Մեր պայքարը` ազգային- ազատագրական շարժումը վեր է ածվել ազգային-ազատագրական հեղափոխության
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Մեր պայքարը` ազգային- ազատագրական շարժումը վեր է ածվել ազգային-ազատագրական հեղափոխության

Մեր պայքարը` ազգային- ազատագրական շարժումը վեր է ածվել ազգային-ազատագրական հեղափոխության

Լրացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակը: Արցախյան շարժումը հայոց պատմության մեջ ամրագրվեց որպես ազգային-հոգեւոր զարթոնքի եւ հաղթական վերածննդի ժամանակաշրջան:

 

 

1980-ական թվականներից ընդահատակյա եւ արդեն 1988 թ. հրապարակային շարժման առաջնորդները բավականին համեստ են իրենց ներկայացնում եւ նշում իրենց արած-չարածների մասին, այնինչ` նրանք արել են անհնարինը` հնարավոր դարձնելու համար:
Արցախյան ազգային-ազատագրական շարժումից 25 տարի անց, շարժման կազմակերպական աշխատանքների եւ շարժման օրերի մասին ենք զրուցել 1986-ին ստեղծված ՙԱրցախական միության՚ անդամ, այնուհետեւ` Արցախում 1989 թվականի ապրիլի 19-ին վերաբացված Հայ Հեղափոխական Դաշնակցության հատուկ բաժնի պատասխանատու Աշոտ Սարգսյանի հետ:

 

 

Աշոտ Սարգսյանի համար Շարժումը սկսել է դեռ դպրոցական տարիներից. ՙՆախ ասեմ, որ Արցախյան շարժումն ինձ համար ավելի վաղ է սկսվել` 7-րդ դասարանից, երբ ես հասկացա, թե ի՞նչ է ազգը, հայրենիքը, ՙԾովից-ծով Հայաստանը՚, թե ինչո՞ւ են իմ նախնիները Ալղուլիից տեղափոխվել Ստեփանակերտ (այն ժամանակ՝ Խանքենդ): Այդ ժամանակ ես հասկացա, որ վտանգ է կախված մեր ազգի գլխին: Այդ ընթացքում Արցախում տեղի էին ունեցել մի շարք միջադեպեր, որոնք չէին կարող չանդրադառնալ ինձ վրա: Այն ժամանակ Ստեփանակերտում գործում էին ազգայնական խմբեր. խմբի անդամներից մեկն էլ իմ հորեղբայրն էր` Էդվարդ Սարգսյանը (Մարկարով): Նրա ազդեցությունը մեծ էր ինձ վրա, կարելի է ասել, որ ազգայնական դաստիարակություն եմ ստացել հորեղբորիցս, ով ինձանից մեծ էր 6 տարով: Ես էլ այն ժամանակվանից մեր դասարանում առանձնանում էի իմ ազգային եւ ազգայնական մտածելակերպով: Դպրոցում կազմակերպվող ինտերնացիոնալիստական միջոցառումներին չէի մասնակցում: Մեր դասղեկը, քաջ գիտակցելով իմ բնավորությունը եւ տեսակը, ազատում էր ինձ նման ՙգլխացավանքներից՚: 1972-ին ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել եմ, որ թուրքերի (ադրբեջանցիների) հետ հնարավոր չէ բարեկամություն անել, բոլորը կեղծ է, նրանց պետք է Արցախից քշել: Ես ինձ համարում էի Անդրանիկի զինվորը: Ի դեպ, դպրոցում, գրականության դասին հանձնարարված էր գրել ազատ շարադրություն ՙԻմ իդեալը՚ թեմայով: Ես գրեցի իմ իդեալի՝ Անդրանիկ Զորավարի մասին: Գրականության ուսուցչուհիս բոլորի ներկայությամբ, ցուցադրաբար պատռել է շարադրությունը եւ թերթիկները թափել գլխիս` ասելով, որ Անդրանիկը ՙնացիոնալիստ է՚ եւ չի կարող կոմերիտականի իդեալը լինել:

 

 

Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում սովորելու տարիներին, երբ առաջին կուրսում մեզ տարան բամբակահավաքի, բամբակ չէի հավաքում, եւ ի պատասխան ՙպահանջողների՚` հայտարարում էի, որ Ադրբեջանի համար ես չեմ աշխատելու, բամբակ չեմ հավաքելու՚:

 

 

