Միասնական քննություններ 2013
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Միասնական քննություններ 2013

Միասնական քննություններ 2013

Հունիսի 1-ից ԼՂՀ ուսումնական հաստատություններում սկսվել են միասնական, կենտրոնացված` բուհերի 2013 թվականի ընդունելության, 12-րդ դասարանի պետական ավարտական եւ 9-րդ դասարանի ավարտական քննությունները: Պետական ավարտական քննությունները 12-րդ դասարանի աշակերտները հանձնել են իրենց ուսումնական հաստատություններում: 9-րդ դասարանի աշակերտները հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա առարկաներից հանձնել են կենտրոնացված քննություններ, որի համար կազմավորվել են 37 քննական կենտրոններ: Միասնական քննությունները կազմակերպվել են Ստեփանակերտում, որի համար կահավորված են եղել 5 քննական կենտրոններ:
<<Միասնական քննությունների հանձնման առաջին փուլն արդեն ավարտված է: Այն անցել է առանց լուրջ խախտումների: Եղել են կազմակերպչական փոքր թերություններ, սակայն ոչ մի թերություն չի ազդել գնահատականների վրա,- նշեց ԼՂՀ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յու. Քարամյանը>>:

 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ստուգվել են միայն 9-րդ դասարանի հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա առարկաների քննական աշխատանքները: <<Գնահատականների առումով` մեզ մտահոգում է միայն 9-րդ դասարանի աշակերտների գերազանցիկների քանակը, եւ քննությունների արդյունքներով առկա է մեծ տարբերություն, երբ համեմատում ենք գերազանցիկների տարեկան գնահատականները քննությունների ժամանակ ունեցած արդյունքների հետ: Ծնողները երբեմն դժգոհում են, որ իրենց երեխան 9 տարի սովորել է միայն գերազանց գնահատականներով, սակայն քննության ժամանակ ստացել է լավ կամ բավարար գնահատական: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր դպրոցներում է, որ ուսուցիչները գնահատում են ըստ պետական չափորոշիչների, այլ գնահատում են համեմատական կարգով>>,- նշեց ԳԹԿ տնօրենը:

 

Միասնական քննությունների համար այս տարի հայտագրվել են 889 շրջանավարտ, նախորդ տարի հայտագրվել էին 1261 շրջանավարտ: ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ դա ունի իր հիմնավորված պատճառը. այս տարի շրջանավարտների թիվը 400-ով նվազել է:

 

 

Այն, որ այս տարի ավելացել է գերազանգ գնահատականներ ստացած դիմորդների քանակը, բացատրվում է նրանով, որ քննության թեստերը կազմվել են ըստ շտեմարանների:

Ինչպես ամեն տարի, քննաշրջանի ավարտից հետո այս տարի եւս հանրության մեջ տարածվեցին լուրեր` այն մասին, որ հնարավոր է անցումային 7.5 միավորի շեմն իջեցվի: Այդ հարցի առնչությամբ` ԳԹԿ տնօրենի տեսակետն այսպիսինն էր.

<<Ես դեմ եմ, որ իջեցվի դրական շեմ համարվող 7.5 միավորը: Նախկինում նման դեպք եղել է. եւ այն ժամանակ եմ ես դեմ եղել, եւ հիմա եմ դեմ: Դրանով մենք ուզում ենք ցույց տալ. որ մեր գիտելիքների մակարդակը, չափորոշիչները պետք է ցածրացնենք: Պետական ավարտական քննությունների առումով տեսակետս բոլորովին այլ է: Այդ առումով` կարծում եմ, որ ցանկացած գնահատական, որ ստանում է շրջանավարտը, պետք է դնենք ատեստատում եւ տրամադրենք այն նրան: Ի վերջո, կարեւորը գիտելիքն է եւ ոչ թե գնահատականը>>:

 

Եթե նախորդ տարիներին թեստերի վերաբերյալ դիմորդների շրջանակներում եղել են դժգոհություններ` այն առումով, որ թեստերը դժվար են եղել, ապա այս տարի կատարվում է հակառակ պրոցեսը: Մասնագետների հավաստմամբ` թեստերը բավականին հեշտ են եղել եւ թեստերի բարդության աստիճանը չի պահպանվել:

 

<<Օրինակ, կենսաբանություն առարկայից լավից գերազանց եւ բավարարից գերազանց բարդության աստիճանը չի պահպանվել: Ինչպես կարող է գերազանց գնահատականների քանակն ավելի շատ լինել, քան լավ գնահատականների քանակը: Նույնը կարող եմ ասել նաեւ քիմիա առարկայից. լավ գնահատական ստացել են 4, իսկ գերազանց գնահատական` 9 շրջանավարտ,-նշեց Յու. Քարամյանը եւ հավելեց,- եթե ճիշտ թեստ են կազմում, նման արդյունք չի լինում: Այս ամենում իրենց դերակատարությունն ունեն նաեւ շտեմարանները: Երեխաներն անգիր են անում շտեմարանները` ծրագիրը խորացված յուրացնելու փոխարեն: Անգլերեն առարկայից լավ գնահատական են ստացել 56, իսկ գերազանց` 77 շրջանավարտ: Այս տարի կտրուկ աճել է գերազանգ գնահատականներ ստացողների թիվը: Անվաբարար եւ լավ գնահատականների քանակը, նախորդ տարիների համեմատ, մնացել է նույնը, իսկ գերազանց գնահատականների քանակը նախորդ տարվա 3 տոկոսի փոխարեն այս տարի կազմել է 8 տոկոս>>:

 

Այս տարի միասնական քննություններն առանձնացել են նաեւ նրանով, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ են եղել 20 բալ ստացողներ. 20 են ստացել 15 շրջանավարտ:
Անգլերեն լեզվի քննությունից 20 բալ ստացել են 8, հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից` 2, կենսաբանությունից` 2, մաթեմատիկայից` 1 շրջանավարտ, ֆիզիկայից 19.75 բալ ստացել են 2, հայոց պատմությունից 19.25` 2 շրջանավարտ: Ի դեպ, մինչ այս տարի քիմիայի միասնական քննությունից դեռ ոչ ոք 20 բալ չի ստացել, սակայն այս տարի 20 բալ են ստացել 2 եւ 19.75` 1 շրջանավարտ:

Միասնական քննությունների երկրորդ փուլը կտևի հուլիսի 2-8-ը ներառյալ: Հայտագրումը սկսվել է հունիսի 24-ից:

 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

 

 

1