Նախագահի թեկնածուի վերաբերյալ մեզ հետ քննարկում եղել է. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Նախագահի թեկնածուի վերաբերյալ մեզ հետ քննարկում եղել է. Արմեն Ռուստամյան

Նախագահի թեկնածուի վերաբերյալ մեզ հետ քննարկում եղել է. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ ներկայացուցիչները նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ անձամբ չեն հանդիպել, բայց նրա առաջադրման վերաբերյալ քննարկում ՀՅԴ-ի հետ տեղի է ունեցել. լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Անձամբ նրա հետ կհանդիպենք, մանրամասն կլսենք: Անձամբ հանդիպելը շատ կարևոր է` ընկալելու համար այս նոր փուլում որքանով է համակարգին համապատասխան ծրագրեր փորձելու իրականացնել: Մենք նրան ճանաչում ենք: Կարծում եմ, որ նրա որակներն իսկապես համապատասխանում են այս պաշտոնում առաջադրվելու համար»,- ասաց նա:

Հարցին` հնարավո՞ր է չպաշտպանեն Հանրապետականի ներկայացրած թեկնածուին, եթե առաջադրվելու վերջնական համաձայնությունը տա, Ռուստամյանը պատասխանեց. «Բնական է` վերջնական որոշում կայացնելն այսօր ճիշտ չէ, և այդ գործընթացը բազմակողմանի հանդիպումների արդյունքում պետք է լինի: Մենք ողջունում ենք այն, որ նախատեսված են հանդիպումներ ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև արտախորհրդարանական ուժերի, հասարակական սեկտորի հետ` գիտնականներ, մասնագետներ, նաև Սփյուռքի ներկայացուցիչներ: Վերջնական որոշում մենք էլ պիտի կայացնենք, մենք էլ չունենք այդ վերջնական որոշումը, շատ տրամաբանական է: Կարող է հանդիպումների ընթացքում այնպես ստացվի, որ նա չուզենա լինել. մարդուն առաջարկել ենք, չէ՞, իսկ մենք նրա հետ հանդիպումների արդյունքում կորոշենք»:

Ռուստամյանը նշեց, որ իրենց հետ միայն Արմեն Սարգսյանի անունը չի քննարկվել: «Մենք այլ թեկնածուներ էլ ենք քննարկել, բազմաթիվ անուններ են այս ընթացքում քննարկման առարկա դարձել, բայց ամենանախընտրելին, եղած չափանիշները նկատի ունենալով, այս փուլում ճիշտ էր հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկել: Մենք համաձայնել ենք, որ նա առաջադրվի նախագհի թեկնածու` այս փուլում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջնական որոշում կայացնելուն, Ռուստամյանի խոսքով` իրենց մոտ դա ընթացակարգ է պահանջում: «Ունենք ընթացակարգ. պետք է քննարկվի թե’ Գերագույն մարմնում, թե’ Բյուրոյում, քանի որ նախագահի հարցը համահայկական նշանակություն ունեցող հարց է:  Մենք պետք է այդ քայլը կատարենք` համատեղ քննարկում և որոշում կայացնելով: Առայժմ մենք այդ որոշումը չունենք»,- ասաց նա:

1