Ուղտասարում մեկնարկում է չրեղենի արտադրությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ուղտասարում մեկնարկում է չրեղենի արտադրությունը

Ուղտասարում մեկնարկում է չրեղենի արտադրությունը

Մի քանի ամիս առաջ «Ապառաժ»-ին տված հարցազրույցում Իրանի «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանի խնդրանքով մենք չենք հիշատակել խմբի առաջիկա ծրագրերը՝ նպատակ ունենալով գրել դրանց մասին միայն իրագործվելուց հետո: Այսօր եկել է դրա ժամանակը:

«Թեւանիկ» խմբի նոր ծրագիրը նպատակ ունի Արցախում զարգացնել չորացված միրգ պատրաստելու բազմադարյա ավանդույթը, նաեւ` օգնել հայ գյուղացուն ու տնտեսական վիճակը փոխել Արցախում:

Երկուսուկես մետրի չափով` մրգերի չորացման սարքը տրամադրվել է Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ապրող Հովսեփյանների ընտանիքին: Գյուղի ազատագրումից 7 տարի անց՝ 2000 թվականին, Կարո Հովսեփյանի ընտանիքն առաջիններից էր, որ բնակություն հաստատեց գյուղում: Գյուղի առաջին հարսանիքն էլ հենց Կարոյի որդու հարսանիքն էր: Աշխատասեր, համեստ ու հոգով-սրտով հողին նվիրված Կարոյի երազանքը «Թեւանիկ» խումբն է իրականություն դարձրել:

IMG_9562

«Ուղտասարում մեր զբաղմունքը այգեգործությունն ու բանջարագործությունն է: Միշտ հեռու-հեռավոր երազանք եմ ունեցել մեր բերքը մշակել եւ արտահանել: Աստծու կամքով եմ հասել այս հաջողությանը,- ասել է սկսնակ չրագործը եւ փորփրելով հարեւան Իրանից բերած չրի նմուշները` շեշտել,- կտեսնեք, մեր պատրաստած չիրը ամենաքաղցրն ու ամենահամովն է լինելու»:

Զարթոնք ապրող Ուղտասար համայնքի հողը բերրի է, կան մրգերի տասնյակ տեսակի այգիներ` սալորի, դեղձի, կեռասի, ծիրանի, ձմերուկի: Կարոյի որդին՝ Արթուր Հովսեփյանը վստահեցնում է՝ բերքի խնդիր չեն ունենալու.

IMG_9795

«Գյուղացիները տարիներ շարունակ ունեցել են բերքի իրացման խնդիր: Մեկ առ մեկ խոսել եմ գյուղում ապրող մարդկանց հետ, բոլորը միաձայն համաձայնել եւ ողջունել են արտադրության գաղափարը,- ասում է երեք երեխաների հայրը եւ ուրախությամբ շտապում կիսվել ապագա ծրագրերի մասին,- գյուղում հողամաս ունեմ եւ նպատակ ունեմ հետագայում այնտեղ արտադրամաս հիմնել, աշխատատեղեր ստեղծել»:

Չորացված մթերքների արտահանման խնդիր եւս չեն ունենալու, վստահեցնում է «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը.

«Մենք իրազեկ ենք պահելու այս ընտանիքին տարածաշրջանի շուկայի պայմաններին եւ պահանջներին, տեսականու նմուշներ ենք տրամադրելու եւ օժանդակելու ենք իրացման հարցում,- ասում է Իվետը,- «Թեւանիկ» խումբը 3-4 տարեկան երեխա է, որը սնվում է մայր հողում ապրող ժողովրդից: Մեր հայրենիքը մենք շատ թանկ գնով ենք ձեռք բերել, եւ չպետք է ոչինչ խնայենք հայրենիքը զարգացնելու հարցում: Անկախ նրանից, թե ինչ երկնքի տակ ենք ծնվել եւ ապրում` հայրենիքում, ազատագրված տարածքներում ապրող երեխաների համար լավ ապագա ապահովելը բոլորիս պարտքն է»:

IMG_9786

Սարքը հնարավորություն ունի 5-8 ժամվա ընթացքում 250 կգ չորացած միրգ պատրաստել: Նպատակ ունեն մի քանի տարի անց մեկ սարքի կողքին 2-րդ, 3-րդ սարքը տեղավորել:

IMG_9789

«Եթե ուզում ես ստեղծել հզոր Հայաստան, եթե ուզում ես վրեժ լուծել թուրքից, հենց նրա քթի տակ ստեղծիր հզոր, ազատ, հարուստ Հայաստան, որից ոչ մեկը չի ուզենա հեռանալ»` Պերճ Զեյթունցյանի խոսքերը մեջբերելով, ծրագրին իր մասնակցությունն ունեցած ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանը շեշտել է, որ «Թեւանիկ» խումբը գալիք հզոր Հայաստանի ուրվագծողն է:

IMG_9760

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը ծրագրի կարեւորության մասին խոսելով` շեշտել է, որ Ուղտասարի նոր սերունդը այսուհետ գյուղում մնալու եւ գյուղը շենացնելու հնարավորություներ ունի:

«Այս ծրագրիը շարունակական է եւ նպատակ ունի Արցախում զարգացնել մանր բիզնեսը»,- ասել է Ա.Գաբրիելյանը:

IMG_9782

Երեւանցի ու գորիսեցի, արմարվիրցի ու ստեփանավանցի. 17-ամյա Ուղտասարը մի հարկի տակ է հավաքել ամենաաշխատասեր ու ազնիվ մարդկանց, ովքեր քարը քարի վրա դնելով` հաստատուն քայլերով առաջ են շարժվում

«Մեզ պետք չէ գումար տալ, պետք է հնարավորություններ ստեղծել, որ մենք մեր գումարը սեփական քրտինքով վաստակենք: «Թեւանիկ» խումբն իր օգնությամբ նպաստեց մեր Ուղտասարի առաջ շարժվելուն: Վստահեցնում ենք՝ երկու տարուց «Ուղտասար» բրենդի չրեղեն է հայտնվելու միջազգային շուկայում»,- ասել է Ուղտասարի գյուղապետ Մանվել Պետրոսյանը:

Հ.Գ. «Ապառաժ»-ի հաջորդ նյութը «Թեւանիկ» բարեսիրական խմբի մասին չի ուշանա: Հաջորդ քայլը կրթամշակութային ծրագրերն են:

Լուսինե Թեւոսյան

1