Չգրված օրենք կա, որ հրամանատարներին չեն դատում. Արթուր Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չգրված օրենք կա, որ հրամանատարներին չեն դատում. Արթուր Աղաբեկյան

Չգրված օրենք կա, որ հրամանատարներին չեն դատում. Արթուր Աղաբեկյան

Tert.am-ի հետ զրույցում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Սամվել Բաբայանի՝ առաջնագծի մասին հայտարարություններին, «Մարտիկ» հիմնադրամի միջոցներին, «1000 դրամ նախագծին», իր ապաքաղաքական ապագային և այլ հարցերի:

 

— Պարո՛ն Աղաբեկյան, բանակում իրականացված այս փոփոխությունները` Սեյրան Օհանյանի պաշտոնանկություն, Խաչատուրովի` ԱԽ տեղափոխություն, ՊՆ-ում քաղաքացիական անձանց ներգրավում, ինչպե՞ս եք գնահատում:

 

— Ցանկություն չունեմ քաղաքական գնահատականներ տալու: Սեյրան Օհանյանն իմ ընկերն է, նրա հետ առ այսօր էլ շարունակում եմ հանդիպել, խոսել, Սեյրան Օհանյանը մեծ ավանդ ունի մեր բանակի կայացման գործում: Մովսես Հակոբյանը մարտական ընկերս է, 93-94թթ. ռազմական գործողությունների ժամանակ իմ ողջ ձախ թևի հրամանատարն է եղել, և վստահ եմ, որ փայլուն է կատարելու իր առաքելությունը:

 

— Իսկ պաշտոնանկությունից հետո հանդիպե՞լ եք Սեյրան Օհանյանի հետ:

 

— Իհարկե, ոնց կարող էի չհանդիպել:

 

 

— Ձեզ հայտնե՞լ է իր ծրագրերի մասին, որովհետև իրեն կապում են ընդդիմադիր դաշտի ինչ-ինչ պրոյեկտների հետ:

 

— Ինձ թվում է՝ այդ կապողները երբեք Սեյրան Օհանյանից չեն լսել Սեյրան Օհանյանի հետագա անելիքների մասին: Կարծում եմ՝ մի օր նա իր հետագա անելիքների մասին կհայտարարի:

 

— Ինքը միայն ասել էր, որ իրեն ոչ ոք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը չի առաջարկել և որ չի պատրաստվում ստանձնել այն: Այստեղ նեղացածության ելևէջներ չե՞ք զգում:

 

— Չեմ կարծում, չեմ ուզում նման ձևակերպում տալ: Հիմա, որ ինձ էլ առաջարկեին ՀԱՊԿ-ի հրամանատար, հաստատ կմերժեի:

 

— Ինչո՞ւ:

 

-Դա կարևոր չէ, համարում եմ, որ Սեյրան Օհանյանը դեռ անելիք ունի:

 

— «1000 դրամ նվիրատվություն» նախագիծը հայ հասարակության կողմից մեծ քննադատության արժանացավ: Ձեր գնահատականը:

 

— Ես ուսումնասիրել եմ Մեծ Բրիտանիայի փորձը, ԱՄՆ-ի բանակը, Իրանի բանակը, Իրաքի նախկին վարչակազմի օրոք իրենց Զինված ուժերը: Ես փորձել եմ հասկանալ՝ վերջը մեխը ո՞րն է ու շեշտը ինչի՞ վրա դնենք մեր այս՝ քիչ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներով ու այս աշխարհագրական դիրքի մեջ գտնվող բանակին առավելություն տալու համար: Մենք ուշացել ենք այս նախագիծը կյանքի կոչելու առումով, բայց լավ է ուշ, քան ավելի ուշ: Ի սեր Աստծո, մի հատ վերցրեք, նայեք` պաշտպանությանը հատկացված միջոցները քանի՞ տոկոս են կազմում ՀՆԱ-ի, և մենք կհասկանանք,որ խախտել ենք բոլոր միջազգային չափորոշիչները:

 

— Ասացիք, որ հրամանատարներին չեն դատում, որ դա չգրված օրենք է, բայց այս «1000 դրամի նախաձեռնությունը», որը ողջունում եք, իրականում քննադատության տեղիք տվեց այն համատեքստում, որ հրամանատարները գռփում են, իսկ 1000 դրամը ուզում են ժողովրդից: Օրինակ` Վահան Բադասյանն առաջարկեց, որ գեներալների ու հրամանատարների՝ «հեկտարներով բնակարանները» հանեն աճուրդի ու այդ գումարներն ուղղեն այդ հիմնադրամին: Սա բարձրաձայնում եմ, որովհետև այն հավաքական կարծիք է: Հիմա չքննադատի՞ հասարակությունը` նման ունեցվածք ունեցող հրամանատարներին:

