Ներկայացնում է ուշուի ֆեդերացիան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ներկայացնում է ուշուի ֆեդերացիան

Ներկայացնում է ուշուի ֆեդերացիան

Հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում սպորտային եռուզեռ էր. ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ՀՍԳՄ ստեղծման 36 ամյակի առթիվ ուշուի ցուցադրական միջոցառում էր կազմակերպել: Միջոցառման կապակցությամբ Արցախ էր ժամանել սփյուռքահայ բարերար, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, արեւելյան մարտարվեստների Մեծ Վարպետ Կարո Քեբաբջյանը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԿԱ սպորտի կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Դոնարա Գաբրիելյանը, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մեր մարզասեր հանրությունը:

 

Միջոցառումը սկսվեց ուշուի ֆեդերացիայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմով, որում ներկայացված են ուշուն Արցախում արմատավորվելու պահից սկսած ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների, դժվարությունների եւ նվաճումների մասին պատմող նյութեր: Իր հիմնադրման պահից սկսած ուշուի ֆեդերացիան նպատակ ունի հայ մարզիկների մեջ սերմանել մշտավառ ու մաքուր սեր եւ նվիրվածություն հայրենիքի հանդեպ, դաստիարակել հայոց աշխարհի իրական պաշտպաններ: Մեծ է սփյուռքահայ մարզիչներ Հարութ Բերբերյանի եւ Հարութ Ադամյանի վաստակն Արցախի զավակներին ուշու ուսուցանելու, հոգով ու մարմնով առողջ, կոփված, հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում: Սակայն չնայած Արցախի հանդեպ ունեցած սիրո եւ սաների հետ անսահման կապվածության, այնուամենայնիվ սփյուռքահայ մարզիչներն ընդմիշտ չէին կարող մնալ Արցախում, նրանք մեկնեցին` սկսնակ երիտասարդ մարզիչների ուսերին թողնելով ուշուի ավանդույթների ու հնարքների մեջ կատարելագործվելու եւ ավանդը հետագա սերունդներին փոխանցելու պատասխանատու աշխատանքը:

 

Կազմակերպված միջոցառումը ապացուցեց, որ ուշու մարտարվեստի զարգացումն Արցախում ոչ միայն չի նահանջել, այլեւ ավելի ու ավելի է վերելք ապրել` շնորհիվ մարզիկների ու մարզիչների համառ ջանքերի, ուշուի հանդեպ տածած սիրո եւ նվիրվածության: Ֆեդերացիայի սաները հմտորեն ցուցադրեցին ինչպես ուշուի արտաքին ոճի` սանդայի հնարքներ, որոնք օգտագործվում են միջազգային մրցաշարերում, այնպես էլ տարրեր ուշուի ներքին` ՙթայ-չի՚ եւ ՙցիգուն՚ ոճերից, որոնց օգնությամբ մարդը հասնում է հոգեկան եւ ֆիզիկական ներդաշնակության` օգտագործելով ճիշտ շնչառություն: Կատարվեցին սրի պարեր եւ ներկայացվեցին տարրեր ուշուի ՙթայ-նույ՚ ոճից: Խորն է ու բազմազան ուշուի աշխարհը, մինչդեռ Արցախի ուշուիստներին միավորում է մեկ ընդհանուր նպատակ` պայքար եւ ապագայի անընկճելի հավատ: Հնարավոր է` սա է ընկած ֆեդերացիայի հաղթանակների հիմքում:

 

Ցուցադրական համարներից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Մեծ Վարպետը, որում իր երախտագիտությունը հայտնեց սպորտի կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանին` ֆեդերացիայի գործունեության զարգացմանը նպաստելու համար, ինչպես նաեւ սեւ գոտիներ շնորհեց ֆեդերացիայի բազմավաստակ մարզիկ եւ մարզիչ, 2010 թվականի ուշուի Եվրոպայի չեմպիոն, 2011 թվականի ուշուի աշխարհի փոխչեմպիոն, սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանին, ֆեդերացիայի մարզիչ եւ ղեկավար Սայաթ Բաղդասարյանին, մարզիչ Գեւորգ Հայրապետյանին:

 

Արցախն այսօր հպարտանում է ֆեդերացիայի սաներ` 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Պետրոսյանով, բազմիցս միջազգային եւ Հայաստանի մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած Վարդգես Մանասյանով, Մարատ Պետրոսյանով, Գրիգորի Հարությունյանով եւ ֆեդերացիայի մյուս տաղանդաշատ սաներով, ովքեր շարունակում են առաջնորդվել ՙԱռողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի՚ նշանաբանով, ում համար կարեւոր են ինչպես անձնական, այնպես էլ ազգային հաղթանակները, ում հաղթանակներով բարձր է պահվում Արցախի պատիվը: 
Միջոցառումն ավարտվեց հայկական երգի ու երաժշտության շնչով:

 

 

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա

1