Մեր պետության սահմանները ամրագրված են Սահմանադրության մեջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեր պետության սահմանները ամրագրված են Սահմանադրության մեջ

Մեր պետության սահմանները ամրագրված են Սահմանադրության մեջ

Արցախի Հանրապետության սահմանները ֆիքսված են Արցախի Սահմանադրությամբ, ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խոսք լինել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարության մասին, որ խոսքը այն հողերի մասին է, որոնք անվտանգության համակարգին վնաս չեն հասցնի:

«Մենք ունենք Սահմանադրություն, Սահմանադրությամբ ֆիքսված տարածքներ: Ես չգիտեմ, թե ինչ հողերի մասին է խոսքը: Մենք պետություն ենք, Սահմանադրության մեջ ամրագրված են մեր պետության տարածքները, էլ ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խոսք լինել:

Կա Արցախի Հանրապետություն՝ իր սահմաններով, որտեղ զինվոր է կանգնած, դրա համար ես չգիտեմ, թե ինչ հողերի մասին է խոսքը: Մենք մեր պետականությունն ունենք, մեր տարածքը ու պարտավոր ենք պահել այն փոխանցել հաջորդ սերնդին»,- ասաց Վահրամ Բալայանը:

ԼՂ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Արցախը, օկուպացված են Ադրբեջանի կողմից: Բալայանը նշեց, որ դիվանագիտության մեջ երբեմն ասում են մեկ բան, անում՝ մեկ այլ բան, ուստի հայտարարություններին «լուրջ վերաբերվել չի կարելի, երբ կան փաստեր, իրողություններ, դեպքերի զարգացման օրինաչափություններ»:

«Մենք բազմիցս ասել ենք, որ հաստատուն ենք մեր մոտեցումների մեջ: Փոխզիջման, զիջման հետևից գնալը մեր դիրքերն ավելի է թուլացնում: Մենք ունենք երկիր, որի սահմանները պարտավոր ենք պահպանել: Մենք պատրաստ ենք մեր ապագայի համար կռվել, պաշտպանել, մեր ժողովուրդն այդպես է տրամադրված, սա է ճիշտ ճանապարհը»,- հավելեց նա:

Վ. Բալայանի դիտարկմամբ՝ ռեալ-պոլիտիկան իրականությունից տարբերվում է, հայտարարությունները կարող են այլ լինել, բայց իրականությունը՝ այլ:

Տիգրանուհի Մարտիրոսյան

tert.am

1