Ուսանողական տարիներին Աշոտ Սարգսյանը զգում էր, որ մեծաթիվ ադրբեջանցի ուսանողներ միայն ուսման նպատակով չեն եկել Ստեփանակերտ: ՙՄենք՝ ազգայնական խմբի անդամներս, հայ ուսանողներին (հայկական եւ ռուսական սեկտորների) բացատրում էինք, որ ադրբեջանցի ուսանողներին այստեղ այլ նպատակով են բերել, բերել են ադրբեջանցիների թվաքանակը մեծացնելու եւ այլ հեռահար ծրագրեր իրագործելու համար: Հետագայում, 1987-ին մեր ինստիտուտի ուսանողների համարյա կեսը ադրբեջանական սեկտորն էր կազմում: Աստիճանաբար հայկական սեկտորի փոքրացման հաշվին մեծացնում էին ադրբեջանական սեկտորը:
Մեր խմբի անդամներով շրջում էինք ինստիտուտում եւ պոկում ադրբեջաներենով գրված պատի թերթերը, հայտարարությունները, շնորհավորանքները: Խմբի անդամները ավելի էին ակտիվանում փետրվարի 25-ին՝ Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը եւ ապրիլի 24-ին:

 

 

Ապրիլի 24-ին ինստիտուտի պրոռեկտոր Կուլիեւը (Արցախի ադրբեջանցիների փաստացի ղեկավարը) ադրբեջանական սեկտորի դասախոսներին եւ ուսանողներին զգուշացնում էր, որ այդ օրը զգույշ լինեն հայերի հետ, լարվածություն չստեղծեն, որովհետեւ այդ օրերին տարաբնույթ ակցիաներ էր կազմակերպվում:
ՙԻնստիտուտն ավարտելուց հետո, երբ դասավանդում էի Խնածախի ութամյա դպրոցում, ինձ Ասկերանի շրջժողկրթբաժնի կողմից նկատողություն են հայտարարել, աշակերտների եւ ուսուցիչների շրջանում հակաադրբեջանական քարոզչություն կատարելու համար:

 

 

Բանակից զորացրվելուց հետո աշխատանքի եմ անցել Ստեփանակերտի կոնդեսատորների գործարանում: Այնտեղ կային շատ ակտիվ եւ հայրենասեր երիտասարդներ: Ստեղծեցինք ազգայնական խումբ, որի հիմնական նպատակն էր աշխատողների շրջանում արթուն պահել հայկական ոգին եւ հակազդել ինտերնացիոնալիստական ցանկացած դրսեւորումների:

 

 

1986թ. գարնանը, օգտվելով գորբաչովյան վերակառուցման ընձեռած հնարավորությունից, Արցախում ստեղծվել է առաջին ոչ ֆորմալ կազմակերպությունը` ՙԱրցախական միությունը՚: Հուլիսին հաստատվել է կազմակերպության 10 հոգուց բաղկացած ղեկավար կազմը: Կազմակերպության ղեկավար է ընտրվել Արկադի Կարապետյանը, քարտուղարª Հակոբ Խաչատրյանը:

 

 

1987թ. աշնանը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ստեղծվում է ՙԱրցախական միության՚ ուսանողական կազմակերպությունը: Միության անդամ բոլոր ուսանողները մասնակցել են Արցախյան պատերազմին, դարձել են Արցախի ԻՊ Բանակի մարտական պատրաստականության պետեր, գնդի հրամանատարներ, սպաներ եւ զինվորներ:

 

 

1987թ. լայն թափ էր ստացել Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքները: ՙԱրցախական միության՚ անդամները առաջիններից են, որ հատուկ ձեւաթղթերի վրա կազմակերպել են ստորագրահավաքները եւ ուղարկել Երեւան:

 

 

ՙՇատ ակտիվ էր նաեւ Ստեփանակերտի Գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունը, -նշում է Ա. Սարգսյանը: — Պատահական չէ, որ 1988 թ. շարժման առաջին գծում էին այդ տեխնիկումի ուսանողները: Ցավալիորեն, նրանց կազմակերպիչների մասին քիչ բան է հայտնի հանրությանը:

 

 

