Շուշիի վերին մզկիթի շրջակայքում այս օրերին վերականգնման աշխատանքներ են ընթանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շուշիի վերին մզկիթի շրջակայքում այս օրերին վերականգնման աշխատանքներ են ընթանում

Շուշիի վերին մզկիթի շրջակայքում այս օրերին վերականգնման աշխատանքներ են ընթանում

Շուշիի վերին մզկիթի շրջակայքում նախատեսվում են վերականգնման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ու հավելել, որ վերականգնումից առաջ այժմ տարածքում պեղման, մաքրման աշխատանքներ են տարվում:

Շուշիի պարսկական մզկիթը կառուցվել է 1883 թվականին իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի գծագրով՝ քաղաքի մուսուլմանական մասի կենտրոնում: Շինության գլխավոր   ճակատի երեք կամարաձև մուտքերը ընդգծված են երկու բարձր մինարեթներով: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմա-երկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում էին յուրահատուկ  ցուցադրանմուշներ, այդ թվում` արվեստի գլուխգործոցներ: 1992թ. մայիսին` Շուշիի ազատագրման ռազմագործողության ժամանակ, մզկիթին լուրջ վնաս էր հասցվել: Ներկայումս այնտեղ իրականացվում են լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ:

Շուշիի պարսկական մզկիթը վերականգնվելու է ոչ պետական միջոցների հաշվին: Վերականգնման նախագիծը կազմվել է ՀՀ-ում գործող  «Արևելյան ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ։

Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից է պահպանվող հնավայրերի տարածքներում պեղումներ իրականացնելը։ Տարվա ընթացքում նախատեսվում են պեղումներ իրականացնել Տիգրանակերտում, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում:

Նոր Կարմիրավանի հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանի խոսքով՝ գյուղի տարածքում 2000-ական թթ. փորված ջրանցքի հատակին պատահաբար մ.թ.ա. 7-5-րդ դարերով թվագրվող փոքր սափոր է գտնվել ու որոշել են այդտեղ հետախուզական աշխատանք կատարել, որի արդյունքում տեղում հիմնահողային թաղում է հայտնաբերվել՝ ուղեկցող նյութով. 18 տարբեր տեսակի և չափի անոթներ, բրոզնից ուլունքներ: Ըստ հնագետի՝ նյութն ամբողջությամբ թվագրվում է մ.թ.ա. 9-7-րդ դարերով:

2016թ. վերջերին մարդակերպ կոթողներ՝ մահարձաններ են հայտնաբերվել այնտեղ: «Այս տարի նախատեսվում է շարունակել աշխատանքները, քանի որ անցած տարի և միջոցները, և եղանակը թույլ չտվեցին ամբողջացնել աշխատանքները: Այս տարվա ընթացքում Նոր Կարմիրավանի մահարձանների շրջակայքում պեղումները կշարունակենք ու կավարտենք այս փուլը»,- նշել է Նժդեհ Երանյանը:

Անդրադառնալով 2016թ. ապրիլին զինվորների կողմից հնագիտական արժեք ներկայացնող գտածոների հայտնաբերմանը՝ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը տեղեկացրել է, որ այդ գործընթացն անընդհատ է: «Եթե զինվորների կողմից հայտնաբերվածը ամբողջացնենք, կարելի է գեղեցիկ ցուցադրություն կազմակերպել»-, համոզված է նա: Ապրիլը դրանով չի առանձնանում, ուղղակի պրոցեսը մի քիչ արագացրեց և հնչեղությունը բարձրացրեց: Քանի որ ապրիլին անմիջապես հաջորդեցին տարբեր հատվածներում ակտիվ շինարարական, ինժեներական աշխատանքները, զուգահեռ նյութերի հայտնաբերում, դրա համար հնչեղությունը մի քիչ բարձր է:

Հնագետի տեղեկացմամբ՝ տեղում մասնագետների կողմից մի քանի օր պեղման աշխատանքներ արվել են, բայց դրանից հետո աշխատանքները չեն շարունակվել, քանի որ այն առնչվում է սահմանագծին և կապված է անվտանգության հետ:

Իսկ Ադրբեջանի կողմից Արցախում աշխատող այլազգի հնագետների նկատմամբ հնչեցվող սպառնալիքները, հնագետի կարծիքով, անլուրջ են, որովհետև որևէ իրավական հիմք չունեն: «Ի ուրախություն մեզ, համապատասխան կառույցներն արձագանքեցին և որևէ վտանգ չկա»,- նշել է Նժդեհ Երանյանը:

«Վստահ եմ, որ Ադրբեջանի այդ քայլը որևէ խոչընդոտ չի առաջացնելու հետագայում այստեղ, թե միջազգային արշավախմբերի հնագետների մասնակցությանը, թե բնականաբար տեղի մասնագետների կողմից տարբեր հուշարձանների պեղմանը»,- համոզված է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:

1