Նկուղում ապրելն անհնար է այլեւս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նկուղում ապրելն անհնար է այլեւս

Նկուղում ապրելն անհնար է այլեւս

2013 թվականից կառավարության կողմից մեկնարկվել է բնակարանային պայմաննների բարելավման նոր ծրագիր, համաձայն որի` Ստեփանակերտի մի շարք վթարային շենքերի բնակիչների համար կկառուցվեն բնակարաններ: Ստեղծվել է համապատասխան հանձնախումբ, որն արդեն զբաղվում է շենքերի ուսումնասիրությամբ:

 

 

Աիդա Աբրահամյանը դստեր հետ, արդեն 12 տարի է, ապրում է Ազատամարտիկների 59 շենքի նկուղում: Բացի նրանցից` այստեղ ապրում է եւս երկու ընտանիք: Տիկին Աիդային, 12 տարի առաջ հատկացնելով այդ ժամանակավոր կացարանը, խոստացել էին 6 ամսվա ընթացքում ապահովել բնակարանով: 24 քառ. մետր տարածքով այս կացարանում չկա որեւէ պայման: Պատերը խոնավությունից քանդվում են, հատակը փտում, իսկ մկների, առնետների հոտից նույնիսկ գիշերները քնել անհնար է. հատակին մեկնված գորգի վրա կարելի է տեսնել մկների կռծած տեղերը: ՙԽոնավության պատճառով մի քանի վիրահատություն եմ տարել, իսկ դուստրս սրտի եւ հոդերի խնդիրներ ունի՚,-ասում է տիկին Աիդան:
Անձրեւների ժամանակ էլ դուստրը սովորաբար աշխատանքի չի գնում, մնում է տանը` ջրերը հավաքելու համար: Տան վառարանը վառում են սեպտեմբեր ամսից մինչեւ հունիս, քանի որ խոնավությունից ու հոտից անհնար է ապրել այնտեղ:

 

 

12 տարի անընդհատ տիկին Աիդան դիմել է տարբեր մարմինների` քաղաքապետից մինչեւ նախագահ:
ՙԵկան ստուգեցին. նույնիսկ վախենում էին ներս մտնել, վախենում էին, որ կփլվեն պատերն ու հատակը, եւ համարում էին, որ այստեղ ապրելն անհնար է` մարդկային տարրական պայմաններ չկան: Միայն խոստումներ են տալիս ու գնում, այդ խոստումներով էլ ապրում ենք: ՙՄենք ավելին չենք ուզում, մեր այս տան չափ բնակարան տրամադրեն` շնորհակալ կլինենք, միայն թե այս նկուղից դուրս գանք, այստեղ ապրելն այլեւս անհնար է՚,- հուսահատ ասում է տանտիկինը:

 

 

Ըստ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի` արդեն ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ընդգրկված են սեյսմիկ ծառայության աշխատակիցներ: Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո, փաստաթղթերը կներկայացվեն կառավարությանը, որից հետո կորոշվի, թե որ վթարային շենքերն են առավել առաջնային քանդելու համար: Այսօր այդպիսի առաջնային շենքերից է Նաբերեժնայա 3, Խանին Բաղում գտնվող շենքերը, ցանկում է նաեւ Ազատամարտիկների 59 շենքը:

 

 

Կա նաեւ մեկ այլ խնդիր. այս շենքերի բնակարաններում գրանցված են ավելի շատ մարդիկ, քան իրականում ապրում են, որոշներում էլ թիվը անցնում է 15-ից:
Քաղաքաշինության նախարարը ասաց նաեւ, որ բնակարաններ տրամադրելիս հաշվի են առնելու` թե նախկին բնակարանում ինչքան բնակելի տարածք կար: Բյուջեն թույլ չի տալիս ամեն գրանցված բնակչի համար առանձին բնակարան կառուցել:

 

 

Մինչդեռ մի շարք հանրակացարանների բնակիչներ, որոնք ունեն նորմալ պայմաններ եւ տարիների ընթացքում մեծացրել են իրենց բնակարանները, սակայն նոր բնակարան պետք է ստանան հին տարածքի համեմատ, համաձայն չեն այդ որոշման հետ:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1