Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության անդամները Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության անդամները Արցախում

Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության անդամները Արցախում

Հուլիսի 14-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ ընդունել են Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության անդամներին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական եւ տնտեսական կացության վերաբերյալ, անդրադարձել Արցախյան հիմնահարցին եւ խոսել ՀՅԴ-ի կատարած աշխատանքների եւ անելիքների մասին:

«Ապառաժ»-ը զրուցել է Հայ կանանց գթության միության ատենապետուհի Արմինե Սիմոնյանի հետ:

-Ի՞նչ նպատակով եք Արցախում:

Հայ կանանց գթության միության այս շրջագայությունը ճանաչողական նպատակ ունի: Միության 16 անդամներով մի շաբաթով եկել ենք՝ Արցախը մոտիկից տեսնելու եւ ժողովրդի հետ շփվելու նպատակով:

-Երբվանի՞ց է գործում Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միությունը:

-Մեր միությունը հիմնադրվել է 1915 թվականին եւ հանդիսանում է ՀՅ Դաշնակցության մասնաճյուղ:

Հայ կանանց գթության միությունը Նոր Ջուղայում առաջինն էր ստանձնել հայապահպանության խնդիրները՝ իրականացնելով ազգային, մշակութային եւ կրոնական տարբեր ծրագրեր:

Այսօր միությունն ունի 36 անդամ:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

-Մեր միությունը բարեսիրական միություն է. տարբեր օգնություններ ենք տրամադրում, հովանավորում ենք Նոր Ջուղայի հայկական ծերանոցը, օժանդակում ենք նաեւ հայկական դպրոցներին եւ մարզամշակութային միություններին: Օժանդակությունների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Իրանով: Պարբերաբար օժանդակում ենք Հայ Դատի աշխատանքներին եւ օգնում Ջավախքի հայությանը:

Ինչ վերաբերվում է Արցախին, ապա Արցախը մեր օրակարգի հիմնական եւ առաջնային կետերից է: Միջոցառումներ ենք կազմակերպում եւ կուտակված գումարները հատկացնում Արցախին: Հովանավորել ենք Արցախի 24 զոհված զինծառայողի եւ ծնողազուրկ երեխաների, տրամադրել ենք նյութական օժանդակություններ: Մեր ներդրումն ենք ունեցել նաեւ Ստեփանակերտի <<Սոսե>> մանկապարտեզի շինարարության գործում՝ 5000 ԱՄՆ դոլարի չափով: Առաջիկայում եւս պատրաստվում ենք նոր ծրագրեր կյանքի կոչել:

1