Մտորումներ կյանքի եւ թատրոնի մասին երիտասարդ ռեժիսորի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մտորումներ կյանքի եւ թատրոնի մասին երիտասարդ ռեժիսորի հետ

Մտորումներ կյանքի եւ թատրոնի մասին երիտասարդ ռեժիսորի հետ

Արցախյան թատրոնի մասին սիրում են ավելի շատ խոսել միջին կամ միջինից բարձր տարիքի մարդիկ. նրանք, ովքեր ականատես են եղել թատրոնի վերելքին` հրաշալի բեմադրությունների, ժողովրդի կողմից մեծարման, իշխանությունների կողմից առավել ուշադրության կենտրոնում գտնվելուն: Խորհրդային տարիների արցախյան թատրոնի վերելքին հաջորդեցին Արցախյան գոյամարտի տարիները, որի ժամանակ ռեժիսորները  շարունակում էին թափվող արկերի տակ բեմադրություններ դնել, դերասաններն էլ  իրենց բացառիկ խաղով` գոնե հաշված րոպեներով փոքր-ինչ կտրել հանդիսատեսին դաժան իրականությունից՝ տանելով նրան մեկ այլ, միգուցե ավելի լավ աշխարհ:

 

Այսօր Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» -ը վերանորոգման խիստ կարիք ունի: Չնայած այն հանգամանքին, որ շենքում ներկայացումներ չեն բեմադրվում, թատրոնը շարունակում է գործել՝ ներկայացումներով հանդես գալով Ստեփանակերտի այլ, շատ հաճախ դերասանների համար ոչ հարմար բեմերում:

 

Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» -ից բացի Արցախում գործում են համեմատաբար ավելի երիտասարդ թատրոններ եւ թատերական խմբեր, որոնք իրենց գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել են իրենց ասելիքը ներկայացնել եւ սիրելի դառնալ հանդիսատեսին:

 

Երիտասարդ ռեժիսոր Վլադիմիր Գեւորգյանը 4 տարեկանից բեմում է: Մոր՝ ռեժիսոր Լաուրա Հովսեփյանի բեմադրած «Տմբլաչի Խաչան» -ը նրա թատերական կյանքի սկիզբն էր: Հետագայում Տմբլաչի Խաչանին մարմնավորած պատանին դարձավ Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսորական բաժնի ուսանող, իսկ ուսումն ավարտելուց հետո՝ Շուշիի «ՆԱՄ» թատերական խմբակի ղեկավար: Արդեն 9 տարի է՝ ղեկավարում է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության թատերախումբը, անցած տարվանից նաեւ «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն»-ի ռեժիսորն է: Նրան ճանաչողները գիտեն՝ միայն թատրոնը չէ նրան գրավում: Երաժշտության, լուսանկարչության եւ բազում այլ բնագավառներում նա իր փորձերն է կատարել, եւ չի բացառում, որ կարող է վերադառնալ այդ բնագավառներ, կամ էլ՝ այլ ոլորտներում իրեն փորձել:

 

 

Խոսելով Շուշիի «Նարեկացի» արվեստի միության թատերախմբի մասին՝ երիտասարդ ռեժիսորը նշեց, որ սկզբից փոքր էտյուդներ էին բեմադրում, այնուհետեւ՝ մեծ ներկայացումներ: Թատերախումբը կազմված է 4-13 տարեկան պատանիներից, որոնք, բացի մանկական ներկայացումներից, շատ հաճախ խաղում են ավելի լուրջ ներկայացումներ:

 

Ամեն ներկայացման մեջ տարբեր թվով երեխաներ են ընդգրկվում, նոր կերպարների համար հաճախ նոր դերասաններ են ներառվում, սակայն կա թատերական խմբի կորիզ, որը գրեթե անփոփոխ է լինում:

 

Շուշիի «Նարեկացի» արվեստի միության թատերական խումբը բազմիցս մասնակցել է փառատոնների ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս՝ գրավելով պատվավոր տեղեր: Վլադիմիր Գեւորգյանի կողմից բեմադրած «Սիրաշեն եւ Ոսկեշեն» ներկայացումը Արցախի ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատեսում առաջին տեղ է զբաղեցրել, իսկ համազգային թատերական «Իկս» փառատոնի կողմից արժանացել է երկրորդ մրցանակի, որը հանձնվել է գումարի տեսքով՝ օգնելով նոր ներկայացումներ բեմադրելու գործին: Թատերախումբը բազմիցս մասնակցել է «Նռան հատիկ» փառատոնին՝ զբաղեցնելով պատվավոր տեղեր:

 

 

Վլադիմիր Գեւորգյանի խոսքերով՝ հաճախ երեխայի միջոցով է հաջողվում մեծերին հասցնել կյանքի որոշ ճշմարտություններ:

 

«Մեր հանդիսատեսը տարիքային սահմանափակումներ չունի: Մեր թատերախմբի դերասանները չնայած պատանիներ են, սակայն հանդիսատեսը կարող է լինել ցանկացած տարիքի մարդ: «Սիրաշեն եւ Ոսկեշեն» ներկայացումը հենց այն ներկայացումներից է, որը վերաբերում է բոլորին՝ մեծից փոքր, հարուստից աղքատ»,- ասում է:

 

Ներկայացումը  հարուստի եւ աղքատի, բարու եւ չարի համեմատություն է, որի ողջ ընթացքում  յուրահատուկ զուգահեռներ է անցկացվում մարդկային կարեւորագույն արժեքների, մարդկանց բարի եւ չար արարքների, նյութական եւ հոգեւոր արժեքների, գթասրտության եւ անտարբերության միջեւ: Իսկ վերջում հայտնվում է Քրիստոսը, ով գալիս է իր դատաստանը տեսնելու:

 

 

«Չնայած մանկական ներկայացում է, սակայն մեծերն էլ էին սիրով գալիս: Մանկական է այն առումով, որ ճշմարտությունը ներկայացվում է երեխայի շուրթերով: Ներկայացումը ե՛ւ հոգեւոր, ե՛ւ աշխարհիկ կարելի է համարել: Քրիստոսի  գալուստն ու դատաստանը ներկայացման վերջում ցույց են տալիս,  որ մարդը, միեւնույն է, մի օր հատուցելու է իր կատարած բարու եւ չարի համար: Ներկայացման ամենակարեւոր ասելիքն էլ այն է, որ անտարբերությունը կարող է ծնել նոր, ավելի անդառնալի մեղքեր: Անհրաժեշտ է պարզապես գթասիրտ եւ հոգատար լինել քեզ շրջապատող ամեն ինչի նկատմամբ» ,- բացատրում է ռեժիսորը:

 

Անցած տարվանից Վլադիմիր Գեւորգյանը նաեւ Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն»-ի ռեժիսորն է:

 

Այսօր թատրոնն ունի ընդամենը 8 դերասան, ովքեր, ռեժիսորի խոսքերով, բավականին հմուտ են իրենց մասնագիտության մեջ, սակայն անհրաժեշտություն կա նաեւ նոր դերասանների:

 

«Լավ որակի եւ քանակի դերասանների անհրաժեշտություն կա: Այո՛, ես եմ ներկայացման սյուժետային գիծը տանողը, սակայն ես չեմ այնտեղ տնօրենը: Ես էլ եմ դերասաններից շատ բան սովորում: Եթե դերասանը լավն է լինում, նա գույներ է հաղորդում ներկայացմանը»:

 

Հարցին, թե թատրոնը մեր ժամանակներում որքանո՞վ է մնում պահանջված, երիտասարդ ռեժիսորը պատասխանում է, որ դա միմիայն կախված է ներկայացման որակից:

 

 

«Թատրոնը հոգեւոր սնունդ է, աշխարհիկ հոգեւոր սնունդ: Ես հավատացած եմ, որ ամեն մարդու էլ անհրաժեշտ է այդ սնունդը: Իսկ համացանցի միջոցով այն չես կարող հագեցնել: Չնայած ոմանք ասում են, որ թատրոնը մեռնում է, սակայն թատրոնը հազարամյակներ շարունակ գոյություն է ունեցել եւ կունենա: Այսօր զարգացած երկրներում մեծ տեղ են տալիս թատրոնին, քանզի այն իրենից նաեւ ներկայացնում է ուժ եւ զենք: Ինչպես ցանկացած լավ լրատվամիջոց համարվում է չորրորդ իշխանություն, այնպես էլ թատրոնն է իշխանություն՝ արվեստի լեզվով»:

 

Ռեժիսորի խոսքերով՝ այսօր Արցախում թատրոնը հետին պլան է մղվել, քանի որ ավելի կարեւոր հարցեր կան:

 

