Որեւէ մեկը իրավունք չունի թերահավատորեն մոտենալու Հայոց բանակի մարտունակությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Որեւէ մեկը իրավունք չունի թերահավատորեն մոտենալու Հայոց բանակի մարտունակությանը

Որեւէ մեկը իրավունք չունի թերահավատորեն մոտենալու Հայոց բանակի մարտունակությանը

Օգոստոսի 5-ին ՀՅԴ  Արցախի ԿԿ եւ ՀՕՄ-ի Արցախի մեկուսի միավորի նախաձեռնությամբ Արցախյան ազատամարտի 4 նահատակ հերոսների կանայք այցելեցին առաջնագիծ. Մերուժան Մոսիյանի այրի Գենյա Մոսիյանը, Աշոտ Ղուլյանի (Բեկորի) այրի Նելի Ղուլյանը, Արգամ Հարությունյանի(Շոշի Ագոյի) այրի Արմինե Հարությունյանը եւ Գագիկ Գրիգորյանի այրի Իրինա Գրիգորյանը:

 

Նախքան առաջնագիծ հասնելը նրանք այցելեցին N զորամաս: Առաջին իսկ րոպեից ականատես եղան զորամասում տիրող բարձր մարտական ոգուն: Առաջնագիծ մեկնած նախկին ազատամարտիկների հերթափոխի պահն էր: Նրանց ոգեւորությունն աննկարագրելի էր. կատակում էին, գրկախառնվում, խոսում ապագա պլանների մասին, եւ` որ դեռ անպայման կտեսնվեն առաջնագծում:

 

Նախկին ազատամարտիկ, ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի Ազատամարտիկների միության նախագահ Նորիկ Ավագիմյանը, արդեն մի քանի օր է, երիտասարդ զինվորների հետ սահմանն է պահում: Նրա խոսքերով` նախկին ազատամարտիկների ներկայությունն  ավելի է ոգեւորում զինվորներին: «Տղերքն առանց մեզ էլ պինդ են, բայց ժամանակին այս սահմանը մենք ենք պահել, այսօր ինչպես կարող ենք տանը նստել»,- նշեց նա:

 

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանը հօմուհիներին  ուղեկցեց առաջնագիծ: Նրա  խոսքերով` հայ զինվորի մարտական ոգին հիմա, առավել քան երբեւէ, անկոտրում է: «Մենք վստահ ենք, որ մեր տղաներն ամեն րոպե պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված ցանկացած մարտական առաջադրանք: Որեւէ մեկը իրավունք չունի թերահավատորեն մոտենալու Հայոց բանակի մարտունակությանը. հանգի’ստ եղեք, թիկունքը ապահով ձեռքերում է»,- նշեց փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանը:

 

Առաջնագծում զինվորները զբաղված էին իրենց առօրյա աշխատանքներով: Նրանց խոսքերով` վերջին երկու օրն ավելի հանգիստ է սահմանում:

 

Կրտսեր սերժանտ  Դավիթ Պետրոսյանը` այն հարցին, թե ինչ կցանկանար փոխանցել հարազատներին, պատասխանեց. «Բոլոր հայ ծնողներին, որոնց տղաները ծառայում են, կուզեի ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ապահովենք մեր եւ բոլորի անվտանգությունը:  Անշուշտ, կարոտում ենք նրանց, սակայն սա մեր պարտքն է, որ պետք է կատարենք: Ոչ մի լուրջ բան չկա. թող չհավատան տարբեր լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկություններին, այլ  հավատան միայն փաստերով հիմնավորված լուրերին»:

 

Դավիթ Պետրոսյանի խոսքերով` զինվորը սահման պահելիս ամենաշատը մտածում է իր ընտանիքի մասին: «Այն մի քանի մետրը, որ ես պահում եմ, պահում եմ իմ ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար,  իսկ մեր բոլորի ընտանիքների ամբողջությունը` դա մեր Հայրենիքն է: Հետեւաբար, ամեն մեկս մի քանի մետր պահելով` մեր լուման ենք ունենում հայրենիքի պաշտպանության գործում: Եթե հայրենիք չկա` չի կարող եւ ընտանիք լինել, եւ հակառակը»,- ասաց նա:

 

ՀՕՄ Արցախի մեկուսի միավորի ատենապետուհի, Արգամ Հարությունյանի այրի Արմինե Հարությունյանը, դիմելով սահմանապահ զինվորներին, նշեց, որ  իրենք այցելել են առաջնագիծ` ոչ թե համոզվելու, որ մեր թիկունքը եւ երկիրը վստահելի ձեռքերում են, դրանում կասկած անգամ չկա, այլեւ առաջնագծում կանգնածին ասելու, որ նրանց սիրում ու սպասում են, նրանց միշտ հավատացել են, հավատում են եւ հավատալու են: «Ինչպես պատերազմի տարիներին էինք մեր ամուսինների եւ եղբայրների թիկունքում կանգնած, այդպես էլ հիմա ենք պատրաստ` ամեն վայրկյան կանգնած լինել ձեր թիկունքում»,- նշեց նա:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1