Տարածված է այն տեսակետը, թե շարժմանը ակտիվ մասնակցել են մանկավարժական ինստիտուտի դասախոսները: Դա չի համապատասխանում իրականությանը: Սկզբնական՝ ընդհատակյա շրջանում, երբ ստորագրություններ էին հավաքում, դասախոսներից 13 հոգի էին դրել իրենց ստորագրությունը: Մանկավարժական ինստիտուտի շարժիչ ուժը ՙԱրցախական միության՚ երիտասարդական թեւն էր: Հետագայում, շարժման ընդհատակյա փուլից հետո, դասախոսները ակտիվացել են եւ ղեկավարությունը վերցրել իրենց ձեռքը:
Երբ սկսվել է հարապարակային ցույցերը, շատերն են մասնակցել, բայց շարժման բուն ակունքներում քիչ մարդիկ են եղել:

 

 

1988թ. փետրվարյան օրերին շատ ակտիվ է եղել Ստեփանակերտի կոնդեսատորների գործարանը: Փետրվարի 12-ին գործարանը Ստեփանակերտի հիմնարկ-ձեռնարկություններց ամենավերջինն է կազմակերպել ժողով եւ հատուկ ձեւաթղթով, ստորագրություններով պահանջը ներկայացրել Կենտրոնական կոմիտե: Գործարանի տնօրենը՝ Յուրի Ասկարյանը, լինելով Կեւորկովի գործակիցը, արգելում էր, որ նման միջոցառումներ կազմակերպվեն: Այն ժամանակ ես գործարանի Կոմունիստական կուսակցության Բյուրոյի անդամ էի: Հանդիպելով տնօրենին հայտնեցի, որ մենք գործարանում պետք է անպայման ժողով կազմակերպենք եւ Մայր Հայաստանին վերամիավորման մասին որոշում ընդունենք: Տնօրենն ասաց, որ եթե ամբողջ պատասխանատվությունը ես վերցնում են ինձ վրա, ինքը համաձայն է: Նա հրավիրում է գործարանի ԿԿ Բյուրոյի անդամներին եւ ասում, որ ժողով կազմակերպելու պատասխանատվությունը ստանձնում է Աշոտ Սարգսյանը: Եւ ժողովը հրավիրվում է:

 

 

Փետրվարի 13-ի վաղ առավոտյան Արկադի Կարապետյանը հրավիրում է ՙԱրցախական միության՚ անդամներին եւ հայտնում, որ անհապաղ պետք է ժողովրդին հանել հրապարակ, քանի որ ժամը 11-ին տեղի է ունենալու Արցախի տարբեր մակարդակների ղեկավարների ընդհանուր ժողով. այն կարող է ոչ ազգանպաստ որոշում ընդունել, ինչպես եղել է 1960-ական թվականներին:

 

 

Փետրվարի 13-ի ցույցի իրական կազմակերպիչները եղել են Իգոր Մուրադյանը, Սլավիկ Առուշանյանը, Արկադի Կարապետյանը…
Սկզբից հրապարակ են եկել գյուղատնտեսական տեխնիկոմի ուսանողները, այնուհետեւ մանկավարժականի ուսանողները, Կոնդեսատորների գործարանի կոլեկտիվը եւ բազմաթիվ այլ կոլեկտիվների, գործարանների աշխատավորներ եւ հազարավոր այլ մարդիկ՝ թվով մոտ 7 հազար՚:

 

 

25 տարիների հեռավորություն է մեզ բաժանում Շարժման օրերից, եւ այսօր արդեն ականատես ենք լինում կեղծված իրականության: Հաճախ մոռացության են մատնված մարդիկ, ովքեր մեծ ավանդ ունեն Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեջ: Խոսելով այդ երեւույթի մասին` Աշոտ Սարգսյանը խոստովանում է, որ այդպես էլ ինքը սպասում էր:
ՙ25 տարիների հեռավորութունից շատ հեշտ է ուղղումներ եւ շտկումներ կատարելը: Երբ առաջին անգամ Արցախը Հայաստանին վերամիավորման հարցը դրվեց ՙԱրցախական միության՚ կազմակերպության օրակարգում` ես դեմ էի դրան, գտնում էի, որ մենք պատրաստ չենք ազգային-ազատագրական շարժմանը: Այն կազմակերպելու համար, նախ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ դրա էությունը, իմաստը, նախապատրաստական աշխատանքներ կատարել: Իմ ընկալմամբ` ազգային-ազատագրական շարժումը համազգային բնույթ պետք է ունենա, քանի որ միայն Արցախի հայության ազատագրության խնդիրը չէր դրվում, այլ՝ միացումը Մայր Հայաստանին :Շարժումը պետք է ավանգարդ՝ ղեկավար մարմին ունենա: Իմ համոզմամբ` եթե ավանգարդը մենք ենք, ապա պատրաստ չէինք առաջնորդելու ժողովրդին:

