Որ փրկվի շարունակության ճակատագիրը…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Որ փրկվի շարունակության ճակատագիրը…

Որ փրկվի շարունակության ճակատագիրը…

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ  նոյեմբերի 10-ին` Երիտասարդության օրը, Մարտունու մշակույթի տանը  կայացավ հուշ- երեկո` նվիրված հինգ մարտական ընկերներ Մերուժան Մոսիյանի, Մհեր Ջուլհաճյանի, Արտակ Մնացականյանի, Ռուդիկ Ավագյանի եւ Լեւոն Համբարձումյանի նահատակության 20-րդ տարելիցին:

 

Նախքան հուշ երեկոյի սկիզբը` երիտասարդները,  տղաների մարտական ընկերները եւ ընտանիքի անդամները այցելեցին տղաների շիրիմներին, որտեղ տեղի ունեցավ երդման արարողություն: Խորհրդանշական այս օրը ՀՅ Դաշնակցության շարքերը համալրվեց  նոր ընկերներով:

 

Մարտունու մշակույթի տանը հավաքվել էին  զոհված ազատամարտիկների  ընտանիքների անդամները,  մարտական, կուսակից ընկերներ, երիտասարդներ, ովքեր եկել էին  եւս մեկ անգամ հիշելու եւ գլուխ խոնարհելու նրանց անմահ հիշատակի առջեւ:

 

Ելույթի խոսքով հանդես եկան դաշնակցական պատանիները` մեկ առ մեկ  ներկայացնելով հինգ հերոսներին: Այնուհետեւ ներկաները դիտեցին  տեսաերիզ` նվիրված հինգ նահատակների կենսագրությանն ու գործունեությանը:

 

Երեկոյի ընթացքում ելույթի խոսքով հանդես  եկավ  ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի  անդամ, ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության  ղեկավար, ընկած տղաների մարտական եւ կուսակից ընկեր Արմեն Սարգսյանը:

 

Նա նշեց, որ բախտ է ունեցել 5 տղաներին էլ ճանաչելու: «Լեւոնը պարզ ու բռնկուն հոգի ուներ: Մհերը, գաղափարական հզոր մի անհատականություն լինելով, միացյալ հայրենիքը տեսնում էր նաեւ իր գործունեության մեջ: Եվ նրա համար ազատ, անկախ, միացյալ հայրենիքը լոզունգ չէր, կամ, ինչպես ինքն էր ասում` բառերի կույտ չէ, այլ իրականություն: Նա Լիբանանում թողելով սիրած աղջկան, եկավ միացավ այն մեծ գործին, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն: Արտակը մի առյուծ էր թե’ ֆիզիկապես, թե’ հոգեպես, ում առջեւ որևէ պատնեշ, խոչընդոտ չկար: Ռուդիկը  իր մեջ պարունակում էր խորհրդավոր մի մտահոգություն հայրենիքի նկատմամբ: Մերուժանին ամենալավն էի ճանաչում, որին կարող եմ բնութագրել երեք բառով` ազնվություն, նվիրվածություն, արդարություն: Այս երեք բառերը նրա կյանքի խորհրդանիշներն են, եւ դրանով էր նա առաջնորդվում միշտ: Երբեւէ չեմ տեսել որ նա բողոքի ժամանակ չունենալու մասին. օրերով չէր քնում, սակայն երբեք չեմ տեսել, որ բողոքի` ժամանակ չունենալու պատճառով»,- նշեց Ա. Սարգսյանը:

 

Շարունակելով իր խոսքը` Արմեն Սարգսյանը նշեց, որ այս տղաները չունեն մահ. նրանք արդեն հավերժացել են, նրանց կյանքը չի չափվում ինչ որ տարիների  վրա, այս տղաների գործը պետք է շարունակեն նրանց սերունդները: Նրանք ոչ թե անցյալում, այլեւ ապագայում են: Վերհիշելով անցյալի դեպքերը` Արմեն Սարգսյանը ներկաներին պատմեց մի դրվագ` Մերուժան Մոսիյանի հետ կապված:

 

«Ավտոբուսով Հացի գյուղից եկանք հասանք Մարտունի եւ պետք է նռնակներ տեղափոխեինք: Ամեն գյուղ ուներ նռնակների իր բաժինը, եւ հավաքված` Մարտունիում մտածում էինք, թե ինչպես կարող ենք տեղափոխել այդ նռնակները: Ազատ չէինք կարող տեղափոխել, քանի որ ռուսական անցակետերով պիտի անցնեինք: Մերուժանն  առաջարկեց  անել դա ռուսների օգնությամբ: Փաթաթեցինք նռնակները թերթերի մեջ,  դրեցինք ավտոբուսում` վարորդի մոտ, ավտոբուսը քշեցինք ուղիղ ռուսական անցակետ եւ ասացինք, որ ազերիները մեզ վրա հարձակվել են: Նրանք մեզ հետ սպա կարգեցին, եւ տեղ հասցրինք  նռնակները:

 

Այս տղաները ոչ միայն գործունեության մեջ էին անվախ, այլեւ մտածելակերպով էին անսովոր: Հակառակորդը շատ հաճախ չէր կարող կռահել նրանց միտքը»,- ավելացրեց նա:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի եւ Մերուժանի մտերմությունն ավելի խորը արմատներ ունի: Մտերիմ էին դեռ ուսանողական տարիներից` նախքան Արցախյան շարժումը: Այդ խորը արմատները ավելի պարտավորեցնող էր, առավել պարտավորեցնող էր այն հանգամանքը, որ երկուսն էլ դաշնակցական էին:

 

Դավիթ Իշխանյանի համոզմամբ` «…  մենք ունենք  ապագայի նկատմամբ թե’ հավատ, թե’ վստահություն` այն   պատճառով, որ  այս միջոցառումը երիտասարդ սերունդն է կազմակերպել»:

 

«Ճակատագրի բերումով ես եւս հինգին էլ լավ էի  ճանաչում, սակայն նրանք բոլորն էլ ունեին մեկ ընդհանուր դիմագիծ. դա հայրենիքին անձնուրաց ծառայելու, հանուն գաղափարի զոհաբերվելու հատկանիշներն են, որ նրանք ապացուցեցին իրենց գործով»,-նշեց նա:

 

Մերուժան Մոսիյանի այրին, ելույթ ունենալով ներկաների առջեւ, նշեց, որ միջոցառումը ապացույցն է նրա, որ մենք մշտապես հիշում ենք մեր տղաներին, եւ հավատացած է, որ իր ամուսնու եւ բոլոր նահատակների գործը այսօր շարունակում է նոր սերունդը:

 

Հուշ-երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՅԴ ԱԵՄ- ի  անդամ  Թամար Սարգսյանը`  նշելով, որ այս հերոս տղաների գործերը պարտավորեցնող օրինակ են ցանկացած երիտասարդի համար:

 

«Նրանք ոչ մի փոխարինություն բարոյական կամ նյութական չեն ակնկալել  այս աշխարհի կամ ուրիշ որեւէ աշխարհի մեջ: Գործել՝ վասն զի պետք է գործել, մեռնել՝ վասն զի պետք է մեռնել, այսպես կթելադրեր հայրենիքի եւ հարազատ ժողովրդի  իրական ձայնը: Կանցնեն տարիներ, դարեր, սակայն ժամանակի եւ տարածության անսահմանության մեջ մի փշուր անգամ չեն խամրի այդ լուսավոր ճակատները,  եւ  մենք` նորօրյա երիտասարդներս, պիտի արժեւորենք ու կարեւորենք նրանց հերոսական քայլը»,-ավելացրեց նա:

 

Օրվա պատգամից հետո ազգային, հեղափոխական, հեղինակային երգերով հանդես եկան երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը եւ Ռաշիդ Բաբայանը:

 

 

Պատրաստեց  Արմինե ՆԱՐԻՆՅԱՆԸ

1