Միսս եւ Միստր baby Արցախ՚` կողմ եւ դեմ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Միսս եւ Միստր baby Արցախ՚` կողմ եւ դեմ

Միսս եւ Միստր baby Արցախ՚` կողմ եւ դեմ

Արցախում կազմակերպվում է ՙՄիսս եւ միստր baby Արցախ՚ գեղեցկության մրցույթ: Հուլիսի 26-ին կայանացել է կիսաեզրափակիչ փուլը: Մրցույթը կազմակերպում է ՙԱիշա պրոդակշն՚ ընկերությունը: Մրցույթին մասնակցում են 5 տասնյակից ավելի երեխաներ:

 

Ստեփանակերտի կենտրոնական մասերում կարելի է տեսնել մրցույթի մասնակից երեխաների նկարներով ցուցատախտակներ, ինչպես նաեւ` ստեղծվել է ֆեյսբուքյան էջ իրենց համարներով, եւ նրանց օգտին կարող են քվեարկել` համապատասխան համարին ուղարկելով հաղորդագրություն կամ պարզապես հավանելով նկարը ֆեյսբուքում: Հարյուրավոր բարեկամներ, ընկերներ, խնամի-ծանոթներ ամեն օր խնդրում են քվեարկել իրենց երեխայի օգտին:

 

Գեղեցկության մրցույթը բուռն քննարկման թեմա է դարձել թե° մանկավարժների, թե° հոգեբանների, թե° հասարակ քաղաքացիների շրջանակներում:
ՙԱիշա պրոդակշն՚-ի տնօրենը` Արայիկը, նույն ինքը Աիշան, նշեց, որ նմանատիպ միջոցառում նրանք առաջին անգամ են կազմակերպում Արցախում, սակայն նման միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ունեն: Ըստ տնօրենի` միջոցառման նպատակն է Արցախի երեխաներին` որպես չճանաչված երկրի երեխաների, ճանաչելի դարձնել հանրությանը:

 

Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Իրինա Գրիգորյանը, ով երկար տարիների մանկավարժական փորձ ունի, կտրականապես դեմ է նման միջոցառումներին` նշելով, որ այն միմիայն բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա:

 

Այդ տարիքի երեխաներին կիսել, ասելով` դու գեղեցիկ ես, նա տգեղ է, մեծ հանցանք է երեխաների նկատմամբ: Մրցույթի սկզբից մինչեւ վերջ երեխան ստրես է ապրելու: Ինչ կզգա այն երեխան, ում ծնողները մեկ-երկու ամիս պատրաստել են մրցույթին` ասելով, որ նա դու ամենագեղեցիկն ես, ամենալավն ես, ու հանկարծ երեխան ամենալավը չի: Այդ ստրեսը կուղեկցի նրան ամբողջ կյանքում. չէ որ մանուկ տարիքում ապրած ցանկացած ստրես ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում: Խոսենք ոչ միայն պարտվողի, այլեւ հաղթողի հոգեբանության մասին: Երեւակայեք հաղթողին, որը Արցախի ամենագեղեցիկն է համարվել. նա այդ լավը տանելու է իր հետ ամբողջ կյանում եւ ապագա դժվարությունները չի կարողանալու հաղթահարել: Մեծ սխալ է կատարվում. շոու բիզնեսը երեխաների հետ կապելը հանցագործություն է,-ասաց Իրինա Գրիգորյանը:

 

Մանկապարտեզի տնօրենը նշեց, որ այդ մրցույթի կազմակերպիչները եկել են մանկապարտեզ` մասնակիցներ ընտրելու, սակայն նա թույլ չի տվել նրանց ներս մտնել:
— Այդ մարդիկ, որոնք ուզում են գումարներ աշխատել նման միջոցներով, թող ուրիշ ոլորտներ փնտրեն, բայց ոչ մեր երեխաներին: Այս երեխաները ծնվել են այն սերնդից, որոնք նկուղներում են մեծացել. դա արդեն ստրես է: Ոչ մի դրական բան չեմ տեսնում այդ միջոցառման մեջ` սկսած երեխաներին մեծերի պես հարդարելուց, վերջացրած հագուստով, որ յուրաքանչյուրի ծնողը գնում է ամենաթանկը, ամենավառ գույներովը, եւ, ըստ իս, ամենաանճաշակը: Դրանով մենք խլում ենք մեր մանուկների մանկությունը: Զարմանալի է` նման միջոցառումներն ինչպես են հովանավորում, մանկապարտեզներն այսօր շատ ավելի լուրջ խնդիր ունեն,- նշեց Իրինա Գրիգորյանը:

 

Մրցույթի մասնակիցներից մեկի մայրը, որ չցանկացավ նշենք իր անունը, ասաց, որ երեխան հաճույքով է մասնակցում մրցույթին, եւ նրան որեւէ մեկը չի ստիպել մասնակցել դրան:
— Եթե երեխան գեղեցիկ է, ինչու չի կարող մասնակցել նման միջոցառումների, նամանավանդ, որ այն ապագայի հնարավորություններ կտա,- նշում է նա:

 

ՙՄրցույթին մասնակցում են` սկսած 3 տարեկանից , իսկ այդ տարիքում սկսում է ձեւավորվել երեխայի ես-ը: Այդ տարիքը համարվում է առաջին ճգնաժամային տարիքը: Նման միջոցառումներին մասնակցող երեխաների ծնողներից շատ բան է կախված: Ծնողը չպետք է պարտադրի երեխային` մասնակցել նման մրցույթներին, սակայն շատ հաճախ ծնողներն են թելադրում իրենց կամքը,- համոզված է Ստեփանակերտի մանկական պոլիկլինիկայի հոգեբան Մարինե Գրիգորյանը՚:

 

Երեք դուստրերի մայր Սոնա Հակոբյանը երբեւէ չի պատրաստվում դստրերին տանել նման մրցույթների.
ՙՑանկացած ծնողի համար իր երեխան ամենագեղեցիկն է, բայց արի ու տես, որ ավելի գեղեցիկներն էլ կան: Կարծում եմ, որ նման մրցույթներին մասնակցելով` ավելորդ անգամ ստրես է ապրում երեխան: Ես առհասարակ մրցույթներին դեմ չեմ, սակայն դրանք ուսուցողական բնույթի պետք է լինեն, նամանավանդ` փոքր տարիքի երեխաների պարագայում՚:

 

Պատրաստեց` Արմինե ՆԱՐԻՆՅԱՆԸ

1