Ոչ թե մեր ուսերի վրա տանենք աշխարհը, այլ փոխենք այն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ոչ թե մեր ուսերի վրա տանենք աշխարհը, այլ փոխենք այն

Ոչ թե մեր ուսերի վրա տանենք աշխարհը, այլ փոխենք այն

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր մարդկանց, այդ թվում 30 հազար երեխաների կյանք փրկած «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն այս օրերին գտնվում է Արցախում: Մայիսի 23-ին ազգությամբ թութսի, բուրունդիացի մարդասերը և նրան ուղեկցողները եղան Արցախի պետական համալսարանում ու հանդիպեցին ուսանողների հետ:

«Մարգարիտ Բարանկիցեի կյանքը մարդասիրության, ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու, օգնելու մի յուրօրինակ ոդիսական է և պատահական չէ, որ հենց նա է արժանացել այդ մրցանակին»,- ողջունելով հյուրերին, նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ընդգծել է, որ Մարգարիտ Բարանկիցեն այդ պատվավոր մրցանակին արժանացել է այն մեծ մարդասիրական առաքելության համար, որ իրականացրել ու այսօր էլ շարունակում է իրականացնել իր երկրում՝ Բուրունդիում:

«Մի քանի օրից Երևանում կամփոփվեն «Ավրորա» արդեն երկրորդ մրցանակաբաշխության արդյունքները և Մարգարիտ Բարանկիցեն Հայաստան է այցելել հենց այդ առիթով և ցանկություն է հայտնել նախքան մրցանակաբաշխությունը լինել Արցախում, ինչի համար մենք անչափ ուրախ ենք»,- ասել է Նարինե Աղաբալյանը:

Մարգարիտ Բարանկիցեին ուղեկցում է «Ավրորա» մրցանակի նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը: Ներկայացնելով «Ավրորա»-ի ստեղծման պատմությունը նա նշել է. «Եղռնի մասին խոսելիս մենք բոլորս խոսում ենք զոհվածների մասին, դատապարտում ենք մեղավորներին, որն, իհարկե, շատ կարևոր է և պետք է շարունակենք, բայց մի քանի տարի առաջ ավելի քիչ էինք խոսում նրանց մասին, ովքեր փրկվել են և նաև նրանց մասին, ովքեր օգնեցին հայերին փրկվել»: «Շնորհակալ լինելը մարդու կարևորագույն հատկանիշներից է, հույս ունեմ, որ  «Ավրորա»-ի շնորհիվ կկարողանանք ստեղծել մի միջազգային շարժում, որին միանալով մարդիկ իրենց շնորհակալությունը գործով կհայտնեն»,- ավելացրել է Արման Ջիլավյանը:

«Ես խոսքեր չեմ գտնում արտահայտելու իմ հիացմունքն այս երկրի բնակիչների նկատմամբ: Կոչ եմ անում, ինչպես Ձեր ծնողները ոտքի կանգնեցին իրենց երկրին տեր կանգնելու համար, այսօր էլ դուք կանգուն մնաք՝ երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար: Մենք բոլորս պետք է ջանանք ավելի լավ աշխարհ, ավելի լավ ապագա ստեղծել: Ոչ թե պետք է աշխարհը տանենք մեր ուսերի վրա, այլ փոխենք այն»,- իր խոսքում ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

 

1