Շարունակվում են «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շարունակվում են «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները

Շարունակվում են «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները

2017 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն իր հերթական հանդիպումը կազմակերպեց Ասկերանի շրջանի Խրամորթի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ:

Խմբակցության անդամներ Ալյոշա Գաբրիելյանը և Ռիտա Մնացականյանը  հակիրճ տեղեկատվություն ներկայացրեցին ԱՀ ԱԺ և «Դաշնակցություն» խմբակցության գործունեության, ԱՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո հետսահմանադրական օրենսդրական նախաձեռնությունների մասին: Անդրադարձ եղավ նաև արտաքին ճակատում Արցախի հիմնահարցի առնչությամբ  զարգացումների, ինչպես նաև հանրապետության ներքին կյանքին վերաբերվող մի շարք հարցերի և խնդիրների:

Մանկավարժական կոլեկտիվին մտահոգում էր դպրոցական շենքի անմխիթար վիճակը: Պատերազմական գործողությունների հետևանքով ամբողջովին ավերված շենքի միայն մի մասն է վերանորոգվել: Տարիներ ի վեր չի վերանորոգվում մարզադահլիճը և չեն բարելավվում կրթօջախի նյութատեխնիկական պայմանները: Դպրոցը կահույքի խիստ կարիք ունի:

Խրամորթ գյուղն ունի նաև ջրամատակարարման խնդիր. առկա համակարգը չի բավարարում բնակչության պահանջարկին, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին գյուղում ստեղծվում է անչափ  դժվար կացություն:

Համայնքում առկա են սեփականաշնորհված բավականին բերրի տարածքներ, սակայն ոռոգման բացակայության և բնակլիմայական չոր պայմանների հետևանքով մնում են անօգտագործելի:

Բնակիչները հարց բարձրացրին նաև, որ, անտեղյակ լինելով քաղաքաշինության բնագավառի օրենսդրական պահանջներին, տարիներ շարունակ իրենց պատկան հողամասերում կատարել են կառուցապատման աշխատանքներ, սակայն չեն կարողանում օրինականացնել կառուցված շինությունները: Փաստորեն այդ օբյեկտները չեն գրանցվում անշարժ գույքի գրանցման տարածքային մարմինների կողմից և որպես տվյալ անձի սեփականություն չեն հաշվառվում:

Այս և մյուս բարձրացված հարցերի մի մասին խմբակցության անդամները տեղում տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ մի շարք հարցեր խոստացան քննարկել գործադիր իշխանության համապասխան մարմինների հետ:

20171201_141626

Անցած շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 29-ին, «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպում էր ունեցել նաև Բերձորի թիվ 1 դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ:  Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կոմիտեության անդամները:

Հանդիպման ընթացքում խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ԱՀ ԱԺ, «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը, խոսել հանրապետության ներքին կյանքին վերաբերվող մի շարք հարցերի, հիմնախնդիրների մասին:

Հանդիպմանը ներկա ուսուցիչների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախյան հիմնահարցին, ՀՀ և ԱՀ հարաբերություններին, ուսուցիչների սոցիալական իրավիճակին, Բերձորի ջրամատակարարման ապահովմանը, դպրոցներում ներառական կրթությանը և ներքին այլ քաղաքական հարցերի: Հարցերի մի մասին տեղում տվեցին անհրաժեշտ պատասխաններ, իսկ որոշ հարցերի պատասխանները կքննարկվեն գործադիր իշխանության համապատասխան մարմինների հետ:

1