Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա

Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա

Դաշնակցությունը պատրաստ է ընտրություններից հետո համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կընդունի կուսակցության մոտեցումներն ու մարտավարությունը՝ փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։

Երեկ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենց համար համագործակցությունը անձերով ու քաղաքական ուժերով չի պայմանավորված։

– Առաջին նախագահն ասում է, որ այսօրվա իշխանությունները համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին, որը ենթադրում է տարածքների վերադարձ, հիմա ձեր հայտարարությամբ դուք ասում եք, որ ստատուս քվոյի պահպանման օգտին է իշխանությունը գործում, այնինչ, ըստ Տեր-Պետրոսյանի, այսօրվա իշխանությունները բոլորովին այլ գործընթացի մաս են կազմում։

– Իսկ ստատուս քվոն փոխվե՞լ է, չի փոխվել, չէ՞, ուրեմն այս ամենը դեռ մարտավարական գործընթացների տրամաբանության մեջ է։ Երբ որ ստատուս քվոն կփոխեն որևէ փաստաթղթով, մենք նորից կգանք հրապարակ այն տրամաբանությամբ, որի մեջ ենք եղել միշտ։ Ասում եմ նորից՝ Ղարաբաղի ժողովուրդը հստակ արտահայտել է, թե ինչպես է պատրաստվում հարցը լուծել, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ որևէ մի իշխանավոր իրավունք չունի արհամարհելու դա, վերջակետ։

– Ձեր և Հանրապետականի դիրքորոշումների միջև տարբերություն չկա՞, ըստ Ձեզ։

– Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա, թող մնացածները բացատրեն, թե ինչու են տարբերվում։

– Հանրապետականի մասով, պարոն Ռուստամյան, ի՞նչ կասեք։
– Հանրապետականին հարցրեք՝ իրենք պաշտպանո՞ւմ են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ այն, ինչ որ Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով հաստատել է, դա իրենք թող կպատասխանեն, մենք ասում ենք՝ դրանից չենք շեղվելու, պարզ չէ՞։

– Այսինքն՝ դուք այդ հարցը չե՞ք քննարկել Հանրապետականի հետ, ծանոթ չե՞ք նրանց դիրքորոշմանը։

– Նորից եմ կրկնում, ևս մեկ անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն իրավիճակի մեջ է հայտնվել, բերել է երեք տարբերակներ, բայց այդ տարբերակներից վերջինն արդեն ինքը պատրաստ էր ստորագրել, որին համաձայն էր Ադրբեջանը, պարզ չի՞, և երբ որ նա դա բերեց, իր շրջապատը դա չընդունեց, նույն բանը կարող է, եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնի նման մի տարբերակ բերի, նույն այդ շրջապատը կարող է չընդունի, շատ նորմալ է։

1