Միշտ պատրաստ ենք մեր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին. Մարալ Մասերեջյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Միշտ պատրաստ ենք մեր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին. Մարալ Մասերեջյան

Միշտ պատրաստ ենք մեր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին. Մարալ Մասերեջյան

2006 թվականից Լիբանանի ՀՅԴ կառույցի ‹‹Արցախ ֆոնդ›› կազմակերպությունը սկսեց գործել Արցախի` հիմնականում վերաբնակեցված և ազատագրված շրջաններում:

Անցած 9 տարիներին Քաշաթաղի շրջանի մի քանի հարյուր ընտանիքներ օգտվել են ‹‹Արցախ ֆոնդ››-ի ‹‹Նոր կյանք՝ նոր հույս›› ծրագրից: Վերջերս հերթական այցով Արցախում էին ‹‹Արցախ ֆոնդ››-ի ներկայացուցիչները: Եկել էին իրականացնելու նոր հատկացումներ և նախորդ տարվա ծրագրի ստուգումներ: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում  ‹‹Արցախ ֆոնդի›› ներկայացուցիչ Մարալ Մասերեջյանի հետ մեր թղթակցի  հարցազրույցը:

 

— Ո՞րն է ‹‹Նոր կյանք՝ նոր հույս›› ծրագրի հիմնական նպատակը:

 

—  Հիմնական նապատակն է՝ օգնել Արցախի, հատկապես ազատագրված և վերաբնակեցվող տարածքների՝ երեք և ավելի երեխա ունեցող  ընտանիքներին՝ իրենց դիմումի համաձայն անհատույց տրամադրելով կթան կով՝ երեք տարի այն չմորթելու և չվաճառելու պայմանով: Անցած տարիներին մոտ 800 ընտանիք օգտվել է այս ծրագրից:

 

— Այս անգամ դուք եկել եք համեմատաբար մեծ խմբով՝ 6 հոգով, ո՞րն է պատճառը:

 

 

— Ինձ հետ Արացախ են ժամանել 5 կամավորոկաններ՝ Վարդան Մամիկոնյան, Հակոբ Թիրզյան, Գևորգ Պասմաճյան, Մկրտիչ Սարգիսյան և Վազգեն Յակոբյան՝Լիբանանի տարբեր շրջաններից: Այս տարի աշխատեցինք 2 խմբով՝ 3 հոգի՝ Քաշաթաղում, երեքը՝ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջաններում: Մեկ շաբաթվա ընթացքում հասցրեցինք 165 ընտանիքների հատկացնել անասուններ: Որոշ ընտանիքների, իրենց ցանկությամբ, հատկացվել է մանր եղջերավոր անասուն, խոզ: Այս անգամ Քաշաթաղի շրջանում մեր ծրագրից օգտվեցին մոտ 107 ընտանիք, իսկ մնացած շրջաններում՝ ընդհանուր 58 ընտանիք: Անցած ծրագրով 4 ընտանիք անասուն չէր ստացել, այս անգամ նրանք նույնպես օգտվեցին ծրագրից:

 

Ինչպե՞ս է իրականացվում դրամահավաքը, որն ուղղվում է ‹‹Արցախ ֆոնդ››-ի ծրագրերի իրականացմանը:

 

— Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Լիբանանի հայկական ռադիոյի միջոցով կազմակերպվում է հանգանակություն, և շատերը հատկացումներ են կատարում մեր ֆոնդին: Ուրախալի է, որ Լիբանանի ողջ հայությունն է մասնակցում հանգանակությանը, նույնիսկ՝ դպրոցականները: Բացի այդ, տարվա ընթացքում ՀՅԴ օրգան ‹‹Ազդակ›› օրաթերթի միջոցով տրվում է հայտարարություններ:

 

— Ովքե՞ր են կամավորականները, որ մասնակցում են այս աշխատանքներին Արցախում:

 

