Նոր բրենդ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Նոր բրենդ Արցախում

Նոր բրենդ Արցախում

Արցախում կյանքի է կոչվել «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագիրը: Նախաձեռնության հեղինակն է Աշոտ Մարգարյանը, ով Լոնդոնի համալսարանական քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Արցախ եւ այսօր մեծ եռանդով աշխատում է Արցախում: Ա. Մարգարյանի հավաստմամբ՝ «Woodpeckers» բրենդի ներքո պատրաստվում եւ վաճառվում են փայտե խաղալիքներ: Իսկ խաղալիքների առանձնահատկությունն,  ըստ Ա. Մարգարյանի, կայանում է նրանում, որ այդ  խաղալիքները յուրահատուկ են ոչ միայն իրենց բարձր որակով եւ գեղեցիկ դիզայնով, այլեւ նրանով, որ ներկվում են երեխաների կողմից:

 

Աշոտ Մարգարյանի հավաստմամբ՝  խաղալիքների վաճառքից գոյացած եկամտի 50 տոկոսը բաժին է հասնում ծրագրին մասնակից երեխաներին, ինչպես նաեւ մանկատանը նրանց կարիքների ապահովանը:

 

Ա. Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր կյանքի կոչել, առանց  փայտագործ Կարեն Գասպարյանի պատրաստակամության եւ Արևիկ Դանիելյանի գործուն մասնակցության:

 

Նախաձեռնության ակտիվ մասնակիցներից են նաեւ Քնար Խաչատրյանը, Լիլիթ Հարությունյանը, Արտակ Բեգլարյանը, Արման Արուշանովը, Սյուզաննա Արուշանովան:

 

Ի դեպ, «Woodpeckers»-ը  չի սահմանափակվում միայն խաղալիքների արտադրությամբ. այն ներառում է պայուսակներ, բարձեր, էջանիշներ, հուշանվերներ: Ծրագիրը նաեւ  հարթակ է բոլոր տաղանդավոր արցախցիների համար, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց ձեռքի աշխատանքները վաճառքի ներկայացնելու:

 

«Մեր այս նախաձեռնության  նպատակը տեղական արցախյան բրենդի ձևավորումն է, որի շնորհիվ կստեղծվի համագործակցության մի մեծ ցանց Արցախում,- նշեց Ա. Մարգարյանը եւ հավելեց,- տասնյակ մարդիկ, ովքեր ապրում են տարբեր շրջաններում, հեռավոր գյուղերում, հնարավորություն կունենան վաճառելու իրենց ձեռքի աշխատանքը շուկայում>>:

 

«Woodpeckers»-ի շրջանակներում Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում արդեն իսկ տեղադրվել են թռչնի բներ:

 

Ի դեպ, «Woodpeckers»-ի արտադրանքը ներկայացված է արցախյան խանութներում, իսկ աշխարհի տարբեր ծայրերից պատվերներն ընդունվում են ֆեյսբուքյան էջի միջոցով:

1