Մեր պետության հիմքերը շատ ամուր և որակով են դրված
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեր պետության հիմքերը շատ ամուր և որակով են դրված

Մեր պետության հիմքերը շատ ամուր և որակով են դրված

1988թ. փետրվարի հետ կապված հիշողություններով ու մտորումներով կիսվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը

Իմ մոտ տպավորվել է 1988թ. փետրվարի 12-ի՝ կուսակցության տնտեսական ակտիվների ժողովը, որը տեղի է ունեցել քաղաքային կուսկազմակերպության շենքի դահլիճում: Այն առաջին հիմնական ժողովներից մեկն էր, որը բեկումնային դարձավ: Այդ օրը Բաքվից ժամանել էին կուսակցական ականավոր գործիչներ. ներկա էին ԼՂԻՄ մարզային կառույցի ղեկավարներ: Նրանք ցանկանում էին կայացած ստորագրահավաքները, խոսակցությունները, ժողովները բացասական գնահատականի արժանացնել, բայց ժողովն այդ ուղղությամբ չգնաց: Հետաքրքիրն այն էր, որ  եթե ժամանածների կողմից որևէ արտահայտություն էր հնչում, դահլիճում գտնվողները դժգոհում էին, բայց ոչ՝ բացեիբաց. ոտքերը դոփում էին հատակին, ցածրաձայն դժգոհության արտահայտություններ անում: Տասնամյակներ շարունակ վարչական, տոտալիտար համակարգում ապրող ամբողջ ժողովրդին համակել էր ազատության գաղափարը և մի հզոր ուժ դարձել:

Կոմերիտկոմիտեի քարտուղարը

Այն ժամանակ ես Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում էի աշխատում. կոմերիտկոմիտեի քարտուղարն էի: 1988թ. հունվարին գտնվում էի Մոսկվայում: Մարզային ուսանողական ջոկատների շտաբ պետք է ձևավորեինք: Կարգի համաձայն՝ այդ պաշտոնի թեկնածուն պետք է Կենտկոմ հարցազրույցի գնար: Արդեն հարցազրույցն ավարտվել էր, երբ զանգեցին-տեղեկացրին, որ Ղարաբաղում գործընթացներ են սկսվել՝ վերադառնանք:

Հիշում եմ ուսանողության մեջ տիրող ալեկոծված վիճակը, ինքնաբուխ հավաքը դահլիճում: Ասում էին՝ «կոմսոմոլը ժողովա անում». իբր մենք էինք կազմակերպել: Հավաքի ժամանակ մարդիկ ելույթ ունեցան, բացատրեցին՝ ինչ են անում, ինչի համար: Տասնամյակներ շարունակ ոչ մի կուսակցություն, ոչ մի առաջնորդ ոչ մի կոչ նման ալիք չէր բարձրացրել:

Փետրվարի 13-ին գյուղտեխնիկումի ուսանողության ցույցը կայացավ: Հրապարակը փակել էին, բայց ալիքն արդեն բարձրացել էր: Բոլորը հավատում էին միացմանը: Մենք, իհարկե, պատկերացնում էինք, որ նման հարցը հեշտ չի լուծվի, բայց Ադրբեջանի ձեռնարկած հակաքայլերը հանգեցրին պատերազմական իրավիճակին:

Իրավագիտակցության բարձր մակարդակ և ոչ համարժեք պատասխան

Խորհրդային Միության ղեկավարությունը ցանկանում էր հարցը լուծել կուսակցական կարգապահության շրջանակներում: Հետաքրքրական է, որ այդ օրերին որևէ իրավախախտում չկար. այնքան բարձր էր ժողովրդի իրավագիտակցության մակարդակը: 15-20.000-անոց երթի ընթացքում ոչ մի տեղ խախտում չեն արել, թեկուզ ծառի ճյուղ չեն կոտրել, ապակի չեն ջարդել: Մարդիկ գիտակցում էին, որ ամեն ինչ պիտի անեն, որպեսզի ցուցարարների դեմ ուժ չգործադրվի, որպեսզի գործը չտուժի: Ինչ արվել է՝ օրենքի սահմաններում է արվել: Ցավոք, այժմ պատմական, իրավական դաշտում չեն քննում հարցը, քաղաքական դաշտ են տեղափոխում:

Փետրվարի 19-ից սկսվում է գործադուլը, որը տևում է մինչև մարտի 3-ը: Այն ժամանակ խոսում էին, որ մարտի 3-ին Գորբաչովի ծնունդն է, պետք է հրապարակը ազատվի: Մենք հավատում էինք կուսակցությանը, Լենինին, հավատում էինք, որ նման կուսակցությունը կարող է հարցը լուծել: Բայց հետագայում պարզվեց, որ դա իրենց ընկալմամբ դժվար հարց է: Ղազախստանում կուսակցական անդամների քանակն ավելացնելու համար Պավլոդարի մարզը փոխանցում են նրան: Նման հարցերը կարողանում են լուծել, իսկ Ղարաբաղի հարցը, որ բռնի ուժով մտցրել են Ադրբեջանի կազմի մեջ, չէին ցանկանում լուծել: Ի՞նչ է նշանակում՝ դուք մտածե՞լ եք այն 250-300.000 հայի մասին, որ ապրում են Ադրբեջանում: ԽՍՀՄ ղեկավարությունն իր հայտարարություններով նպաստեց Բաքվի, Սումգայիթի ոճրագործություններին: Այն ժամանակ այսօրվա կապի պայմանները չկային, և միայն մարտի սկզբներին պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել՝ ի պատասխան մեր արդար պահանջների: Այդ օրերին մարզը շրջապատող շրջաններից ադրբեջանական ներքին գործերի աշխատակիցներ են բերել, լցրել քաղաքը: Տվյալ ոլորտում աշխատող հայ աշխատակիցներին հեռացրել են գրասենյակներից: Ադրբեջանի Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Ասադովը հայտարարել է, որ այնքան զինված մարդ ունեն, որ կարող են Ղարաբաղը հայերի գերեզմանոցը սարքել:

Համաժողովրդական ընդվզում

Ղարաբաղը Ադրբեջանի իրավազորության տակ մտցնելուց հետո, համարյա 10 տարին մեկ իրավիճակը լարվում էր, այսինքն՝ ժողովուրդը պատրաստ էր ազատ ապրելու, Հայաստանին միանալու գաղափարն ընդունելուն: Չնայած բոլոր միջոցներով կտրել էին կապը Հայաստանի հետ, չէին թողնում, որպեսզի հայկական մշակույթը զարգանա, ադրբեջանական լեզուն էին դասավանդում, բայց պատմական հիշողությունը մշտապես պահվում էր Ղարաբաղի հայերի մեջ, չէր մարում պայքարի ոգին:

Ղարաբաղում ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների միջև բարեկամության գաղափարներն իսկապես ընդունում էին, բայց մենք և նրանք անհամեմատելի էինք: Ցանկացած ոլորտի աշխատանքներ Արցախում 1-2 աստիճան ավելի բարձր էին: Երբ Մոսկվայից ստուգումների էին գալիս, անմիջապես բերում էին Ղարաբաղ, և գրանցված այդ դրական ակտիվները իրենց հաշվին էին գումարվում: Ամեն բնագավառում ճնշումը զգում էինք: Ու այս ամենը տարիներ, տասնամյակներ շարունակ:

Մշակված, նպատակուղղված քաղաքականություն էին վարում: Երևանում կրթություն ստացածների համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծում, որտեսզի աշխատանք չգտնելով՝ հեռանան Ղարաբաղից: Փոխարենը Բաքվից անընդհատ տարբեր մասնագետներ էին ուղարկում, բնակարան և աշխատանք տրամադրում: Ամեն մի շենքում տարբեր մասնագիտության տեր ադրբեջանցիներ էին ապրում: 1988թ. փետրվարի ցույցերի օրերին արթնանում էինք, տեսնում, որ բոլորը գիշերով հեռացել են: Ինչ-որ տեղից հրաման էին ստանում, թողնում-գնում և մի շաբաթ հետո՝ մի օրում բոլորը հետ վերադառնում:

1988թ. փետրվարին անօրինակ խանդավառություն, ոգևորություն էր տիրում: Հրապարակը ծայրից ծայր լիքն էր մարդկանցով: Ոստիկանները, զինվորները փակում էին ճանապարհները, չէին թողնում տեղաշարժվել: Քանի որ թռուցիկներ տարածելը ևս արգելված էր, հրապարակում սովորական սպիտակ թղթեր էին բաժանում և առանց գրության բոլորը հասկանում էին՝ ինչ է գրված, ու փոխանցում էին մյուսներին: Մոտավորապես 30.000 մարդ գիշեր-ցերեկ, խարույկներ վառած, հրապարակում էր: Գյուղերից ուտելիք էին բերում, մարդիկ իրենց ունեցածը կամավոր տալիս էին մյուսներին:

Իհարկե, միայնակ այդ հարցերը հնարավոր չէր լուծել, մշտապես զգացել ենք ՀՀ-ի, Սփյուռքի աջակցությունը:

Շարժման արդյունքները՝ 30 տարվա հեռավորությունից

30 տարիների ընթացքում ահագին բան է փոխվել, նոր սերունդն իմացել է՝ ինչ է հայրենիքը, ինչ է հայրենիքի համար պայքարելը, հայ լինելը: Այն ժամանակներում պատմությունն այլ ձևով էր ներկայացվում, իսկ հիմա կարող ենք մեր նախնիների հողում ապրել, զարգանալ: Այսօր թեկուզ միացումը չկա, բայց մի սերունդ է մեծանում, որն ազատ ոգի ունի, ազատ է մտածում: Ասածների համար ոչ մեկը չի հետապնդվում:

Արցախը 30 տարի հետո

Առաջիկա 30 տարում Արցախն անկախ եմ տեսնում, չնայած հիմա ամեն ինչ անկանխատեսելի է: Կցանկանայի, որ մեր պետության տարիքը մեծ լինի ամենատարեց քաղաքացուց: Ունենք լավ երիտասարդներ, որոնք լավ կրթություն են ստանում, հույս ունեմ, որ նրանք ամեն ինչով կնպաստեն Արցախի բարգավաճմանը:

30 տարին մի ակնթարթում անցավ: Եվ պետք է անցյալից դասեր քաղել: Դրա համար ամեն ինչ պետք է ճիշտ լուսաբանվի:  Ճիշտ է, առանձին մարդիկ հերոսություններ արել են, բայց Արցախյան շարժման հաղթանակը ժողովրդի հաղթանակն է:

Մեր անելիքները

Մեր պայմաններում մենք հանգիստ նստելու իրավունք չունենք, պետք է 1 օրում 2-3 օրվա աշխատանք կատարենք: Պետք է կարողանանք ճիշտ ներկայանալ աշխարհին, ներկայացնել մեր կատարած աշխատանքները: Օրենսդրությունը պիտի կատարելագործվի: Նոր Սահմանադրությամբ մարդկային իրավունքները հռչակել ենք որպես բարձրագույն արժեք. ամեն ինչ պետք է արվի մարդու, քաղաքացու համար: Յուրաքանչյուրը պետք է բարեխղճորեն վերաբերվի իր գործին:

Այսօր մի քիչ երկրորդական պլան է մղվել միացման գաղափարը, բայց մեզ համար դա առաջնային խնդիր է: Մեր երիտասարդներին պետք է բացատրենք, որ ամեն ինչ սկսվել է միացման գաղափարից և պետք է ավարտվի միացման գաղափարով:

Մեր պետության հիմքերը շատ ամուր և որակով են դրված, և այդ հիմքերի վրա պարտավոր ենք համապատասխան ամուր պատեր կառուցել: Իսկ այդ պատերի կառուցման համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ջանքը:

                                   Զրուցեց և գրառեց Տաթևիկ Աղաջանյանը

1