Մեր երազանքների Կիլիկիան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեր երազանքների Կիլիկիան

Մեր երազանքների Կիլիկիան

Մեր երազանքների մեծ Կիլիկիայից մի փոքրիկ պատառիկ բերինք-դրինք Մարտակերտի մի գողտիկ անկյունում՝ անունը Նոր Կիլիկիա:

Եւ ահա օրեցօր հառնում-մեծանում է Նոր Կիլիկիան: Նոր հառնող գյուղն ավելացավ ևս 20 տնով՝ զոհված զինծառայողների, ծառայող զինվորականների ու բազմազավակ ընտանիքների համար: Մայիսյան եռատոների կապակցությամբ նրանք նվեր ստացան՝ 20 նոր առանձնատուն և 32-ը՝ վերանորոգված, 10-ն էլ մինչ այդ էին կառուցել, համանքն այսպիսով ընդհանուր թվով ունի 62 առանձնատուն՝ կահավորված ժամանակակից բոլոր հարմարություններով:

Այդ առիթով մայիսի 8-ին նոր կիլիկիացիների ուրախությունը կիսելու են եկել թեմակալներ ԱՄՆ-ից, Սփյուռքի այլ համայնքներից, ԱՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Մերձավոր Արևելքում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, պետական և  հոգևոր բարձրաստիճան այրեր:

Հնչում է հայկական դհոլ զուռնան, պար են բռնել նորակառույցների նոր սեփականատերերը, որ մարդիկ արարեն, բազմանան, որ երդիկ ունենան գլխավերևը, երջանիկ կյանք կերտեն իրենց համար: Առանձնատները կառուցված են Կիլիկիո կաթողիկոսության բոլոր թեմերի միասնական ջանքերով:

<<Մեր նպատակն է այս գործը շարունակել և Նոր Կիլիկիան դարձնել Մարտակերտի շրջանի ամենամեծ գյուղերուն մեկը>> — նշեց Կիլիկիո Կաթողիկոսության վարչության ատենապետ Իշխան Ջրբաշխյանը:

Այսպես՝ դարեր իվեր. հայը տուն ու եկեղեցի է կառուցում, երգ ու նվագ է հորինում, քանդակում ու կտավ է ստեղծում, խաչքար է դնում, <<Նարեկ>> է գրում, հաղթության մեդալներ է բերում Հայրենիք՝ ի հեճուկս թշնամու:

1