«Խորհրդային տարիներին թատրոնին մեծ տեղ էին տալիս, որովհետեւ մարդիկ անհոգ էին, չէին մտածում պատերազմի, սահմանի լարված վիճակի մասին: Այժմ ավելի առաջնային խնդիրներ կան՝ ապահովություն, անվտանգություն: Ես դրա համար ոչ մեկին չեմ մեղադրում: Այսօր կյանքի եւ մահվան հարց կա»:

 

Վլադիմիրի հաջողված բեմադրություններից է Չեխովի «Առաջարկություն»-ը, որը եւս լայն արձագանք է գտել եւ սիրվել հանդիսատեսի կողմից:

 

«Առաջարկություն» բեմադրության համար «Արտավազդ» ամենամյա թատրոնի մրցանակաբաշխությանը, որպես երիտասարդ ռեժիսոր, նա արժանացել է պատվոգրի:

 

«Երբ պատվոգիրը ստանալու համար ինձ բեմ հրավիրեցին, պլանավորել էի խոսել Շուշիի թատրոնի մասին` ինչ առաջխաղացումներ կան, ինչի անհրաժեշտություն կա, ինչ ծրագրեր ունենք, սակայն երբ բեմ բարձրացա, ինձնից անկախ երեք նախադասություն ասացի՝ շնորհավորում եմ բոլորին, շնորհակալություն եմ հայտնում, եւ թող պատերազմ չլինի, որ մենք էլ կարողանանք ստեղծագործել: Երեք օր հետո սկսվեցին ապրիլյան դեպքերը…»:

 

Մի պահ լռություն է տիրում, այնուհետեւ խախտում եմ լռությունը՝ հարցնելով, թե հնարավո՞ր է մի օր ներկայացնի թատրոնի բեմին հենց ապրիլյան օրերի մասին պատմող որեւէ դրված: Պատասխանում է. «Ապրիլից հետո ստեղծագործելը դժվարացել է. ուզում ես այնպիսի թեմա ընտրել ներկայացման համար, որ սրտիդ հոգեհարազատ ու համահունչ լինի, միաժամանակ՝ համահունչ նաեւ այսօրվա մեր իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է այդ դեպքերը կամ դրվագները բեմադրելուն, ապա այժմ` միանշանակ ոչ: Այնտեղ ինչ-որ տեսա, մեջը ոչ մի լիրիկա չկար… Սովորաբար, միշտ դիտում ես պատերազմական ֆիլմեր, կարդում ես գրքեր,  որոնց մեջ լիրիկա կա, բայց ես այնտեղ լիրիկա չտեսա: Մահվան մեջ ոչ մի լիրիկա չկա, դաժանության մեջ լիրիկա չկա: Միգուցե ինձ մոտ դեռ թարմ է ամեն ինչ եւ որոշ ժամանակ անց այլ կերպ կընդունեմ դա: Գիտեք՝ ամեն բան սովորեցնում է կյանքը: Հիմա ձեզ հետ խոսում եմ, մի բան սովորում եմ, միգուցե դուք էլ մի բան ինձնից եք սովորում: Պատերազմն էլ գո՞ւցե սովորեցնում է: Գո՞ւցե ամրապնդում է մեջս այստեղ մնալու ցանկությունը: Գո՞ւցե ինձ ավելի հայ է դարձնում, ով իրեն իր հողում  է տանը զգում…»:

 

Նորից դադար: Ակամայից հիշում է Շուշիի տղաներին՝ Ընկածներին, նրանց, ում հետ միասին էր այդ օրերին, ում մահը, թերեւս, մինչեւ հիմա չի ընդունել:

 

Այդ պահին կարծես ճիշտ ժամանակին մեկը գալիս է եւ, խախտելով լռությունը, հարցնում է՝ թատերական խմբակ ընդունվելու համար թղթերս որտե՞ղ պիտի հանձնեմ: Ռեժիսորը ցույց է տալիս տեղը եւ փոխելով թեման՝ շարունակում. «Զարմանալի երեւույթ է՝ այս տարի շատերն են ցանկանում թատերական խմբակ հաճախել:  Մի քանի տարի առաջ շատերին համոզելով էինք բերում»: Այնուհետեւ ավելացնում է. «Պետք է խոստովանեմ, որ երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ աշխատելը, սակայն արդյունքը երբ տեսնում եմ, մոռանում եմ դժվարությունների մասին»:

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1