— Լիբանանի տարբեր մասերից ՀՅԴ անդամները, հաճախ նաեւ  համակիրներ, ովքեր այդ հարցով դիմում են ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե: Կոմիտեն որոշում է, թե ով պիտի մասնակցի: Կամավորների գործուղման ծախսերը հոգում է ՀՅԴ կառույցը: Յուրաքանչյուր տարի նոր մասնակիցներ են գալիս Արցախ: Այս անգամ էլ, բացի Վարդանից, մնացածն առաջին անգամ են հայրենիքում: Ասեմ, որ նրանց համար մեծ փորձություն է լինել Արցախում և մասնակցել նման դժվար, բայց պատասխանատու և հայրենանվեր աշխատանքների: Տղաներն արդեն մեկնել են Արցախից և  ոգևորված են, նրանք ցանկություն հայտնեցին՝ նորից կմասնակցեն ծրագրի աշխատանքներին:

 

 

— Բացի անասուն հատկացնելուց, ուրիշ ինչպիսի՞ գործունեություն է իրականացնում ‹‹Արցախ ֆոնդ››-ը մեր երկրում:

 

 

— Մենք իրականացնում ենք նաև ‹‹Գույք՝ Արցախի դպրոցներին›› ծրագիրը՝ դպրոցներին հատկացնելով որոշակի գույք և համակարգիչներ: Մոտ 10 դպրոց, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցն  այսօր մեր օժանդակությամբ ունեն համակարգչային կաբինետ: Համագործակցելով Արցախի Կրթության և գիտություն ու Պաշտպանության նախարարությունների հետ՝ յուրաքանչյուր տարի լիբանանահայ մի քանի տասնյակ դպրոցականներ են մասնակցում ‹‹Ասպետ›› ռազմամարզական ճամբարին (այս տարի մասնակցել են 16 հոգի): Այստեղ Լիբանանից եկած հայ տղաները ծանոթանում են արցախցի իրենց հասակակիցների հետ, ընկերանում, այցելում են Արցախի տարբեր վայրեր, ճանաչում հայրենիքը: Կովսական քաղաքում իրականացնում ենք Կանանց համագործակցություն ծրագիրը: Մեր հատկացրած նյութերով կանայք ձեռքի աշխատանքներ են ստեղծում, որոնցով Լիբանանում կայանում է ցուցահանդես-վաճառք, և գումարը հատկացվում է նրանց:

Կովսականում գործող ‹‹Թաթուլ›› ազգագրական երգի-պարի համույթին հատկացրել ենք միկրոավտոբուս, երաժշտական սարքավորումներ:

 

— Ինչպե՞ս է օժանդակում շրջանի ղեկավարությունը ծրագրի իրագործմանը:

 

— Բնական է՝ մեծ է աջակցությունը շրջվարչակազմի ղեկավարի եւ այլ պատասխանատուների կողմից: Մեզ տրամադրվում է մեքենա, վառելիք՝ գյուղեր մեկնելու համար: Ցանկալի է, որ համայնքների ղեկավարներն էլ սիրով օգնեն մեզ: Որոշ համայնքներում մեզանից պահանջում են անասունի գումարը հատկացնենք ընտանիքին, սակայն մեր այստեղ գալու հիմնական նպատակն է, որ անձամբ գնենք կենդանին և հատկացնենք տվյալ ընտանիքին, իսկ գումարը վաճառողին է հասնում բանկի միջոցով:

 

 

—  2016 թվականին քանի՞ ընտանիք պետք է օգտվի այս ծրագրից:

—  Երեք և ավելի երեխա ունեցող, մեր ծրագրից չօգտված ընտանիքների ցուցակը մեզ հատկացնում է պետությունը, և ուրախ ենք, որ  ավելանում է երեխաների թիվը: Շուտով կճշտվի նոր ընտանիքների քանակը, և մենք միշտ պատրաստ ենք մեր փոքր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին, ազատագրված հայրենիքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին:

 

Հարցազրույցը՝ Զոհրաբ Ըռքոյանի

1