Շարունակվող հայրենաշինություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շարունակվող հայրենաշինություն

Շարունակվող հայրենաշինություն

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն արդեն 10 և ավելի տարի է, ինչ բարեգործական ծրագրեր է իրականացնում Քաշաթաղի շրջանում: 2017 թ. հիմնադրամի ֆինանսավորմաբ «Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը հիմնանորոգեց շրջանի հյուսիսային և պատմական անցյալ ունեցող Հակ գյուղի դպրոցի շենքը, որի բացումը կայացավ սեպտեմբերին:

Դեկտեմբերի 25-ին Իշխանաձոր գյուղում կայացավ նույն «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցված բնակելի մեկ առանձնատան և հիմնանորոգված բուժկետի բացման աարարողությունը: Իշխանաձորի բուժկետը, որն սպասարկում է տարածքի բնակչությանը, մոտ 10 տարվա պատմություն ունի և նույնպես կառուցվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից: Բնակելի առանձնատունը կառուցվել է Լիբանանից հայրենիքում բնակություն հաստատած Վահե Աշկարյանի ընտանիքի համար: Շինարարությունն սկսվել էր օգոստոսի սկզբից և ավարտվեց վերջերս:

Սկզբում բարերաները տան բանալին հանձնեցին Աշկարյան ընտանիքին: Նորամուտին ներկա էին «Թուֆենկյան» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Արցախի ներկայացուցիչ Էդիկ Գրիգորյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը, բնակիչներ, հյուրեր, շինարարներ: Տան տերը շնորհակալություն հայտնեց բարերարներին, շինարարներին, Քաշաթաղի շրջվարչակազմին, որ այս գեղեցիկ ու եռասենյակ առանձնատունը նվիրեցին իր ընտանիքին: Ասաց նաև, որ գալով Լիբանանից Իշխանաձոր՝ արդեն հարմարվել է տեղի կյանքին, 3-4 տարիների ընթացքում այգի է տնկել, հող է մաքրել մացառներից՝ դարձնելով բանջարանոց:

— Մեր հայրենիքն է՝ պարտավոր ենք շենացնել, -հավելեց Վահեն:

Ր. Դուդակլյանը շնորհակալություն հայտնեց շինարարներին, որ ժամանակին և որակով շահագործման հանձնեցին առանձնատունը և շնորհավորելով Աշկարյաններին և ասեց, որ իրենց պարտավորությունն է օժանդակել Արցախի իշխանություններին նաև բնակարաններ կառուցելով:

Իշխանաձորի բուժհաստատության շենքն անցած տարիների ընթացքում դարձել էր անհամատեղելի իր կոչմանը, և այս անգամ դարձյալ «Թուֆենկյան» հիմնադրամն ստանձնեց այդ կարևոր շենքի հիմնանորոգումը: Վերաբացման արարողությանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, Կովսականի տարածքային հիվանդանոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով ղեկավարում է նաև Իշխանաձորի բուժկետը: Լ. Սարգսյանը երախտագիտություն հայտնեց «Թուֆենկյա» հիմնադրամին՝ իրականացրած բարեգործության համար և համոզմունք հայտնեց, որ հիմնադրամը նոր ու բարի անակնկալներ ևս կմատուցի քաշաթաղցիներին:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանն անդրադարձավ հիմնադրամի իրականացրած աշխատանքներին Քաշաթաղի շրջանում, նշեց, որ միայն Իշխանաձորում սիրիահայ ու լիբանանահայ վերաբնակիչների համար հիմնադրամը 6 առանձնատուն է կառուցել: Հայտնեց շնորհակալություն նաև շինարարներին, ովքեր 5-6 ամսվա ընթացքում ավարտեցին հիմնանորոգման աշխատանքները: Րաֆֆի Դուդակլյանը շնորհավորեց հիվանդանոցի բուժանձնակազմին՝ նորոգված ու հարմարավետ շենք ունենալու համար: Օրվա ընթացքում Իշխանաձորում կայացավ Ամանորին նվիրված տոնական միջոցառում գյուղի հրապարակում տեղակայված տոնածառի մոտ:

Զոհրաբ Ըռքոյան

1