 

 

Այսօր կան մարդիկ, որ հեռուստաեթերներում խոսում, թերթերում եւ գրքերում գրում են Շարժմանը իրենց մեծ ավանդների մասին, բայց իրականում նրանցից շատերը չեն եղել Շարժման ակունքներում: Ճիշտն ասած, դա բնական է սպասել, քանի որ այն մարդիկ, ովքեր եղել են Շարժման ակունքներում, միշտ չէ, որ հնարավորություն եւ ցանկություն ունեն արտահայտվելու, գրքեր տպելու, ինքնագովազդով զբաղվելու: Ցավոք սրտի, մեր գրականությունը, պատմությունը կաղում է այդ հարցում:
Կան մարդիկ, որ ՙմեծ առաքելություններ՚ են իրենց վերագրում` մոռանալով, որ այն ժամանակ եղել են միայն սովորական հիմնարկի ղեկավարներ, շարքային լրագրողներ, գրողներ կամ դասախոսներ, եւ հեռու են եղել ազգային վեհ գաղափարներից:

 

 

Շարժման սկզբնական շրջանում առաջնորդները ժողովրդի ծոցից ելած, հարգանք վայելող մարդիկ են եղել: Եղել են դեպքեր, երբ հրապարակում հավաքվածները կամ երթի մասնակիցները ուշադրությամբ լսել են, թե ինչ են ասելու օրվա առաջնորդները՝ օրինակ Սերժիկ Գրիգորյանը` ՙսապոժնիկ՚ Սերժիկը, Աղասարյան Արաքսյան, Ավետիսյան Իշխանը եւ այլոք: Նման առաջնորդները ավելի լավ էին հասկանում ժողովրդի հոգեբանությունը՚:

 

 

Գրեթե բոլոր ազգերի մոտ ազգային-ազատագրական շարժումները, հեղափոխություններն առաջնորդում էին մտավորականները:
ՙՀարց է առաջանում` որտե՞ղ էր այն ժամանակվա մտավորականությունը, — ասում է Ա. Սարգսյանը եւ շարունակում, — մտավորականություն ասելով` առաջին հերթին նկատի ունեմ գրողների միության եւ մյուս ստեղծագործական միությունների անդամները: Երեւի նրանք սպասում էին, որ փետրվարի 20-ին որոշում ընդունեն, հետո՞ միանան Շարժմանը: Մեր սխալներից մեկն էլ հենց այն է եղել, որ մտավորականներին, նախկին կուսակցական եւ կոմերիտական աշխատողներին արհեստականորեն ՙդափնիներ ենք տվել՚ եւ թույլ տվել, որ ժողովրդին առաջնորդեն: Իհարկե, նրանց մեջ եղել են ազնիվ եւ ազգասեր մարդիկ, ովքեր հետագայում էլ իրենց կյանքով ապացուցել են, որ արժանի են եղել առաջնորդներ կոչվելու՚:

 

 

Պարոն Սարգսյանը հիշում է, թե ինչպես են փորձել ամենատարբեր եղանակներով տապալել Շարժումը` օգտվելով տեղի համապատասխան մարմինների աշխատակիցների ծառայություններից: Հետագայում, ինչպես ասում են, ՙՀաղթողին չեն դատում՚ հայտնի ասացվածքը տարածվել է նաեւ նրանց վրա: Արդյունքում` նման մարդիկ ոչ միայն պատիժ չեն ստացել, այլ ներկայումս ստանում են ամենաբարձր թոշակները:

 

 

ՙՄեր պայքարը` ազգային- ազատագրական շարժումը, հետագայում վեր է ածվել ազգային-ազատագրական հեղափոխության, որովհետեւ մենք ստեղծել ենք նոր պետություն: Իսկ ազգային-ազատագրական հեղափոխությունն ունի իր օրինաչափությունները, որ պետք է մենք հաշվի առնեինք, որը չենք արել: Շարժման ավանգարդը, դասական իմաստով, գոյություն չի ունեցել: ՙՂարաբաղ՚, ՙԿռունկ՚, ՙՄիացում՚ կոմիտեները Արցախյան շարժման ծնունդն էին, այնինչ` դրանք պետք է ծնեին Շարժումը:

 

 

