Միասնությունը պետք է լինի Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հիմնաքարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Միասնությունը պետք է լինի Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հիմնաքարը

Միասնությունը պետք է լինի Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հիմնաքարը

Անցնող տարվա գնահատականների և գալիք` 2019թ., սպասելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:

— Պարոն Իշխանյան, քաղաքական առումով ինչպե՞ս  կգնահատեիք 2018թվականը:

— 2017թ. ավարտին ոչ մեկը չէր պատկերացնում, որ 2018-ը վայրիվերումներով այսքան լի տարի է լինելու: 2018թ. ազգովի բավականին մեծ դժվարություններ հաղթահարեցինք: Կարծում եմ, որ մենք ներքին քաղաքական կյանքում և արտաքին մարտահրավերների ասպարեզում ունեցել ենք դժվար որոշումներ կայացնելու պահեր: Թերևս, այդ ամենը ետևում է, բայց ամենակարևորն այն է, որ կարողացել ենք 2018թ. ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կայունություն ապահովել և այդ կայունությունը թելադրված էր 2016թ. ապրիլից հետո ստեղծված հավասարակշռությամբ:

Այդ ամենով հանդերձ՝ 2018-ն ավարտում ենք ստեղծված համեմատաբար կայունությամբ և 2019-ն ենք թևակոխում այն ակնկալիքով, որ կկարողանանք ամրապնդել կայունությունը, ավելի խոհեմ որոշումներ կկայացնենք վայրիվերումներից խուսափելու համար:

— 2018թ. բավականին հարուստ էր ներքաղաքական փոփոխություններով, հրաժարականներով ու նշանակումներով: Արդյո՞ք դրանք համահունչ էին ՀՅԴ քաղաքական կուրսին:

— 2018թ. ներքաղաքական կյանքն, իհարկե, լեցուն էր քաղաքական բուռն իրադարձություններով,  հրաժարականներով ու նոր նշանակումներով, բայց այդ ամենը չպետք է դիտարկենք ՀՅԴ քաղաքական կուրսին համահունչ լինելու կամ չլինելու հարթության մեջ, որովհետև մեր քաղաքական կուրսը ձևավորվում է 4 տարին մեկ տեղի ունեցող համադաշնակցական կառույցների բարձրագույն ժողովում՝ Ընդհանուր ժողովում և երկու տարին մեկ տեղի ունեցող Արցախի բարձրագույն ժողովում` Շրջանային ժողովում:

Ներքին կյանքում առկա հիմնախնդիրներն այս կամ այն առումով արտացոլվեցին 2018թ. հունիս, հուլիս և հաջորդող ամիսներին տեղի ունեցած իրադարձություններում: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ակտիվ գործընթացները, իշխանափոխությունը հանրության մոտ լուրջ ակնկալիքներ առաջացրին ոչ միայն կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այլ նաև արմատական մեծ փոփոխությունները սովորական կյանքում արձանագրելու առումով: Այդպիսի ակնկալիքներ ունեին նաև քաղաքական ուժերը:

ՀՅԴ Արցախի կառույցն իր տեսակետները և պատկերացումները հանրությանն է ներկայացրել հայտարարությունների, հարցազրույցների տեսքով, նաև առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Արցախի նախագահին՝ ակնկալելով այդ առաջարկությունների փաթեթի իրականացումը դարձնել հենց երկրի ներքին կյանքում բարեփոխումների լուրջ գործընթացի մաս:

— Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էր 2018 թվականը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից, և ապագայում  ի՞նչ սպասելիքներ ունեք այդ առումով:

— 2016թ. ապրիլից հետո մենք բանակցային գործընթացում փաստացի փակուղային իրավիճակում հայտնվեցինք: Վերջին ամիսներին նկատելի են բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու և նոր ուղղություններ ճշգրտելու որոշակի տեղաշարժեր: Անշուշտ, այստեղ պետք է անդրադառնալ ՀՀ իշխանությունների կողմից վերջերս վարվող քաղաքականությանը՝ ստվեր ձգելու Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա: Արտաքին քաղաքականության մեջ դրանք այն հաղթաթղթերն էին, որոնց չեզոքացումը կարող է բերել նոր արկածախնդրության: Բայց ողջունելի են նաև ՀՀ իշխանությունների հայտարարությունները Արցախյան կողմին բանակցային գործընթացին ուղղակի ներգրավելու առումով:

Անցած 10 տարիների ընթացքում ԱՀ իշխանություններն Արցախի հարցի նկատմամբ որդեգրել են կարծր կեցվածք, և հույս ունենք, որ առաջիկա տարիներին Արցախի իշխանությունները կշարունակեն այդ նույն քաղաքական գիծը:

— Նախորդ տարվա հարցազրույցներից մեկում նշել էիք, որ դժվար է գնահատական տալ մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության գործունեությանը և Ձեր գնահատականը կարող եք տալ նվազագույնը 1-1,5 տարի անց: Այժմ ի՞նչ գնահատական կտաք ԱՀ կառավարության գործունեությանը:

— 2017թ. սահմանադրական փոփոխություններից հետո ձևավորված նոր կառավարության մասին հարցումներին դժվար էր անմիջական պատասխան տալ՝ գործունեության գնահատականի առումով: Անշուշտ, անցած 1-1,5 տարիների ընթացքում ի հայտ եկան կառավարության կողմից որդեգրված քաղաքականության դրական և բացասական կողմերը: Մենք այդ ամենին պետք է անդրադառնանք տնտեսական ցուցանիշներով և դրանց արդյունքներով ընդհանուր գնահատական հնչեցնենք:

