Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվեց ազգային հերոսի կոչում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվեց ազգային հերոսի կոչում

Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվեց ազգային հերոսի կոչում

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արցախի ազգային հերոսի կոչում է շնորհվել լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանին:

Այսօր Արցախում, հանրահայտ «Եղնիկներ» զորամասում կանգնեցվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՅԴ Բյուրոի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Շահեն Մեղրյանի կուսակցական եւ մարտական ընկերները:

 

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։ Սկզբում աշխատել է որպես տնտեսագետ, ապա շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար։ 1981-1988 թթ. եղել է պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991 թթ.` Ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թթ. շրջանի շրջկոմի նախագահ և առաջին քարտուղար։

 

Շահեն Մեղրյաին մարտական ուղին սկսվել է 1988 թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, որ զգաց, թե առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ։ 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1990 թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին։

 

Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում, 1990 թ. հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում։ 1991 թ., երբ տխրահռչակ «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։

 

1991 թ. հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ 1991 թ., Շահենը՝ իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։ Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով, գրավված տարածքները, ազատագրել։ 1991 թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։

 

Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ։ 1992 թ.հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ՝ թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք։ Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։

 

Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ազերիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։ Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը։ 1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիսատնը և գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները։1993 թ.  ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։

 

Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։ Բայց, ավաղ, 1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվեց ռուսական ուժերի կողմից… բոլորը զոհվեցին։  1993 թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։

1