Յուրաքանչյուր խնդրի լուծման հիմքը տեսնում եմ արդարության սկզբունքի մեջ․ Մարինե Պետոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Յուրաքանչյուր խնդրի լուծման հիմքը տեսնում եմ արդարության սկզբունքի մեջ․ Մարինե Պետոյան

Յուրաքանչյուր խնդրի լուծման հիմքը տեսնում եմ արդարության սկզբունքի մեջ․ Մարինե Պետոյան

«Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ՀՅ Դաշնակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված՝ Քարեգահ համայնքի ղեկավար Մարինե Պետոյանի հետ։

-Պատերազմի ավարտից հետո  ընտանիքով տեղափոխվեցիք Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնք: Ի՞նչը Ձեզ բերեց Արցախ։

-Ամուսինս՝ Սմբատ Թաթոսյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին, եւ պատերազմի ավարտից հետո որոշել է, որ միայն հայրենիքը ազատագրելով հարցը չի կարող լուծվել, անհրաժեշտ է վերաբնակեցում։ Այդպես, 1997 թվականին ընտանիքով հաստատվեցինք  Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքում։

-2001 թվականից Քարեգահ համայնքի ղեկավարն եք։ 17 տարի շարունակ համագյուղացիների վստահությունը շահելու գաղտնիքը ո՞րն է։

-Համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիր ու հարց դիտարկել եմ որպես իմ անձնական խնդիրն ու հարցը եւ հետամուտ եմ եղել դրանց լուծմանը։ 17 տարի շարունակ համագյուղացիների վստահությունը շահելու գաղտնիքն էլ իմ սերն է համայնքի բնակիչների հանդեպ։

-Ի՞նչ ձեռքբերումներ է գրանցել գյուղը ղեկավարման Ձեր տարիներին եւ ի՞նչ անելիք դեռեւս կա։

-Նախ՝ անելիքից։

Համայնքի ամենամեծ խնդիրը խմելու ջրի խնդիրն է։ Երկար տարիների հետեւողական ծանր աշխատանքն այս տարի վերջապես տվել է պտուղներ. օգոստոսի վերջին մեկնարկելու է խմելու ջրի ծրագիրը՝ կառուցվելու են ջրամբարներ, եւ լուծվելու է ներքին ջրագծի հարցը։

Գյուղում կա մշակույթի տուն, որը հիմնադրվել է «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի կողմից: Ցավոք սրտի, մշակույթի տունը ութ տարի աշխատել է դրամաշնորհներով, բայց ներկայումս դրամաշնորհների բացակայության հետեւանքով չի գործում։ Բազմիցս դիմել եմ ԱՀ մշակույթի նախարարություն, Քաշաթաղի մշակույթի բաժին, արվեստի դպրոց, եւ դեռեւս հույս ունեմ, որ այդ խնդրին հնարավոր է լուծում տալ։

Իսկ հիմա՝ ձեռքբերումների մասին։

Քարեգահ համայնքում լուծված են գրեթե բոլոր ենթակառուցվածքների խնդիրները։ Քարեգահն ունի լավ դպրոց, բարեգործական՝ ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզ, բուժկետ՝ «Ակապե» բարեսիրական կազմակերպության կողմից կառուցված, գյուղապետարան, որը վերանորոգվել է «Հայրենիք» բարեգործական կազմակերպության կողմից։

Քարեգահ համայնքի միջնակարգ դպրոցը համալրված է շատ բարձր որակավորում ունեցող կադրերով, եւ դրա արդյունքն ակներեւ է․ ունենք բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բազմաթիվ ուսանողներ, շատերն էլ, ավարտելով համալսարանը, հետ են վերադարձել համայնք եւ լծվել աշխատանքի։

Կարեւոր ձեռքբերումներ ունենք մշակութային ոլորտում։ Քարեգահ համայնքը մի քանի անգամ մասնակցել է «Նռան հատիկ»  փառատոնին, «Մշակութային խաչմերուկ» մրցույթ-փառատոնին։  Մեր սաները միշտ պատվոգրերով եւ դրամական պարգեւներով են տուն վերադարձել։

