Միջազգային հարաբերություններով պայմանավորված բանակցային գործընթացի նոր շրջափուլը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Միջազգային հարաբերություններով պայմանավորված բանակցային գործընթացի նոր շրջափուլը

Միջազգային հարաբերություններով պայմանավորված բանակցային գործընթացի նոր շրջափուլը

Արցախի հիմնահարցն իր բնույթով լինելով անկախ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը, միաժամանակ մեծ չափով պայմանավորում է Հայաստանի Հանրապետության թե` արտաքին և թե` ներքին քաղաքական գործընթացները: Կրկին հարցի բնույթով պայմանավորված՝ բանակցային գործընթացը բացարձակ խորհրդապահական բնույթ ունի, հետևաբար բանակցային գործընթացի մեջ խորամուխ լինելը, դրա էությունը հասկանալու ու վերլուծելու փորձերը առաջին հայացքից կարող են անշնորհակալ գործ թվալ: Այնուամենայնիվ, հատկապես ժամանակագրապես միմյանց մոտ փաստերի համադրումը կարող է հետաքրքիր մտորումների տեղիք տալ և նույնիսկ հավակնել՝ հասկանալու բանակցային գործընթացի բուն էությունը:

Բոլորովին վերջերս՝ հունվարի 18-ին, Կրակովում, ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը, հունվարի 23-ին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կերասինի և ՄԱԿ ներկայացուցչի հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձը կոնֆլիկտին, նույն օրը Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպման ընթացքում վերջինիս խիստ զգուշավոր հայտարարությունները հիմք են տալիս կարծելու, որ բանակցային գործընթացում տեղի են ունենում զարգացումներ, որոնք իրենց բնույթով տեղապտուտային չեն:

2016 թվականին ապրիլին Ադրբեջանը խախտեց բանակցային գործընթացի ամբողջ պարադիգմը, որը ձևավորվել էր 2007 թվականի նոյեմբերից՝ մադրիդյան փաստաթղթի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ հակամարտ կողմերի սկզբունքային համաձայնությունից հետո: Չնայած առկա վտանգին բանակցային գործընթացի ձևաչափն ու սկզբունքները մնացին անփոփոխ, Հայաստանն էլ հանդես չեկավ բանակցային սկզբունքների վերանայմամբ, որպիսին կարող էր դիտվել Արցախի անկախության ճանաչումը կամ վերջինիս հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Սա միջազգային ատյաններում կարող էր դիտվել որպես Հայաստանի հանձնառության վերահաստատում՝ բանակցային գործընթացին համերաշխելու առումով, մյուս կողմից այն կարող էր Հայաստանի համար դիվանագիտական բարենպաստ հող նախապատրաստել ադրբեջանական բացահայտ ագրեսիայի ֆոնին:

2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում, այլևս խախտված բանակցային գործընթացը վերաշարունակելու ուղղությամբ Հայաստանի համար նախապայմանային նշանակություն ունեցող դրույթները պաշտոնապես շարադրվեցին որպես կայացած համաձայնություն. մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս երեք կետերից առաջանցիկ զարգացում կարող է գրանցել միայն դեսպան Կասպրշիկի թիմի կարողականությունների մեծացումը, քանի որ համաձայնությունների համալիր իրագործումը, ըստ Ադրբեջանի կարող է երկարաձգել և ամրապնդել ստատուս-քվոն:

Ամենևին պատահական չէ, որ տևական դադարից հետո 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Ժնևում կայացած նախագահների հանդիպմանը հաջորդած, 2018 թվականի հունվարի 18-ի ԱԳ նախարարների հանդիպումը ընդգծեց. «Սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց՝ իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը»:

Արցախյան բանակցային գործընթացում վերջին զարգացումը հունվարի 24-ին ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Կերասինի և ՄԱԿ տարածաշրջանային ներկայացուցչի հանդիպումն էր, որի վերաբերյալ պաշտոնական որևէ մանրամաս բացակայում է:

Հունվարի 24-ին, Ելիսեյան պալատում կայացած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զգացմունքայնությամբ բնորոշվող, ֆրանսիական դիվանագիտության համար բավական զուսպ, հայտարարություն արեց՝ ըստ էության ընդգծելով երկու հանգամանք՝ կոնֆլիկտի փոխզիջումային կարգավորում և ստատուս քվոյի անկայունություն: Առաջին հայացքից Ֆրանսիայի նախագահը չափից դուրս զգույշ է բառերի ընտրության հարցում, ինչը, կարծում ենք, կարող է պայմանավորված լինել խորքային գործընթացներով՝ զուգահեռ ընթացող որևէ գործընթացի չխանգարելու նկատառումով:

Ընդհանրապես, արցախյան կոնֆլիկտը թերևս միակն է աշխարհում, որի կարգավորմանը ներգրավված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը: Գոնե վերջին շրջանում երեք միջնորդներից երկուսը՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան առավել ակտիվ են: Այստեղ առանձին քննարկման առարկա է Միացյալ Նահանգների պահվածքը: Հայտնի է, որ ռուս-ամերիկյան չկարգավորվող և շարունակական կերպով բարդացող հարաբերություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ռուս-ամերիկյան համագործակցության լավագույն հնարավորությունն է Ռուսաստանի համար, հաշվի առնելով երկուստեք խիստ անհամաձայնությունները աշխարհաքաղաքական ամենատարբեր զարգացումների և հատկապես սիրիական կոնֆլիկտի հարցում: Մինսկի խումբը համագործակցության լավ հարթակ է նաև ՌԴ-ԵՄ հարաբերություններում, քանի-որ, անկախ տնտեսաքաղաքական վատթար հարաբերություններից, երկու սուբյեկտներն էլ գտնվում են անվտանգային գրեթե նույն միջավայրում:

Անդրադառնանք ամերիկյան գործոնին: Դոնալդ Թրամփի ընտրություններից հետո, ինչպես փորձագիտական լայն շրջանակները, այնպես էլ ամերիկյան պաշտոնյաները պնդում էին, որ նոր վարչակարգի պարագայում Սպիտակ տանն ու Պետդեպում դեռևս չի բյուրեղացել Հարավային Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսը: Շուրջ մեկ տարի անց, բացառությամբ ՀՀ անկախության առթիվ նախագահ Թրամփի հետաքրքրական շնորհավորանքի, ոչ մի փոփոխություն տեսանելիորեն չի արձանագրվել: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն չէր կարող Հարավային Կովկասում չհատկորոշեր իր քաղաքական առաջնահերթությունները, այսինքն, այստեղ խոսք կարող է լինել կուլիսային պայմանավորվածությունների մասին:

Վերևում խոսեցինք Մինսկի խմբում՝ ռուս-ամերիկյան թերևս անխոչընդոտ համագործակցության մասին: Առավել քան հավանական է, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի է ունեցել ռուս-ամերիկյան պայմանավորվածություն, որով Ռուսաստանը քարտ-բլանշ է ստացել երկու առումով՝ բացառել էսկալացիոն նոր գործողությունները և մոտեցնել կոնֆլիկտի կարգավորումը, ինչին սկզբունքորեն չի առարկել նաև ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի:

Միայն սրանով կարող է բացատրվել բանակցային գործընթացի ռուսական ակտիվությունը, որը չէր կարող ինքնագործունեության հետևանք լինել: Նաև այդ համատեքստում կարելի է դիտարկել նախորդ տարվա նոյեմբերի 20-21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այցից մեկ օր առաջ Լավրովը Բաքվում էր, և ոչ ավել ոչ պակաս, Հայաստանում նա արձանագրեց, որ հակամարտությունն անհնար է կարգավորել, երբ կողմերից մեկը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Բնույթով նախադեպը չունեցող այս հայտարարությունը չէր կարող լինել փորձառու դիվանագետի ջղային անդրադարձը պաշտոնական Բաքվին, այն ավելին էր և նպատակ ուներ ընդգծել ռուսական անհանդուրժողականությունը Ադրբեջանի հանդեպ, քանի որ վերջինս սպառնում է պատճառ դառնալ արևմուտքի առջև ռուսական հանձնառությունների վտանգմանը: Գուցե նաև սրանով կարելի է բացառել շփման գծում սադրանքների թվի էական նվազումը:

Ամեն դեպքում, վերջին շրջանում հայկական դիվանագիտության ընդհանրապես, և դրա արցախյան մասնաբաժնի համար՝ մասնավորապես, կարևորագույն ձեռքբերումը անցած տարվա նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրն է: Դրա Արցախին վերաբերող հատվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի Հանրապետության տեսակետներին օրենքի ուժի հաղորդում Եվրոպական Միության անդամ 28 պետություններում: Սա, կարծում ենք ղարաբաղյան բանակցային գործընթացի թերևս մեծագույն ձեռքբերումներից է:

Ինչևէ, բանակցային գործընթացի յուրաքանչյուր զարգացման անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել, այդ գործընթացը շուտով կհատի իր պատմության քառորդ դարը: Այդ ընթացքում եղել են կարգավորման փուլային և փաթեթային տարբեր ձևաչափեր, որոնք մերժվել են մերթ Ադրբեջանի, մերթ Հայաստանի ու Արցախի կողմից: Այսօր էլ բանակցային սեղանին գտնվող մադրիդյան փաստաթուղթը, թեև տարբերվում է Լ’Աքվիլայում 2009 թ.ին գաղտնազերծված տեքստից, այնուամենայնիվ, ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, իսկ Արցախի կողմից այն պաշտոնապես ընդունված չէ: Որքան էլ ԵԱՀԿ-ն հակամարտությունների կարգավորման և անվտանգության ապահովման ամենահեղինակավոր կառույցն է աշխարհում, որքանով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը բանակցային միջնորդներն են, միևնույնն է խաղաղության միակ երաշխավորը այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունն է իր ռազմաքաղաքական ներուժով ու խնդրի ներհասարակական ընկալմամբ, իսկ բանակցային քիչ թե շատ ընդունելի ձևաչափին ու բովանդակությանը պաշտոնական Երևանի համաձայնությունն ուղղակի շեղում է Հայաստանի դեմ եղած միջազգային ճնշումը՝ այն ուղղելով Ադրբեջանի կողմը ու դիվանագիտական գործողությունների պարարտ հող նախապատրաստում:

Գևորգ Ղուկասյան

1