Չփոխել զուգահեռի ուղղությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Չփոխել զուգահեռի ուղղությունը

Չփոխել զուգահեռի ուղղությունը

Մինսկի խմբի արդեն պաշտոնաթող ամերիկացի համանախագահի կարապի երգ հայտարարությունը, այո ըստ էության նոր սկզբունքներ կամ առաջադրանքներ չի փոխանցում: Որեւէ համանախագահ ծայրահեղորեն բծախնդրություն է ցուցաբերում իր երկու մյուս գործընկերների եւ մանավանդ ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարություններին հիմնականորեն չհակասելու:

Պարզապես շեշտադրումների, ասելաձեւերի փոփոխություններ են երևում նրանցից յուրաքանչյուրի կատարած հայտարարության մեջ, որոնց վրա բնականաբար ազդում են տեղի եւ պահի գործոնները: Հոգլանտի դեպքում հավանաբար մի կետ եւս, եթե հիշենք նրա ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն ստանձնելու նախօրեին Հայ Դատի հանձնախմբի հրապարակած վերապահումները, լսումների ընթացքում փոխանցած մտահոգությունները, պաշտոնի ստանձնման որոշման առկախման փաստը:

Այս բոլորը ազդում են հայկական կողմի ընկալման գործընթացների վրա. անձը, Հայ Դատի կողմից դիվանագիտական առաքելություն ստանձնելու որոշման դեմ դրված արգելքը, Վաշինգտոնի կողմից այդ գործողության դիմաց հայկական այլ թղթածրար  հանձնելու հակաորոշումը, պաշտոնաթողությունից առաջ կարապի երգի որոշ բաղաձայն հնչյունները:

Բայց խնդիրը քաղաքական սառը տրամաբանությամբ դիտարկելու դեպքում, օրինաչափության պահպանման սկզբունքները հուշում են, որ Հոգլանտի հայտարարության մեկնաբանություններում բացասականորեն ըմբռնելու բեկումնային նոր պահի հասունացում չպետք է տեսնել անպայման:

Նախ չմոռանանք այն, որ այս կետերը ոչ թե համաձայնեցվող սկզբունքների մասին են, այլ` քննարկման սեղանի վրա դրված: Հայկական բանակցային կողմի ռազմավարությունը մինչ այժմ իր դիրքորոշումներն ու միջազգային ընտանիքի մոտեցումները փորձում է զուգահեռականացնել` այդ զուգահեռների դիմաց ցույց տալով Բաքվի հակադրությունը:

Այս մոտեցումը մինչ այժմ կայացել է, թեեւ ակնկալված արդյունք չի տալիս՝ նկատի ունենալով հակամարտող կողմերի պատասխանատվության համահավասերացման վարքագծերի մնայուն դրսեւորումները: Այստեղ սակայն պետք է անպայման հիշել թե՜ Վիեննան , թե՜ Պետերբուրգըը եւ թե՜ եզակի այն գնահատականը, որը միաժամանակ կատարեցին պաշտոնական Մոսկվան եւ համանախագահները մատնացույց անելով Բաքվի հարձակողապաշտությունը: Այդ եզակի գնահատականից հետո, համանախագահները վերադարձան դասական վարքագծին:

Հոգլանտի վերջին երգը պատճառ չէ, որ հայկական կողմը միջազգային ընտանիքի բառապաշարի եւ մոտեցումների հետ զուգահեռներ գծելու իր վարքագծից շեղում կատարի: Հստակացումներ՝ այո՛.

Առաջին. այս սկզբունքները մի ամբողջություն են եւ որեւէ նախաջիջումնային տրամաբանություն գոյություն չունի բանակցային փլիսոփայությունում: Դա նշանակում է, որ այդ սկզբունքներից հայկական կողմի համար գերակա նկատվող կարգավիճակի ճշտումը որեւէ կերպ սակարակելի խնդիր չէ:

Երկրորդ, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի համաձայնության, որեւէ փուլային-փաթեթային նախագիծ չի կարող առարկայանալ եւ վերածվել համաձայնագրի:

Այս երաշխիքները կան, գոյություն ունեն իրողապես եւ դիվանագիտական ասելաձեւերով նաեւ նույնիսկ Հոգլանտի կատարած հայտարարությունում: Այլ հարց, որ պաշտոնական Բաքուն յուրովի է մեկնաբանում այս բոլորը եւ նորացված մադրիդյան սկզբունքները ընդունում իբրեւ հիմք բանակցությունները շարունակելու: Փաստորեն, Ադրբեջանի արտգործնախարարը այս առիթով փորձ է կատարում հաչս միջազգային ընտանիքի հայկական կողմի որդեգրած վարքագիծը կիրառելու:

Ահա այս առիթն է, որ չպետք է որեւե կերպ դերերի փոփոխության դուռ բացի: Հոգլանտը իբրեւ համանախագահ կարեւոր բացթողում է կատարել: Իրենց իսկ կազմակերպած եւ որդեգրած Վիեննայի եւ Պետերբուրգիի որոշումները մոռացության տալով:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

1