնագծում, լիարժեք իրենց արդյունքն են տվել, և այսօր պաշտպանության բանակի բոլոր դիրքերում զինվորը կարող է հանգիստ իր դիտարկումն իրականացնել և որևէ վտանգ իրեն սպառնալ չի կարող, եթե զինվորը չխախտի անվտանգության կանոնները,- ասաց Մովսես Հակոբյանը:

 

 

Բանակում տեղի ունեցող պատահարները նախարարը բացատրեց անհանդուրժողականության առկայությամբ, և կարգապահություն բառի ոչ կանոնակարգված լինելով: Մինչ այժմ չկար որևէ մշակված փաստաթուղթ դրա մասին: Այս տարի կազմվել է 3 փաստաթուղթ այս ուղղությամբ, որոնցից մեկն արդեն կիրառվում է. դա զինվորի անհատական գրքույկն է, որտեղ գրանցված են զինվորի բոլոր տվյալները, կատարած դրական և բացասական աշխատանքները, որոնք հրամանատարին հնարավորություն են տալիս համապատասխան քայլեր ձեռնարկել զինվորի դաստիարակման ուղղությամբ:

 

 

Նախարարը նշեց, որ պաշտպանության բանակի ստեղծման օրից մինչ այսօր արտակարգ պատահարների թիվը 2012 թվականին ամենափոքրն էր. այս տարի մահվան դեպքերը նվազել են յոթով: Սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ գրանցվել է 6 ինքնասպանության և մեկ դիտավորյալ սպանության դեպք: Այս բոլոր դեպքերն էլ եղել են առաջին կիսամյակում. երկրորդ կիսամյակում նման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Այս տարի բոլոր զինծառայողներին, բացի նորակոչիկներից, տրամադրվել է արձակուրդ: Նախարարը բանակում բարոյահոգեբանական վիճակի բարելավման պատճառներից մեկը նաև դա համարեց:

 

 

Այս տարի իրականացրած կարևոր աշխատանքներից մեկը նախարարը համարեց սպայական անձնակազմի բժշկական ապահովագրումը: Առաջիկայում այն զինվորականները, որոնք ապահովագրել են են իրենց բուժումը, կարող են ստանալ ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ տարածքում:
Նախարարը վերջին երկու-երեք տարիներին սպայական կազմի համար բնակարանաշինության նվազումը պայմանավորեց երկրում տնտեսական ճգնաժամով, սակայն այս տարի հիմք է դրվել ավելի մեծ ծրագրի` ավանի ստեղծմանը, որի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի և Ստեփանակերտի կայազորի սպայական կազմի զգալի մասը կապահովվի բնակարանով:

 

 

Ամփոփելով 2012 թվականը` ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշեց, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է, 2012 թվականը ժողովուրդը անց է կացրել անվտանգ, հակառակորդի կողմից վտանգի ավելացում չի արձանագրվել և բանակն այսօր էլ պատրաստ է իր առջև դրված խնդիրները կատարելու:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1