Նահանգային օրենսդրականների ճանաչման ուղին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Նահանգային օրենսդրականների ճանաչման ուղին

Նահանգային օրենսդրականների ճանաչման ուղին

Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի եւ Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը եւս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:

 

Պարզ է, որ նահանգային մակարդակի վրա արձանագրվող այս գործընթացները տվյալ պետությունների կողմից հայկական երկրորդ հանրապետության ճանաչման համազոր քաղաքական արարքներ չեն: Բայց…Նահանգային օրենսդիր մարմինները ի վերջո պետական կառույցներ են եւ իբրեւ ինքնակառավարման մարմինների բրգաձեւ համակարգի առաջնային տեղը գրավող ատյանները իրենց խորքում ժողովուրդ-պետություն հարաբերության անմիջական օրինական օղակներն են:

 

Ուրեմն, պետության մեջ ուղղակի ներկայացվածության ժողովրդի այս պատկերը խիստ կարեւոր է ոչ միայն բարոյական կամ խորհրդանշական, այլ նաեւ իրավաքաղաքական առումներով:  Քաղաքական առումով տվյալ իշխանությունը անպայման հաշվի  կնստի իր կարեւորագույն նահանգների օրենսդիր մարմինների, այլ խոսքով տվյալ նահանգի ժողովրդի կամարտահայտության հետ: Այս մեկը կարող է  ավելի շեշտվել, երբ ընտրական հանգրվանների հատուկ տրամաբանությունը առավել ուշադրություն կկենտրոնացնի ժողովրդի արտահայտած տեսակետների վրա:  

 

Իրավական մեկնաբանությունը կարող է կենտրոնանալ հետեւյալ կետի վրա. Նահանգային օրենսդիր մարմինների որոշում-բանաձեւերը, որքան էլ մեծամասնություն կազմեն, պարտադիր բնույթ չունեն կենտրոնական իշխանությունների համար: Այնպես չէ, որ ինքնաբերաբար կառաջնորդեն կենտրոնական որոշման: Բայց նահանգային օրենսդիր մարմինները պետական մարմիններ լինելով, բնականաբար չեն կարող հակասել երկրի սահմանադրությանը, որն իր հերթին մշակված է  միջազգային օրենքի սահմանած նորմերի եւ օրինաչափությունների նկատառումներով: Ահա այստեղ է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի սկզբունքը գերակա է  նկատվել միջազգային այլ օրենքի` տարածքային ամբողջականությանը, որի գերադասումը ամեն առիթով օգտագործվում է  պաշտոնական Բաքվի  կողմից:

 

Ուրեմն տվյալ շրջանի ժողովրդի ուղղակի ընտրությամբ եւ ներկայացվածությամբ կազմված օրենսդիր մարմինները կշարժվեն համապատասխան իրենց երկրների սահմանադրությանը եւ միջազգային օրենքին:

 

Հիմա գանք հայկական գործոնի հետ կապված խնդիրներին: Այստեղ պարզ է, որ խոսքը տեղի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքների մասին է: Երեւույթը ընդգծում է Հայ Դատի հասկացության ամբողջականությունը, համոզելու համար դիպաշարին հետեւողին, որ Ցեղասպանության ճանաչման Հայ դատյան դասական ըմբռնմանն առընթեր արդեն սկսել է արդյունավորվել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների դիմագրաված ամենահրատապ օրակարգերի ուղղությամբ հայկական ներուժի օգտագործումը: Հայ Դատի բազմաճակատ եւ համալիր աշխատանքները կարեւոր թիրախների են հասնում։ Այս նախաձեռնություններին մաս են կազմում նաեւ տարբեր տարածաշրջաններից Հայ Դատի բարեկամ պետական զանազան անձնավորությունների` Արցախ գործուղման կազմակերպումները եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունները: Դրանցից էր նաեւ Ավստրալիայի պետական դեմքերի պատվիրակության այցելությունը Արցախ:

 

Ուրեմն, երեւույթները նախանշում են, որ պետական-հասարակական գործոնների համատեղ աշխատելաձեւը հանգում է արդեն որոշակի արդյունքների: Այս բոլորին առընթեր պետք է հաշվարկել քաղաքական պահի վճռորոշ ազդեցիկության խնդիրը, նախատեսելու համար ճանաչում-ճանաչումի դիմաց Կոսովո-Աբխազիա կամ Կոսովո-Հարավային Օսիա մոդելի արցախյան տարբերակի առայժմ ոչ-տեսանելի առարկայացումը: Կամ էլ Սաֆարովի գործարքին եւ հերոսացման օրինակներով այլ դեպքերի կրկնությունը, որոնք միջազգային կարծիքը կարող են անվարան համոզել ադրբեջանցիների եւ որեւէ ժողովրդի անհամատեղելիությունը…:

 

Հնարավորությունները պետք չէ բացառել: Հանկարծակի` կարող է հայտնվել մի պետություն , որը նահանգայինից անդին կենտրոնական իշխանության մակարդակով հանդես կգա Արցախի Հանրապետության ճանաչման հայտարարությամբ: Կարեւորը պետական-հասարակական գործոնների համատեղումն է եւ հետեւողական աշխատանք տանելը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

1