Նոր եզրահանգումների եւ նախաձեռնությունների ժամանակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Նոր եզրահանգումների եւ նախաձեռնությունների ժամանակը

Նոր եզրահանգումների եւ նախաձեռնությունների ժամանակը

ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի քննարկումն այլեւս եղելություն է:  Եվրոպական խորհուրդն արդեն իսկ հաստատեց, որ պատգամավորների մեծ մասն անտեղյակ էր քննարկվող նյութերի իսկությունից, կամ էլ ուղղակի այն հետաքրքիր չէր  նրանցից շատերի համար: Սակայն, զավեշտալին այն է, որ հենց իրենք՝ հակահայկական բանաձեւերի նախագծերը ամբիոնից հոխորտալով ներկայացնող պատգամավորներն անգամ <<բանից անտեղյակ էին>>: Երբեւէ չլինելով իրենց իսկ ասած՝ <<Ադրբեջանի գրավյալ տարածքում>>, երբեւէ սեփական աչքով չտեսնելով Սարսանգի ջրամբարն ու <<միտումնավոր ջրազրկվող տարածքները>>, նրանք խաղում էին վարձու խամաճիկների  իրենց ծիծաղելի դերերը:

 

Փաստ է, որ նման որակի պատգամավորների համար այս նստաշրջանը եւ ընդհանրապես ԵԽԽՎ-ն Ադրբեջանի գրպանները թափ տալու լավ միջոց է: Իսկ ԵԽԽՎ-ի նման գործելաոճն առաջին հերթին վնասում է հենց իր՝ միջազգային կառույցի հեղինակությանը:

 

Արդյունքում՝ մեկ բանաձեւ չընդունվեց, ինչում որոշիչ դեր խաղացին ոչ թե  եվրապատգամավորների՝ հարցի վերաբերյալ <<սթափ կամ անկողմանակալ>>  մոտեցումները, այլ հայկական ուժերի` միասնական ճակատում հանդես գալու, հատկապես ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի լոբբիստական աշխատանքներն ամբողջ Եվրոպայում:

 

Եթե Միլիցա Մարկովիչի տխրահռչակ զեկույցի ընդունումով ճգնաժամ ապրող Ադրբեջանը մի ուրախանալու առիթ ունեցավ, ապա Ուոլթերի բանաձեւի մերժումը հանկարծակի ապտակ եղավ Ալիեւի դեմքին, ինչը ցույց տվեց, որ այս անգամ իսկապես պետական բյուջեի փողերն իզուր քամուն են տրվել: Ուոլթերի բանաձեւի տապալումը հստակ մեսիջ էր Ադրբեջանին, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկման դրվի, եւ խնդրի լուծման   հնարավոր ուղին Մինսկի խմբի ձեւաչափն է:

 

Ինչ վերաբերում է Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ  զեկույցի նախապատմությանը, ապա  ԼՂՀ ԱԳ նախարարությունն ի սկզբանե հայտարարել ու իր պատրաստակամությունն էր հայտնել  Արցախում  ընդունելու  Մ. Մարկովիչին, սակայն վերջինս այդպես էլ խուսափել է իրականությանը դեմ դիմաց կանգնելու վտանգից եւ չի եկել Արցախ: Արդյունքում՝ ծագել է խեղաթյուրված մի բանաձեւ, որն ընդունվել է արդեն իսկ հայտնի ճանապարհով: Այսինքն՝ ԵԽԽՎ-ն ընդունել է, այսպես կոչված, <<հումանիտար>> բնույթի բանաձեւ, թեեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ այդ <<հումանիտար>> բնույթի բանաձեւի ոչ հումանիտար ենթատեքստը: Եթե ԵԽԽՎ-ն այդքան անհանգստացած է <<միտումնավոր ջրազրկված տարածքներով>>, ապա հարկ է հիշեցնել, որ Արցախում, Սարսանգին հարակից  մի շարք բնակավայրեր եւս չեն օգտվում ջրամբարի ջրային ռեսուրսներից: Իսկ ինչու՞ չմտածել նաեւ սահմանից այս կողմ, հայկական անջրդի այդ տարածքների ջրային խնդիրների մասին:

 

ԵԽԽՎ այս նստաշրջանը ոչ միայն եղելություն է, այլեւ յուրօրինակ կամ հերթական դաս հայկական դիվանագիտական կորպուսի համար: Ամենեւին պարտադիր չէ սպասել  ադրբեջանական հերթական հիստերիային, հետո հակազդելու միջոցների մասին մտածել: Պետք է նախաձեռնող լինել՝ բնավ, ոչ այն պատճառով, որ հետեւենք Ադրբեջանի օրինակին, այլ պարզապես՝ մեր նախաձեռնողական քաղաքականությունը վաղուց անհրաժեշտւթյուն է:

 

Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային վերջին շրջանի գերլարվածության եւ միջազգային հարթակներում Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության մեջ   հստակ պահվածք է ուրվագծվում՝ բոլոր հնարավոր ճակատներում Ադրբեջանը փորձում է ջլատել հայկական կողմի  ուժերն ու ռեսուրսները թե՛ մարդկային, թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումներով:

 

Այս իրավիճակում, կարծում ենք, հայկական կողմը մտորելու եւ նոր մարտավարության որդեգրման անհրաժեշտություն ունի:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 30 հունվար, 2016թ.

1