Նոր Սահմանադրության ընդունումով մենք հեռանում ենք մեկ միասնական քաղաքական դաշտից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր Սահմանադրության ընդունումով մենք հեռանում ենք մեկ միասնական քաղաքական դաշտից

Նոր Սահմանադրության ընդունումով մենք հեռանում ենք մեկ միասնական քաղաքական դաշտից

Իր մտահոգություններն է կիսում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

-Ինչքանո՞վ էր հրատապ նոր Սահմանադրության ընդունումը: Դրա անհրաժեշտությունն ինչքանո՞վ էր արդարացված:

— Դեռևս ապրիլյան պատերազմից շատ առաջ քաղաքական ուժերը դիմել էին ԼՂՀ նախագահին՝ երկրում սահմանադրական բարեփոխություններ անցկացնելու առաջարկով, ինչպես այն արվել է Հայաստանի Հանրապետությունում, որով ՀՀ-ն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Կառավարման այդ ձևը հոգեհարազատ է ՀՅԴ-ին, քանի որ սկսած 1918-1920 թվականների Հայաստանի առաջին հանրապետությունից կառավարման համակարգն այդպիսինն էր, կառավարման այդ ձևն էր ընդունված նաև 3-րդ հանրապետության անկախության հռչակումից ի վեր, երբ ՀՅԴ-ն նորից առաջարկեց խորհրդարանական կառավարման մոդելը: Բնականաբար այդ մոդելը 1995 թվականին չընդունվեց ՀՀՇ-ական կառավարման օրոք, անցավ նախագահական կառավարման համակարգը:

Երբ ընդունվեց ԼՂՀ առաջին Սահմանադրությունը, Դաշնակցությունը դարձյալ տարբեր քաղաքական հարթակներում առաջ էր քաշում այդ հարցը, բայց ընդունվեց կիսանախագահական կառավարման համակարգը: Եւ 2015 թվականի վերջին ՀՀ-ում ընդունվեց ՀՅԴ-ի կողմից հավանության արժանացած սահմանադրական բարեփոխումների մասին օրինագիծը: Կարծում էինք, որ նույնը կկատարվի նաև ԼՂՀ-ում, քանի որ ի վերջո բոլորիս երազանքը մայր Հայաստանին միավորումն է և ցանկալի է, որ 2 հայկական հանրապետություններում գործեր նույն քաղաքական համակարգը, բայց, ցավոք սրտի, 2016 թվականի օգոստոսին առաջարկվեց մի հայեցակարգ, որը համահունչ չէ ՀՅԴ ծրագրին ու դիրքորոշումներին:

— Վերջերս շրջանառության մեջ է դրվել այն արտահայտությունը, որ ԼՂՀ նոր Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի կողմից այսպես ասած՝ «դեսանտ իջեցված» սահմադրություն է: Ի՞նչ կասեիք այդ մասին:

— Ես ձեռնպահ եմ մնում սահմանադրությունն ինչ-որ անձերի հետ կապելու մտայնությունից, համենայն դեպս ով էլ որ լինի այս սահմանադրության նախագծի հեղինակը, այն չի արտացոլում հետևյալ 3 հայեցակարգերը՝ սահմանադրական կարգ, ժողովրդավարական սկզբունքներ և ազգային նպատակներ, որին պետք է պատասխան տա առաջադրվող սահմանադրությունը: Որպես այս երկրի քաղաքացի, ցանկալի է տեսնել ընկալելի համակարգ. եթե նախագահական է, ընկալելի նախագահական լինի, եթե խորհրդարանական է, ընկալելի՝ խորհրդարանական: Եվս մի հանգանանք՝ ցանկացած սահմանադրություն եթե փոխվում է, նախկինից լավը պետք է լինի: Ցավոք սրտի, այս հարցում ևս առաջընթաց չկա: Ես սահմանադրագետ չեմ, բայց գտնում եմ, որ այն սինթեզել պետք չէ:

— 2017 թվականի հունվարի 19-ին գումարվեց ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որում Դաշնակցությունը» դեմ քվեարկեց նոր սահանադրության նախագծին: Որպես «Դաշնակցություն» խմբակցության անդամ, մասնավորապես ո՞ր հոդվածներին դեմ կքվեարկեիք:

— Խոսքը վերաբերում է մասնավորապես 89-ից 103-րդ հոդվածներին, դա թե՛ համաժամանակյա ընտրություններն են, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված մեր մտահոգություններն են, կառավարության կառուցվածքի վերաբերյալ մեր առաջարկություններն են և ընդհանրապես՝ առանցքային կետերի վերաբերյալ մեր առաջարկներն են, որոնք ընդունվելու դեպքում մենք կունենայինք շատ ավելի ընկալելի սահմանադրություն, որոնցով կշարժվեր մեր երկիրը և հեռու չէինք լինի այն քաղաքական համակարգին,  որ ձևավորվել և ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար պարզ չէ նաև հակակշռման մեխանիզները:

— Վերջերս հայտնի դարձավ նաև, որ դեմ քվեարկողներից «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը Սահմանադրությանը դեմ քվեարկողների շտաբ է ստեղծել: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:

— Դա ցանկացած կուսակցության ձևաչափն է, մենք էլ ենք շրջաններում հանդիպումներ ունեցել մեր կուսակցական ընկերների և համակիրների հետ, բացատրել նախագծին դեմ քվեարկելու մեր հիմնավորումները, այսինքն՝ ցանկացած քաղաքական ուժ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է մասնակցություն ունենա հանրաքվեին իր ձևաչափով:

— 2017 թվականի ապրիլին ՀՀ-ում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և Հայաստանն այդպիսով անցում կկատարի խորհրդարանական կառավարման մոդելին, իսկ ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի ընդունումից հետո ԼՂՀ-ում կլինի կենտրոնաձիգ նախագահական կառավարում: Արդյո՞ք հակասություններ չեն առաջանա հայկական 2 հանրապետությունների իրավա-քաղաքական դաշտում:

— Մեր մտահոգություններից մեկն էլ այն է, որ դրանով մենք հեռանում ենք մեկ միասնական քաղաքական դաշտից, որը պետք է ձևավորվեր հայկական 2 հանրապետությունների միջև, մինչև վերամիավորումը:

  Հարցազրույցը՝ Լ. Բաղրյանի

1