Հաշվի առնելով զարգացման ցուցանիշները՝ պետք է դրական գնահատենք կառավարության գործունեությունը: Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, թե ինչպիսի տնտեսական բարեփոխումների քաղաքականություն է որդեգրել կառավարությունը, և արդյոք այդ տնտեսական բարեփոխումների ծրագիրը և քաղաքականությունը կարող են բավարարել և նոր տնտեսական զարգացման հնարավորություններ ընձեռել Արցախի Հանրապետությանը: Այստեղ ես որոշակի վերապահումներ ունեմ՝ կապված տնտեսական զարգացման տեմպերին՝ բարեփոխումների գործընթացով լիցք հաղորդելու կառավարության որդեգրած մոտեցումներին:

Անցած օրերին ԱԺ-ում ընդունել ենք 2019թ. պետական բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքի ամբողջական պատկերը հենց արտացոլումն է 2017թ. և դրան հաջորդող տնտեսական քաղաքականությանը: Դրական եմ գնահատում դեֆիցիտային բյուջետային քաղաքականությունից պրոֆիցիտայինին անցումը: Կարևորում եմ ֆինանսների ճիշտ տեղաբաշխման և ուղղորդման քաղաքականությունը, որը կարող է զարգացման նոր տեմպեր ապահովել և նոր հնարավարություններ ընձեռել:

Կուզենայի անդրադառնալ կառավարության կողմից ֆինանսական հոսքերի ուղղորդմանը դեպի Ստեփանակետ քաղաք և վարչական շրջանների նկատմամբ համեմատական «մեղմ» քաղաքականությունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք երկրի համաչափ զարգացման քաղաքականությունը դարձնել առանցքային ուղղություններից մեկը, որով պետք է պայմանավորված լինի ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը և կայուն զարգացումը:

— Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք 2019թ. Արցախի քաղաքական կյանքում արմատական փոփոխություններ կլինեն:

— Քաղաքական կյանքի արմատական փոփոխությունները պայմանավորված են երկրում առկա տնտեսական և քաղաքական իրավիճակի ընդհանուր գնահատականով, նաև համապետական ընտրություններով: 2019թ. անշուշտ լինելու է ակտիվ քաղաքական տարի, և դա պայմանավորված չէ 2019թ. համապետական նշանակություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, այլ պայմանավորված է լինելու 2020թ. մյուս երկու կարևոր` խորհրդարանական և նախագահական ընտրություններով:

Չեմ կարծում, թե 2019թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններն Արցախի ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ կարող են արձանագրել:

Մյուս կողմից, ներքաղաքական կյանքն ունենալու է բուռն զարգացումներ` որպես 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին նախորդող տարի: Վերջին ամիսներին արդեն իսկ ակնհայտ են որոշակի ակտիվություններ` նոր կուսակցությունների ծնունդ, քաղաքական հայտարարություններ ու վերադասավորումներ:

— ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն են ունենալու Արցախի վրա, հատկապես՝ ՀՅԴ Արցախի կառույցի քաղաքականության վրա:

— Արդեն իսկ պարզ է ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի քաղաքական կազմը, և պետք է արձանագրենք, որ ՀՅԴ-ն ՀՀ խորհրդարանից դուրս ուժ է, և արտախորհրդարանական քաղաքական ուժի ձևաչափով, վստահ ենք, որ իր ազդեցությունը կունենա ՀՀ ներքին և արտաքին կյանքի վրա:

Դաշնակցության՝ խորհրդարանում չհայտնվելն իր անուղղակի ազդեցությունը կարող է ունենալ ՀՅԴ Արցախի կառույցի վրա, մասնավորապես՝ նկատի ունենալով առաջիկա տարիների քաղաքական զարգացումները և ընտրական գործընթացները: Բայց, այնուհանդերձ, ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները, ՀՅԴ Արցախի կառույցի կողմից վարվող քաղաքականությունը փոխկապակցված չեն: Արցախում մենք միշտ էլ ունեցել ենք մեր կարևոր բեռը, և տարբեր առիթներով հայտարարել ենք, որ ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատվության չափաբաժինը չի սահմանափակվում միայն Արցախի ներքին կյանքում ունեցած իր դերակատարությամբ, այլ մեր պատասխանատվությունը համահայկական է: Արցախի հիմնահարցի և ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը հաշվի առնելով՝ կարևոր դեր ունի ՀՅԴ համահայկական կառույցը: Այդ առումով մենք հավելյալ նոր ծանրության բեռ ենք ունենալու: Մենք պարզ գիտակցում ենք այդ ամենը, և պետք է մեր ընդհանուր քաղաքական կուրսն ունենա այնպիսի ուղղություններ, որոնք պետք է միտված լինեն մեր ընդհանուր հիմնախնդիրների հաղթահարմանը:

— Ի՞նչ սպասելիքներ ունեք 2019 թվականից:

— 2019թ. սպասելիքների մասին խոսելուց՝ պետք է նշել, որ բավականին ծանր ու դժվար տարի ենք ունենալու, և այդ դժվարությունների հաղթահարման առումով անհրաժեշտ են լինելու հավելյալ ճիգերի գործադրում և ոչ ստանդարտ իրավիճակների հաղթահարման պատրաստակամություն: Այնուհանդերձ, մեր բոլորի երազների մեջ 2019թ. և նրան հաջորդող տարիները փորձում ենք տեսնել ավելի խաղաղ պայմաններում՝ տնտեսական աճի ցուցանիշների արձանագրմամբ և արտաքին քաղաքականության մեջ նոր հաջողություններ գրանցելով:

Նախորդ տարիների Արցախի ներքաղաքական կյանքում կարևոր ձեռքբերում է համախոհության և միասնության մթնոլորտի առկայությունը, որը պետք է լինի Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հիմնաքարը:

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1