«Շնորհալիներ- 2017»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Շնորհալիներ- 2017»

«Շնորհալիներ- 2017»

Մայիսի 13-14-ին ՀՀ շնորհալիների «Իզաբել» կենտրոնն իր ստեղծման 25-ամյակին ընդառաջ ՀՀ-ում և Արցախում կազմակերպեց «Շնորհալիներ -2017» հանրապետական 12-րդ մրցույթ-փառատոնը:

Արցախում մրցույթ-փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 13-ին ՝ Ստեփանակերտի Շառլ Ազնաուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում:

«Շնորհալիներ 2017» մրցույթ-փառատոնի նպատակն է հայտնաբերել նոր շնորհալիներ, աջակցել նրանց, տեսագրել, ձայնագրել, կազմակերպել մրցույթ-փառատոնի դափնեկիրների համերգներ, հայտնաբերված նոր շնորհալիներին ներկայացնել Հայաստանում, Արցախում և արտերկրում:

Մրցույթ-փառատոնին մասնակցում են ԱՀ 10-20 տարեկան պատանիներ և աղջիկներ, որոնք ներկայանում են հետևյալ ժանրերով՝

-երգ՝ ժողովրդական, դասական, ազգագրական, էստրադային,

-երաժշտական գործիքներ՝ դասական, ժողովրդական,

-պար՝դասական, ժողովրդական, ժամանակակից,

-ստեղծագործական արվեստ՝ երաժշտություն, պոեզիա, ասմունք,

-նկարչություն,

Մրցույթ-փառատոնի հանձնախմբում ընդգրկված են ՀՀ և ԱՀ լավագույն մասնագետներ՝ երգահան- դաշնակահար Հռիփսիմե Խրիմյան, գեղանկարիչ Լիպարիտ Շահինյան, Սուրբ Սարգիս եկեղեցու ավագ քահանա Պետրոս Մալյան, Ազգային օպերայի մեներգչուհի Լիլիթ Գրիգորյան, «Իզաբել» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Եգիպտոսի նախագահի ոսկե մեդալակիր Մարիետտա Ավագյան, «Շողակն արարատյան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Վարդգես Եղիազարյան, Ստեփանակերտի Շառլ Ազնաուրի անվան մշակույթի կենտրոնի պարարվեստի ուսումնարանի տնօրեն Ռաուլ Բաբայան, Պարարվեստի քոլեջի պարուսույց Մհեր Բաբայան:

Փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը կկազմակերպվի հունիսին Երևանում:

Մրցույթ-փառատոնին ելույթ ունեցան 425 պատանիներ՝ Ստեփանակերտի մանկա-պատանեկան ստեղծագործական կենտրոնից, Ճարտարի արվեստի դպրոցից, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնից, Վանքի արվեստի դպրոցից, Ասկերանի, Աստղաշենի արվեստի դպրոցներից, Մարտունու արվեստի դպրոցից, Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից և այլ ստեղծագործական խմբեր:

«Իզաբել» մրցույթը, որ անցկացվում է Արցախում, շատ ոգևորիչ է, քանի որ ցանկանում էինք տեսնել և՛ Հայաստան աշխարհի և Արցախի մշակութային ուժերը: Ձգտումը բոլորի կողմից զգացվեց, որ կա, բայց շատ-շատ աշխատանքի տեղ կա նաև: Այդ ամենը հասկանալի է: Եթե պատերազմական այսպիսի իրավիճակում այսքան ուշադրություն է դարձվում մշակույթին, դա ամենամեծ նվաճումն է: Գու՞ցե դա մի զենք է, որով  մենք կարողանանք հաղթահարել արհավիրքը»,- ասաց «Իզաբել» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Եգիպտոսի նախագահի մեդալակիր Մարիետտա Ավագյանը:

1