Կարեւոր ձեռքբերումներից է նաեւ համայնքի բնակչության քաղաքացիական եւ հանրային գիտակցության զարգացումը։ Գյուղի բնակիչներն ունեն քաղաքացիական գիտակցություն, մեծ հայրենասիրություն եւ կոլեկտիվ մտածելակերպ։

ԱՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում առաջադրված եք ՀՅ Դաշնակցության կողմից։ Ե՞րբ եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց ՀՅԴ-ի բռնած ճամբան։

-Դաշնակցությունն ինձ համար լոկ գաղափարախոսություն չէ։ Դաշնակցությունն ապրելու ձեւ է  եւ կյանքի ուղի, որը ես բռնել եմ իմ ամուսնու մահից հետո։ Իր համար Դաշնակցությունն ինքնանպատակ չէր. այն միջոց էր հայ ազգին ծառայելու համար։ Ես դաշնակցական եմ, քանի դեռ կուսակցության գաղափարախոսությունը ծառայում է իմ ժողովրդին։

-Թիվ 10 ընտրատրածքն ընդգրկում է Արցախի ամենամեծ՝ Քաշաթաղի շրջանը եւ Շուշիի շրջանը։ Հե՞շտ է ստանձնել պատասխանատվությունն այս շրջանների բնակիչների հանդեպ։

Ստանձնել պատասխանատվություն՝ շատ դժվար է։ Մի քանի անգամ մասնակցել եմ այլ ընտրությունների քարոզարշավներին, բայց այդ չափով չեմ զգացել պատասխանատվության այն մեծ չափը, որ պետք է ստանձնի ԱԺ պատգամավորը։ Շփվելով բնակչության հետ՝ ավելի հասկանալի է դարձել, որ պատգամավորական մանդատը ծանր բեռ է, բայց ես զգում եմ, որ ունեմ ուժ եւ կարողություն՝ բարձրացված հարցերին որոշակի լուծում տալու։

-Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 7-ին։ Առաջնային լուծում պահանջող ի՞նչ հարցեր են բարձրացրել մարդիկ։

Խնդիրները բազմազան են, հատկապես՝ գործադիր իշխանության կողմից լուծման ենթակա։ Կարծում եմ, որ այդ հարցերին հնչեղություն տալը, վերհանելը եւ լուծմանը հետամուտ լինելը նաեւ ԱԺ պատգամավորի խնդիրն է։

Իմ թիկունքում ունենալով ՀՅԴ քաղաքական ուժին՝ հնարավորություն ունեմ այդ խնդիրները որոշակիորեն լուծել։

-Ինչպե՞ս է Ձեր մանդատը նպաստելու այս խնդիրների լուծմանը։

-Ընտրությունները լրացուցիչ են. ցավոք սրտի, ԱԺ-ի աշխատանքային այս փուլի ավարտին մնացել է 1,5 տարի։ Խնդիրները բազմաթիվ են, բայց ցանկության դեպքում եւ աշխատասիրության շնորհիվ հնարավոր է խնդիրների լուծմանն ընթացք տալ։

Առաջին հերթին՝ ունեմ կառավարման փորձ։ Երկրորդ հերթին՝ ունեմ քաղաքական հասունություն։ Երրորդ հերթին՝ ունեմ հարցերին հետամուտ լինելու կարողություն։

Քաշաթաղի եւ Շուշիի բնակիչներն ինչո՞ւ պետք է ընտրեն հենց  Ձեզ։

Կին եմ, մայր եմ, համայնքի ղեկավար եւ մոտիկից ու մանրամասն ծանոթ եմ մեր իրականությունում առկա բոլոր խնդիրներին, եւ ցանկացած իրավիճակում իմ համար ամենակարեւորը արդարությունն է։ Յուրաքանչյուր խնդրի լուծման հիմքը տեսնում եմ արդարության սկզբունքի մեջ։

Մարինե Պետոյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1