Արցախյան ազգային-ազատագրական շարժման շարժառիթների մասին կան տարբեր մոտեցումներ՝ ինքնաբուխ-տարերային, արեւմտյան եւ ռուսական ազդեցություններով:
Ինքնաբուխ-տարերային շարժման կողմնակիցները գտնում են, որ Արցախի հայությունը երբեք չի դադարել Մայր Հայաստանի հետ վերամիավորման պահանջից:
Արեւմտյան ազդեցության կողմնակիցները գտնում են, թե ամեն ինչ թելադրվում էր միջազգային ուժային կենտրոնների կողմից, որոնց նպատակը առաջին հերթին ԽՍՀՄ քայքայումն էր:

 

 

Ռուսական նախաձեռնության կողմնակիցները գտնում են, որ դա Կենտրոնի ծրագրված քայլերն են. Մոսկվան կազմակերպեց Արցախյան հարցի բարձրացումը` որպես վերակառուցման քաղաքականության մեկ լծակ:

 

 

Այս երեք տեսակետները իրար չեն հակասում եւ նույնիսկ լրացնում են, սակայն ավելի մեծ էր ռուսական գործոնի դերը: Վերակառուցման հեղինակները գիտեին, որ Արցախյան հարցը վերահսկելի է, Կենտրոնը հզոր հակակշիռ ունի Ադրբեջանի կենտրոնախույս տրամադրությունների վրա եւ ապահովում էր ռուսական ներկայությունը Անդրկովկասում:
Մեր կարծիքով` Արցախյան ազգային-ազատագրական շարժումը ծնվել եւ ծավալվել է հայերի մեջ, սակայն չի եղել հայերի նախաձեռնությամբ: Այն չի համապատասխանել հայության գաղափարական, քաղաքական եւ կազմակերպական հասունացման աստիճանին:

 

 

Հայերի կողմից կազմակերպված պայքարը ենթադրում էր որոշ նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ ազգային-ազատագրական պայքարի ավանգարդի՝ ղեկավար կենտրոնի առկայություն, միջազգային ասպարեզում հայերի տեղեկացվածություն, հայկական սփյուռքի (առավել եւս՝ ներքին սփյուռի՝ ադրբեջանահայության) նախապատրաստվածությունը, համակարգված ռազմավարության գոյությունը:

 

 

Իհարկե, 1987թ. Արցախի բոլոր շրջաններում կային շարժման առաջնորդող խմբեր, ղեկավարներ: Սխալ է այն տեսակետը, որ Շարժումը սկսվել է որեւէ մեկ շրջանից: Այն համընդհանուր բնույթ է ունեցել:

 

 

ՙՑավոք, մինչ այսօր չունենք ակադեմիական մի այնպիսի հրատարակություն, որ ճիշտ ներկայացված լինի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը՚,- պարզաբանելով իրադրությունը` նշում է Ա. Սարգսյանը:

 

 

— Ինձ համար ընդունելի չէ այն իրողությունը, որ փետրվարի 20-ն են համարում Ազգային վերածննդի օր: Ազգային վերածնունդը եղել է փետրվարի 13-ին, երբ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ եւ ներկայացրեց իր արդար պահանջը: Այսինքն, այդ օրն է վերածնվել մեր Շարժումը: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք փետրվարի 20-ի նշանակությունը, բայց այն չի կարելի գերադասել ազգային զարթոնքի դրսեւորումից: Եթե չլիներ փետրվարի 13-ը, ի՞նչ որոշման մասին կարող է խոսք լինել: Արցախի առաջին խորհրդարանը՝ ԼՂՀ Գերագույն Խորհուրդը փետրվարի 13-ն էր սահմանել Ազգային վերածննդի օր: Հետագայում ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն Խորհուրդը հատուկ որոշմամբ փոխել է օրը, դրանով իսկ ստվերի տակ թողել Շարժման ընդհատակյա փուլը՚,- ասում է Աշոտ Սարգսյանը:

 

 