 

— Այդ հարցն ինձ տալիս եք որպես նախկին հրամանատարի: Ցանկացած հայտարարություն պետք է ունենա հասցեատեր: Կարող է մեկ ուրիշ տեղ էլ, մի լրագրողի հետ հանդիպման ժամանակ ցանկ հրապարակեն, որտեղ նաև իմ անունն են տալիս: Ես երբեք չեմ կարողանում հանդուրժել այս մոտեցումը, երբ մենք անհասցե հայտարարություններ ենք անում: Չեմ մտածում, որ «հրամանատար» ասվածը 2-3, 4-5 մարդ է, այլ՝ դասակի հրամանատարից մինչև զորամիավորման հրամանատար…

 

— Բայց ինչու անհասցե, կոնկրետ տներ են հրապարակում` 3-4 հարկանի:

 

 

 

— Ինձ թվում է`3-4 հարկանի տուն ունեցող մարդ մեզնից պակաս մտահոգ չէ: Եվ ես ցանկություն չունեմ բևեռացման կողմնակիցը լինել այս գործընթացի, որը տեղի ունենում մեր երկրում: Երբ փորձում են բաժանարար գծեր գծել` հարուստների ու աղքատների, ունևորների ու ոչ ունևորների, դղյակ ունեցողների, չունեցողների:

 

— Դա բաժանարար գիծ չէ, հասարակությունը արդարություն է պահանջում:

 

— Էդ դեպքում, հասարակությունը թող իմանա` ով է հրամանատարը: Արդյո՞ք հասարակությունը գիտի` ո՞վ է հրամանատարը, որպեսզի նման անհասցե հայտարարություն չանի: Ո՞վ է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարը, զորամիավորման, ո՞վ է այն գեներալ մայորը, ում ենթակայության տակ 2-3 հազար մարդ կարող է մարտի գնալ: Գիտե՞ք՝ «հրամանատար» սահմանման համար պետք է հասկանալ ո՞վ է զինվորը:

 

— Զինվորը հայրենիքը պաշտպանողն է:

 

— Հայրենիքն ինչպե՞ս են պաշտպանում՝ բռնի ուժի գործադրմամբ: Բռնի ուժի գործադրմամբ: Ո՞վ է հրամանատարը՝ բռնի ուժի կառավարիչն է: Մենք կարողացել ենք մեր իրական գնահատականը տալ մեր հրամանատարներին, որպես բռնի ուժի կառավարիչներ, մարտի տանող մարդու, որին չեն դատում: Մարդ, որը շարում է իր զորքը մարտի տանելու համար, լավ-լավ ելույթներ է ունենում ու շարքին նայելով ասում է, որ բոլորս մի մարդու նման պետք է հետ գանք, բայց հոգու խորքում` մտածում է, որ նման բան հնարավոր չէ: Հաստատ զոհեր ու այլ կորուստներ է ունենալու:

 

— Այսինքն` մեծ խարիզմայի տեր մարդ, որի թուլությունների նկատմամբ, ըստ Ձեզ, հասարակությունը պետք է ավելի ներողամիտ լինի:

 

— Գիտեք, որ մենք պետք է նախ, մատնացույց անենք իրական հրամանատարին: Նաև կտեսնենք, որ այնքան մարդիկ կան, որ իրավունք չունեն լինել հրամանատար: Իսկ ինչ վերաբերում է նախաձեռնությանը, չեմ կարծում, որ ժողովուրդը քննադատորեն է վերաբերում:

 

— Գագիկ Մելիքյանի նմա՞ն եք մտածում, որ դա մի խումբ ֆեյսբուքահայ տականքներ են:

 

— Ոչ, ոչ էլ Գագիկ Մելիքյանի նման: Ես կարծում եմ` նախաձեռնողները թերացել են և հասարակական քննարկումներ քիչ են անցկացրել: Եվ մի քանի տարի առաջ ես Սեյրան Օհանյանի հետ նման զրույց եմ ունեցել, որ կարիք կա նոր մոտեցման:

 

— Կողմնակի՞ց էր:

 

-Մենք քննարկել ենք այդ հարցը, ես ներկայացրի իմ մոտեցումը:

 

