Մտորումներ Արցախյան շարժման մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մտորումներ Արցախյան շարժման մասին

Մտորումներ Արցախյան շարժման մասին

ՀՅԴ ԿԿ անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայան

1980-ական թվականներին վերընձյուղված Արցախյան ազգային-ազատագրական շարժումը շատ բան փոխեց հայության կյանքում:

Արցախյան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրավունքների, Աստծո կողմից նրան տրված ազատ ապրելու իրավունքի վերահաստատման համար: Դա բավականին հումանիստական էր, և պատահական չէ, որ մենք շատ համակիրներ ունեցանք՝ ի դեմս տարբեր պետությունների, ժողովուրդների, որոնք շատ դեպքերում անգամ Արցախի տեղը չգիտեին: Շարժման շնորհիվ նրանք հասկացան, որ երկրագնդի մի հատվածում բնակվող մի ժողովուրդ ձգտում է ազատ ապրել և պաշտպանել իր տարրական իրավունքները: Այս իսկ տեսանկյունից կարևոր էր համաշխարհային հանրությանը ներկայացնել, որ սա անջատողական շարժում չէր, տարածքի համար կռիվ չէր, այլ պայքար էր ազատության ու անկախության համար: Կարծում եմ՝  համաշխարհային հանրության կողմից այս ամենն ընկալվեց:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ մեր շարժումն ընթացք ստացավ միջազգային իրավական և տվյալ ժամանակաշրջանի խորհրդային օրենքների շրջանակներում: Այսինքն, այդ ամենն ունեցավ իրավական հիմնավորում, և այս տեսակետից մեր շարժումն անխոցելի է: Առայսօր միջազգայնագետները, իրավաբանները, պետական գործիչները նմանատիպ գնահատականներ տալիս են, որով մեր պայքարը տարբերվում է շատ ու շատ երկրներում սկսված նմանատիպ շարժումներից:

Արցախյան շարժումը նաև հնարավորություն ստեղծեց, որպեսզի նորից վերակերտվի հայկական պետականությունը: Ճիշտ է, մենք խորհրդային տարիներին թե՛ Խորհրդային Հայաստանում, թե՛ ԼՂԻՄ-ում պետականության որոշակի նշույլներ ունեինք, բայց անկախությունը լիարժեք չէր: Շարժումը նման հնարավորություն ստեղծեց, որպեսզի բազում դարերի պետականություն ունենալու երազանքը իրականություն դառնա: Պետականությունը հնարավորություն տվեց, որ ազգն ապրի, հարատևի, դիմակայի տարածաշրջանի մարտահրավերներին:

Շարժման կարևոր պահերից մեկն էլ այն էր, որ Արցախյան պայքարը ինչ-որ տեղ ձախողեց Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի մոտ տասնյակ տարիներ գուրգուրանքով պահպանված պանթուրքիստական գաղափարախոսության իրագործումը: Մեզ համար տեսանելի էր, որ Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն էր վարում, որպեսզի հայաթափի Արցախը: Այս ծրագիրը, որը միս ու արյուն էր ստացել Թուրքիայում, նպատակ ուներ հայաթափել նաև բուն Խորհրդային Հայաստանի տարածքը: Պատահական չէր, որ հենց Թուրքիայի անմիջական ջանքերով 1921թ. Արցախը, Նախիջևանը բռնակցվեցին Ադրբեջանին: Դա այդ ծրագրերի մի մասն էր կազմում, և խորհրդային ողջ ժամանակահատվածում նպատակային քաղաքականություն էր վարվում, որպեսզի Խորհրդային Հայաստանի, մասնավորապես Նախիջևանին հարակից հատվածներում՝ Կապանում, Սիսիանում, Վայոց Ձորում թուրքական տարրը հաստատվի: Ժամանակի ընթացքում վերաբնակեցման միջոցով կարողացան նշված վայրերում ստեղծել թուրքական գյուղեր, որոնք մահացու վտանգ դարձան մեր պետականության և ընդհանրապես հայության ինքնության պահպանման համար: Արցախյան շարժումը հնարավորություն տվեց, որպեսզի այս գոտին նույնպես վերադառնա իր նախկին տիրոջը և չիրագործվի մեզ համար կործանարար ծրագիրը: Այս տեսանկյունից Արցախյան շարժումն անգնահատելի է:

Արցախյան շարժումը նաև փոխեց, հեղաբեկեց մարդու հոգեբանությունը, նրա գաղափարախոսությունը, հնարավորություն տվեց, որպեսզի մարդը ոչ միայն ազատ ապրելու իրավունքը տնօրինի, այլ միաժամանակ ձեռք բերի ներքին ազատություն: Այս սերունդը միաժամանակ ապրեց հասարակարգի վերափոխման շրջան: Խորհրդային տարիներին մարդու ազատությունները, իրեն ազատորեն դրսեւորելու հնարավորությունները կաղապարված էին: Նոր սերունդը հնարավորություն ունեցավ պայքարի միջոցով ձեռք բերել նաև այդ ազատությունը: Իհարկե, մենք դեռ այս ասպարեզում բավականին աշխատանքներ ունենք կատարելու, որովհետև մարդու ներքին ազատությունից է կախված նաև հասարակության լիաթոք զարգացման, առաջանցիկ քայլեր կատարելու գործընթացը: Կարծում եմ, որ այս առումով Արցախյան շարժումը նպաստավոր հող ստեղծեց, և մենք պարտավոր ենք այդ գործընթացն  ավելի խորացնել, զարգացնել և հասնել մեր հիմնական նպատակին:

Ղարաբաղյան շարժումը եւ ազատամարտը լուսաբանող լրագրող, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար, ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյան

Երբ խոսում ենք Արցախյան շարժման մասին, որպես թիվ մեկ հաղթանակ՝ պետք է ընդգծենք համազգային միասնականության մթնոլորտը, որը ձեւավորվել է Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից։ Ղարաբաղյան շարժումն է մի գաղափարի շուրջ համախմբել հայությանը։ Ու միասնականության բնական հետեւանքը եղավ հաղթանակ, քանի որ՝ երբ ամբողջ ազգը միավորվում է մեկ գաղափարի շուրջ, այդ գաղափարը հաղթում է։ Սարդարապատի ճակատամարտից եւ Հայաստանի Առաջին Հանրապետության ձեւավորումից հետո հայ ժողովուրդն այդպիսի հաղթանակ չի ունեցել: Ղարաբաղյան շարժումն առաջին դեպքն էր, երբ մենք սկսեցինք ընդլայնել մեր տարածքները։ Ղարաբաղյան շարժման արդյունքում ունեցանք ոչ միայն ազատագրված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը երեք անգամ ավելի տարածք ուներ, քան այն տարածքը, որտեղ ծնվել է Ղարաբաղյան շարժումը։

Ցավոք, հետագա տարիներին մենք չկարողացանք պահպանել միասնականության ոգին, էլ ավելի զարգացնել ու ամրապնդել մեր հաղթանակը՝ ստեղծելով ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ապրելու համար ավելի հարմար հայրենիք։ Դա երեւի թե մեր ամենամեծ բացթողումն էր, որ մենք  չկարողացանք ամրագրել այդ հաղթանակը։ Մենք չստեղծեցինք այդ երազանքների հայրենիքը, որտեղ մարդն արժանապատիվ կհամարեր ապրել։ Մենք բոլորս ենք պատիվ համարում ապրել հայրենիքում, բայց մեր հայրենիքը պետք է լիներ այնպիսին, կլինի այնպիսին, որ ամբողջ հայությունը ցանկանա վերադառնալ իր նախնիների հողը։ Սա իմ պատգամն է ապագայի համար։

«Ապառաժ»

1