Խոսելով Շարժման առաջնորդների, համակարգողների մասին` Ա. Սարգսյանն ընդգծում է. ՙՀետաքրքիր է` բոլորը խոսում են իրենց ավանդի մասին, բայց շատ քիչ թվով մարդիկ են տալիս Իգոր Մուրադյանի, Արկադի Մանուչարովի անունները: Ի. Մուրադյանի մասին չեմ ուզում նշել. պատահած հարմար առիթի դեպքում միշտ ընդգծել եմ, բայց Արկադի Մանուչարովի մասին պարտավոր եմ նշելու: Մարդը՝ 1965թ. լինելով ԽՄԿԿ ԿԿ-ին գրած նամակի 13 հեղինակներից մեկը, անցնելով տառապանքների միջով, 1988-ին միացել է Շարժմանը` լինելով նրա առաջնորդներից մեկը, գիտակցելով, թե ինչ կարող է պատահել իր հետ: Դա արդեն սխրանք է:

 

 

Խոսելով ազգային-ազատագրական շարժման բուն նպատակի՝ Միացման մասին, Ա. Սարգսյանը նշեց, որ պատերազմում տարած հաղթանակը չկարողացանք դիվանագիտական ճանապարհով ամրագրել, առավելություն դարձնել: Չնայած ԼՂՀ անկախության եւ պետականության առկայության գործոնի, այնուամենայնիվ ամեն օր հեռանում ենք 88-ի տրամաբանությունից` ՙՄիացումի՚ գաղափարաբանությունից:

 

 

ՙԳոնե, 2006 թ. ԼՂՀ Սահմանադրություն ընդունելով, պետք է ամրագրեցինք, որ հանդիսանում ենք Մեծ Հայքի Արցախ նահանգի իրավահաջորդը, ապրում ենք մեր պատմական հայրենիքի մեկ հատվածում: Այդ կերպ մենք իրավական տեսք կտայինք Մայր Հայսատանին վերամիավորվելու մեր իղձերը, ինչի համար ոտքի էինք ելել 88-ին: Ոչ ԼՂՀ, ոչ էլ ՀՀ Սահմանադրություններում նպաստավոր դրույթներ չկան մեր հետագա անելիքները օրիանականացնելու համար: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը թույլ է տալիս, որ այդ երկրի կազմի մեջ մտնեն նաեւ այն երկրները, որոնք նույնիսկ ընդհանուր սահման չունեն ՌԴ-ի հետ: Այսինքն, ՌԴ-ն նպաստավոր պայման է ստեղծում, որ ցանկացած երկիր մտնի իր կազմի մեջ: Նախադեպը կա նաեւ այլ երկրների Սահմանադրություններում՚:

 

 

ՙԱրցախյան շարժումը ազատատենչ ժողովրդի 70 տարիների կուտակված համբերության պոռթկումն էր: Սկիզբ առավ ազգային -ազատագրական շարժում, որին հաջորդեց ազգային-ազատագրական պայքար: Համաժողովրդական ալիքը հաղթեց բոլոր դիմադրությունները, հաղթեց մարտադաշտում, սակայն չկար ուղեկցող քաղաքական, փիլիսոփայական միտքը: Այսինքն, Շարժումը համակողմակի, համակարգային չեղավ: Շարժման առաջամարտիկները, ազատամարտիկներն արեցին իրենց գործը, ինչը չարեցին մեր քաղաքագետները, գիտնականները: Ահա այս է ամբողջ ճշմարտությունը՚, -նշում է Աշոտ Սարգսյանը:

 

 

1989թ., Արցախում լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հատուկ բաժնի պատասխանատուն, Աշոտ Սարգսյանը նկատում է, որ մինչ այժմ ոչ ոք որեւէ կերպ չի գնահատել ՀՅԴ դերը Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեջ: ՙՑավոք սրտի, մինչ այժմ, Արցախյան շարժման մեջ ՀՅԴ դերի ու նշանակության մասին ոչ ոք գիտականորեն հիմնավորված եւ փաստարկված գնահատական չի տվել: Դրա պատճառները հիմնականում հասկանալի է, մասամբ՝ ոչ: ՙՈչի՚ մեջ նկատի ունենք ՀՅԴ-ի ինքնագնահատականը: Առաջին պատճառը՝ այն ժամանակվա ՀՀ իշխանությունների անհանդուրժողականությունն էր, եթե չասենք՝ ատելությունը: ՀՀ իշխանությունները դատի տվեցին ՀՅԴ առաջնորդներին, ձերբակալեցին, վարկաբեկեցին կուսակցության անունը:

 

 