— Կանանց բանակի զորակոչելու մասին ինչ կասեք:

 

— Լավ է՝ չտաք նման հարց: Բացասական եմ վերաբերում: Ես նոր ասացի՝ ով է զինվորը` բռնի ուժի գործադրողը: Չէի ցանկանա հայ կնոջը տեսնել բռնի ուժ գործադրելիս: Բայց նաև կարծում, որ ԶՈւ-ում կանայք պետք է ընդգրկվեն այնպիսի պաշտոնների, որը չի ենթադրում դա: Այսինքն` ապահովման ստորաբաժանումներում: Մենք, եթե համեմատվում ենք Իսրայելի հետ, պետք է հիշենք, որ մենք մեր կանանց չենք թողնում գերեզմաններում մասնակցել թաղման արարողությունների:

 

 

 

— ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, անդրադառնալով առաջնագծում կատարված աշխատանքներին, այն հանգամանքին, որ մեծ ծավալի խրամատներ են փորվել, ասաց, որ 25 տարի է` փորում են ու նույն մետաղյա ջարդոնն է: Այսինքն` փորելով չէ, մեզ պետք է քաղաքականություն փոխել:

 

— Գիտեք, ռազմավարությունը չեն փոխում, ռազմավարությունը քաղաքական կեցվածք է հակառակորդի նկատմամբ, որը միշտ մնում է նույնը, քանի դեռ այդ հակառակորդը կա: Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա խանգարել հրամանատարին, որն ընդամենը պատասխանատվություն է կրում առաջնագծի կահավորման առումով, նկատի ունեմ գնդի հրամանատար, դասակի հրամանատար, խանգարել նրան կազմակերպել իր պաշտպանությունը, իր հնարքները գործադրել և քննադատել նրան՝ դրանք այդպես մշակելու և գործադրելու համար, լինի «ժեշտից բանկա», թե ինչ, առնվազն սխալ է, որովհետև հրամանատարը ճիշտ է: Այն օրը, երբ չենք ընդունի հրամանատարի ճիշտ լինելը, այդ օրը դատապարտված ենք պարտության, որովհետև հրամանատարը ճիշտ է: Ցանկացած վերադաս պետք է գնահատի իր ստորադասին, որ դու ճիշտ ես, որովհետև միայն դա է բերում հաղթանակի: Եվ հենց այնպես չէ, որ ասում են, որ հրամանատարներին չեն դատում, հենց այնպես չէ, որ ցանկացած կանոնադրության մեջ կա չգրված օրենք, ըստ որի՝ հրամանատարը միշտ ճիշտ է: Դա բխում է ապագա հաղթանակից: Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա ԼՂ սահմանի ողջ երկայնքով ապրիլյան գործողություններից հետո վերանայում է տեղի ունեցել: Եվ հակառակորդը, կլասիկ մարտից բացի, գործադրել է նաև այլ մեթոդներ և դրա համար նոր ռեսուրսներ են անհրաժեշտ՝ նորացված հակառակորդին դիմակայելու առումով: Փառք մեզ, որ կարողացել ենք հասկանալ սա: Ցավոք, մենք սա չէինք արել 1 տարի առաջ: Բայց մենք առաջնագիծ ենք կահավորում, ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում։ Խրամատները փորվել են ու շարունակվելու են փորվել։ Եվ ամեն հրամանատար, գալով պաշտոնի, միշտ գտնելու է, որ փորված խրամատները շատ քիչ են: Բա զինվորն առաջնագծում ի՞նչ պետք է անի, պետք է խրամատ փորի: Առաջին խրամատը փորելուց հետո պետք է երկրորդը փորի, հետո՝ 5-րդը:

 

— Նաև Սամվել Բաբայանն ասել էր, որ «Իսկանդերը» հարձակվողական զենք է, բայց մեզ պետք է պաշտպանական զենք: Նաև, որ «Իսկանդեր» ունենալը դեռ հերիք չէ, պետք է նաև «դուխ» ունենալ այն օգտագործելու համար:

 

— Պաշտպանական ու հարձակվողական զենքերն իրար չեն խանգարում: Իրականում, մեր ռազմական թատերաբեմում «Իսկանդերի» անելիքը չի կարող տակտիկական լինել, քանի որ այստեղ զորքերի տեղաշարժերը այնպիսի զանգվածային բնույթ չունեն ու այնպիսի կուտակումներ չեն, որ կիրառվի «Իսկանդեր», և հատկապես լոկալ ռազմական գործողություններում, ինչը եղավ ապրիլյան օրերին, հրամանատարն առնվազն ախմախ պետք է լինի, որ «Իսկանդեր» կիրառի: Եվ թատերաբեմում «Իսկանդերն» ավելի շատ դիտարկենք որպես оружие возмездия: Եվ, հետևաբար, հարց՝ իսկ արդյո՞ք պահն է այդ оружие возмездия-ն կիրառելու: Սա, իհարկե, չի վերաբերում ունենալ-չունենալուն: Իհարկե պետք է ունենալ:

 

— Բայց մենք ունե՞նք բավարար չափով ռազմական տեխնիկա: Սամվել Բաբայանն այդ էր ասում:

 

— Իմ կարծիքով՝ այո: Մենք պաշտպանական մարտը վարելու համար ունենք ամեն ինչ: Մենք ունենք բացեր, որոնց պետք է լուծումներ տանք: Եվ պաշտպանական մարտը վարել՝ չի նշանակում պաշտպանություն և վերջ: Պաշտպանական մարտի մեջ մտնում են հակահարձակումները, մտնում է հակառակորդին հետևելն ու ջախջախելը մեկ այլ տարածքում: Պաշտպանությունը հո մի խրամատ չէ, որ մեջը նստես, ոչ առաջ, ոչ հետ: Այն իր մեջ լայն իմաստ պարունակող գործողություն է:

 

— Պարո՛ն Աղաբեկյան, ԱԺ-ում երեկ քննարկվող հարցին, թե ո՞ւր են «Մարտիկ» հիմնադրամի փողերը, պաշտպանության նախարարն ասաց, թե չգիտի:

 

— Հանգստացնեմ բոլորին, «Մարտիկ« հիմնադրամի մայր գումարը պահվում է բանկային տարբեր համակարգերում, որոնք անձեռնմխելի են: Կանոնադրությամբ: Իսկ կանոնադրություն գրողը Արթուր Աղաբեկյանն է, և այն ձևակերպված է այնպես, որ անգամ մեծ ցանկության դեպքում ո՛չ հիմնադրամի նախագահը, ո՛չ գործադիր տնօրենը, ո՛չ հոգաբարձուների խորհուրդը չի կարող ծախսել այդ գումարը, որովհետև դա կլինի ոչ կանոնադրական ծախս: Ասեմ ավելին՝ մեր կանոնադրության մեջ նշվում է, որ կանոնադրության այս կետը փոփոխության ենթակա չէ: Ցավոք, այն նպատակը, որ փորձում էինք լուծել հիմնադրամը ստեղծելիս, իրականություն չդարձավ, այսինքն՝ մեզ չհաջողվեց սա դարձնել համատարած` յուրաքանչյուր հայի համար, որովհետև մենք նախատեսել էինք, որ առնվազն 1 միլիոն հայ, անկախ իր բնակության վայրից, անկախ նրանից, թե երբ է ծնվել ու անգամ՝ մահացել, իր մասնակցությունը կբերի այդ հիմնադրամին՝ իր անունը զետեղելով համացանցում և 100 դոլարով իր մասնակցությունը բերելով մայր գումարին, որոնց տոկոսները հետագայում նորից դառնում են 100 դոլարներ ու նստեցվում արցախյան պատերազմում զոհված զինծառայողներին հաշիվներին:

 

— Որքա՞ն գումար կա հիմնադրամում:

 

 

 

— Հիմա ունենք 1 միլիոն 200 հազար դոլար, այսինքն`մոտ 12 000 մասնակից: Նորմալ եմ վերաբերում այդ քննադատությանը, մի քիչ էլ թերացել ենք, հետագայում ավելի թափանցիկ չենք աշխատել, ինտերնետային էջը չենք համալրել: Բայց մեր սխալը մոտ ապագայում կուղղենք:

 

— Ձեզ չեն առաջարկե՞լ, որ այս 1000-ական դրամները փոխանցեք այդ հիմնադրամին:

 

— Մենք անմիջապես կմերժենք, որովհետև դա դեմ է մեր կանոնադրական նպատակին:

 

— Ասել էիք, որ քաղաքականությունից հեռանալու եք, այս մտադրությունը դեռ ուժի մե՞ջ է:

 

— Այո, նման ցանկություն ունեմ: Սահմանադրական բարեփոխումների ավարտից հետո, կարծում եմ, առաջին եռամսյակին կհեռանամ քաղաքականությունից: Կհաջողվի՞, թե ոչ, վստահ եմ, որ կհաջողվի:

1