Նոր մարտահրավերն է` պահպանել հաղթանակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր մարտահրավերն է` պահպանել հաղթանակը

Նոր մարտահրավերն է` պահպանել հաղթանակը

Ստեփանակերտում կայացել է Հանրապետական բժշկական կենտրոնի բացման արարողությունը

Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտում կայացավ Հանրապետական բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էր ԼՂՀ նախագահը, պաշտոնատար այրեր ՀՀ-ից, ԼՂՀ-ից եւ <<Տաշիր>> ընկերության ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանն, ում միջոցներով էլ կառուցվել է ժամանակակից  բժշկական կենտրոնը, որը կրում է Սամվել եւ Կարեն Կարապետյանների ծնողների՝ Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անունը: 

Առողջապահության նախարար Զ. Լազարյանը հավաստիացնում է, որ բժշկական կենտրոնն ի վիճակի է բարձրորակ բժշկական օգնություն ցուցաբերել առաջատար կլինիկաների մակարդակով. <<Բժշկական կենտրոնը հագեցած է նոր սերնդի առաջնակարգ բուժսարքավորումներով, որոնց միջոցով ախտորոշման, բուժման եւ վերակենդանացման ծառայությունները որակական նոր մակարդակի վրա կբարձրացվեն>>:  

 

Կենտրոնը նախատեսված է 136 մահճակալի համար, այդ թվում` 60-ը թերապեւտիկ բաժանմունքում, 60-ը վիրաբուժական բաժանմունքում: 16-ը` վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:  Առկա է պլանային հիվանդների ընդունարան, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք` իր բարձրակարգ բժշկական սարքավորումներով հագեցած երկու ռեանիմոբիլներով, վիրահատական բլոկ, հեմոդիալիզի բաժանմունք,  վարչատնտեսական մաս եւ շենքից դուրս տեղակայված է տնտեսական մաս:

 

Բժշկական հսկա կենտրոնը՝ 10.000 քմ տարածքով, գերհագեցած է ժամանակակից բուժտեխնիկայով, դիագնոստիկ, վիրաբուժական, ինտենսիվ թերապիայի, վերականգնողական լավագույն սարքավորումներով, որոնք կովկասյան տարածաշրջանում միակն են: Համալիրի ճարտարապետական լուծումը (ճարտարապետն է Վահագն Վերմիշյանը) համապատասխանում է ժամանակակից բուժհաստատությունների բոլոր պահանջներին՝ իր կառուցվածքով, բաժինների ֆունկցիոնալ նշանակությամբ, հարմարավետությամբ: Բուժհամալիրը երկու վիրահատարան է ներառում եւ վերակենդանացման գերհագեցած տեխնիկայով վերակենդանացման կենտրոն: «Տաշիր» ընկերությունը նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան եւ անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցած վերակենդանացման 2 գերժամանակակից ավտոմեքենաներ է նվիրաբերել հիվանդանոցին:

 

Բուժհաստատությունը բարեգործական հիմունքներով է կառուցվել: Ըստ կառուցապատողների՝ շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման համար ներդրվել է 22 մլն ԱՄՆ դոլար: 

 

<<Հանրապետական բժշկական կենտրոնի շահագործմամբ ԼՂՀ առողջապահության համակարգը թեւակոխում է զարգացման մի նոր փուլ` կոչված լինելով ապահովել Արցախի ժողովրդին հարիր բուժսպասարկման նոր մակարդակ,- հավաստիացրեց առողջապահության նախարարը եւ հավելեց,- որպես առողջապահության պատասխանատու` ուզում եմ վստահեցնել բոլորին, որ մենք մեր հերթին ջանալու ենք շենքային պայմաններին  համապատասխան բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել մեր բնակչությանը>>:

 

<<Տաշիր>> ընկերության ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանը հպարտ էր, որ հաղթանակած հողում է գտնվում.

 

<<Ես շատ հպարտ եմ գտնվել մեր հաղթանակած հողում: Բորորս գիտենք, որ այդ հաղթանակը կերտել են ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ Սփյուռքի  լավագույն զավակները: Մեր բոլորիս առջեւ այժմ նոր մարտահրավերներ են ծառացած` պահպանել այդ հաղթանակը: Պահպանել եւ ապահովել Ղարաբաղի զարգացումը, ստեղծել պայմաններ` Ղարաբաղի ժողովրդի  երջանիկ ապրելու համար, իսկ ժողովուրդը երջանիկ կլինի, եթե ունենա առողջ մարմին, առողջ հոգի: Այդ  էլ մենք փորձել ենք մեր այս նախագծով ապահովել: Չեմ ուզում ամպագորգոռ խոստումներ տալ, բայց հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր ընտանիքը միշտ սատարելու է բոլոր այն նախագծերը, որը կապահովի Ղարաբաղի ժողովրդի երջանկությունը: Շնորհակալություն եմ հայտնում Ղարաբաղի ժողովրդին մեր փոքրիկ գործը գերագնահատելու համար>>:

 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1