Արկադի Տեր-Թադեւոսյանը ժամանակին իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ 1991 թվականին իրեն ուղարկել են Արցախ` չեզոքացնելու ՀՅԴ-ի եւ Լեոնիդ Ազգալդյանի ազդեցությունը: Եւ ի պատիվ իրեն, խոստովանել է, որ հանդիպելով Լ. Ազգալդյանին եւ ՀՅԴ տեղական կազմակերպության անդամներին, համոզվել է, որ այդ մարդիկ մեծ համակրանք են վայելում ողջ ժողովրդի կողմից:

 

 

Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ այնուհետեւ Արցախյան ազատամարտի վերաբերյալ նյութերում, տեսահոլովակներում, որոնք պատրաստվել են հետպատերազմյան տարիներին, ՀՅԴ-ի եւ դաշնակցականների մասին գրեթե խոսք չկա: Այնինչ` 1989թ. ապրիլից սկսած ՀՅ Դաշնակցությունը խոշոր դերակատարություն է ունեցել Արցախում` ժողովրդին համախմբելու, ինքնապաշտպանություն կազմակերպելու գործում: Մենք գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է, եւ ժողովրդին պատրաստում էինք ինքնապաշտպանության: 1989թ. նոյեմբերից ակտիվորեն սկսեցինք տարբեր զինատեսակների պատրաստում տեղերում: Նոյեմբերից էլ սկսվեց ՙդաշնակցական՚ զենքերի եւ զինատեսակների տեղափոխումը, սկզբից Երեւանից Ստեփանակերտ` ինքնաթիռով, այնուհետեւ Երեւանից Շահումյան կամ Գյուլիստան` ուղղաթիռով, այնտեղից էլ մեքենաներով՝ Ստեփանակերտ:

 

 

Ես, որպես ՀՅԴ Արցախի կազմակերպության Հատուկ բաժնի պատասխանատու, պատասխանատու էի նաեւ զենքերի անվտանգ տեղափոխման համար: Երեւանից զենքերի տեղափոխմամբ հիմնականում զբաղվում էին Աշոտ Ղուլյանը` Բեկորը եւ Արկադի Կարապետյանը: Դաշնակցությունն ուներ հատուկ կազմակերպված ջոկատներ, որոնք օգնում էին տարբեր գյուղերում զինված ջոկատների կազմավորմանը: Դաշնակցությունը միանգամայն նոր որակ էր հաղորդել Արցախի ինքնապաշտպանությանը՚:
Պարոն Սարգսյանը նշեց, որ կան շատ մարդիկ, ովքեր արժանի են մեծարման, պետականորեն պարգեւատրման, չեն ստացել իրենց արժանի գնահատականը, փոխարենը անարժաններն են պարգեւատրվել:

 

 

ՙՍկզբնական շրջանում անհանգիստանում էի, երբ լսում էի, որ այս կամ այն մարդը, ով արժանի չէ պարգեւատրման՝ հերթական շքանշանը կամ մեդալն է ստացել: Ուրախանում էի, երբ արժանի մարդիկ էին պարգեւատրվում: Հիմա անտարբերությամբ եմ նայում պարգեւատրումների արարողությանը: Ինձ համար մինչեւ հիմա հանելուկ է, թե ինչո՞ւ Արցախի բանակի մի շարք հրամանատարներ արժանացել են Արցախի հերոսի բարձր կոչմանը, բայց հաղթանակած Բանակի մարտական պատրաստականության պետը՝ Ֆելիքս Գաբրիելյանը Արցախի հերոս չէ: Նույնը վերաբերվում է նաեւ Մարտակերտի հրամանատար Նորայր Դանիելյանին: Ցավոք, մեր հերոսների շարքում կան մարդիկ, որոնց կերպարով ես իմ երեխաներին երբեք չեմ դաստիարակի եւ ուրիշներին էլ խորհուրդ չէի տա: Մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք իրական հերոսներ, որոնց կերպարները բոլորի համար ընդունելի են եղել եւ օրինակելի՚:

 

 

Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից Ա. Սարգսյանը գտնում է, որ Շարժումը չի հասել իր նպատակին, դեռ ավելին՝  հայությունը բաժանվել է երկու հատվածների, ստեղծվել է երկու անկախ պետություններ: Իսկ Աստվածաշունչը մեզ հուշում է. ՙԻնքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում՚: Ուստի պետք է մտածել ելքի մասին: Ելքը՝ Միացումն է: Միացման առաջին քայլը կարող է լինել ՀՀ եւ ԼՂՀ Քաղաքացիության մասին՚ օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը եւ չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը` վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում:

 

 

 

Պատրաստեց` Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

1