Մեր բանակը պետք է զորացնենք, չի բավեր միայն ունենալ հերոս տղաք. Արամ Ա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեր բանակը պետք է զորացնենք, չի բավեր միայն ունենալ հերոս տղաք. Արամ Ա

Մեր բանակը պետք է զորացնենք, չի բավեր միայն ունենալ հերոս տղաք. Արամ Ա

Մեկ տարի է անցել ապրիլյան պատերազմից, մեկ տարին բավական ժամանակ է` խորհելու, սխալները վերհանելու համար: Ի՞նչ սովորեցրեց նոր պատերազմը մեզ, ի՞նչ դասեր պետք է քաղել դրանից։ Այս և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ի լրագրողն Անթիլիասում զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ:

— Վեհափառ Տեր, նախորդ տարի Դուք Արցախում էիք, ինչպիսի՞ն տեսաք նոր պատերազմի բովով անցած երկիրը:

— Ես Արցախի ապրիլյան պատերազմեն շաբաթ մը հետո հոն էի, տեսա մեր ժողովուրդը, մեր հերոս տղաքը: Ես իրապես կգնահատեմ մեր հերոսները, մեր զինվորները, որոնք իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հողը, մեր իրավունքը, Ղարաբաղի անկախությունը: Մենք պիտի գիտակցինք, որ Հայաստանը, Ղարաբաղը շրջապատված են ոչ բարեկամ երկիրներով: Այսպես եղած է Հայաստանը` որպես կռվախնձոր պատմության ընթացքին, հարավեն, հյուսիսեն, արևելքեն, արևմուտքեն միշտ հարվածած են մեզ, փորձած են ընկճել մեր ժողովուրդը: Սակայն պատմության պարտադրած փոթորիկներուն դիմաց մեր ժողովուրդը մնացած է կանգուն: Նույնիսկ Եղիշե պատմիչին բառերով` իմացյալ մահով մեր ժողովուրդն իր հայրենիքը, իր ինքնությունը պահած է:

Արդարորեն Ղարաբաղը կնկատվի թուրը Հայաստանին, Ղարաբաղի անկախության պահպանումը կնկատվի Հայաստանի ամրապնդման նախապայմանը, Հայաստանի գոյության առանցքը, հիմքը, հետևաբար` ամեն գնով մենք պետք է Ղարաբաղի ամբողջականությունը, անկախությունը, մեր ժողովրդի իրավունքները պահենք, պաշտպանենք և հզորացնենք:

— Ի՞նչ սովորեցրեց ապրիլյան պատերազմը մեզ:

Մեր մոտեցումը զգացական պետք չէ ըլլա: Ղարաբաղի չորսօրյա պատերազմը մեզի համար արթնության կոչ մըն էր` արթուն եղիր, ժողովո’ւրդ հայոց, գիտցիր` որոնք են քու բարեկամներդ, որոնք են քու թշնամիներդ: Այսօր քաղաքականության մեջ մենք պետք է իրատես ըլլանք: Քաղաքական հարաբերությունները բարեկամության վրա հիմնված չեն, այլ շահերու վրա հիմնված են: Մարդիկ Ղարաբաղին կամ Հայաստանին կամ մեր ժողովրդի իրավունքներուն կմոտենան` իրենց շահերեն մեկնած և ոչ թե մեր շահերեն, ոչ թե փոխադարձ բարեկամութենեն, հետևաբար` աշխարհաքաղաքական պայմանները պետք է ճիշտ կերպով տեսնենք, ուսումնասիրենք և կողմնորոշվինք, այլապես մենք տագնապալից կացությունններու դիմաց կրնանք գտնվիլ` թե’ որպես Հայաստան, թե’ որպես Ղարաբաղ:

Մեր դիվանագիտական հարաբերությունները պետք է ավելի զորացնենք, ընդարձակենք ու ծավալենք և քայլ պահենք նաև թե’ միջազգային մակարդակի վրա, թե’ մեծ պետություններուն հետ, թե’ նաև շրջանային գերուժերու հետ, հետևաբար` զինվորական երեսը շատ կարևոր է անկասկած: Մեր բանակը պետք է զորացնենք: Չի բավեր միայն ունենալ հերոս տղաք, որոնք պատրաստ են իրենց արյունը թափել Հայաստանին համար, Արցախին համար, սա կարևոր է, մեր մեծագույն զենքը սա է, սակայն այս զենքին առընթեր մեր բանակի հզորացումը շատ կարևոր է, և սա մեր առաջնահերթ պարտավորությունը պետք է ըլլա: Բանակի հզորացմանն առընթեր մեր միջազգային հարաբերությունները, դիվանագիտական, քաղաքական կապերը կնկատեմ շատ կարևոր, հետևաբար` այս երկուքին ամբողջացումը կարծեմ, թե մեծապես օգտակար կրնա ըլլալ թե’ Հայաստանի և թե’ Ղարաբաղի համար: Եվ այդ ծիրեն ներս Սփյուռքը կարևոր դեր ունի:

— Ապրիլյան դեպքերից հետո հայկական Սփյուռքն էապես մեծացրել է ուշադրությունն Արցախի նկատմամբ, միայն Սփյուռքի դերակատարումը բավարա՞ր է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար:

— Հաճախ ես շեշտած եմ, որ Սփյուռքն իր դերակատարությունը պետք է ավելիով կատարե՝ ամեն իմաստով, սակայն միաժամանակ չմոռնանք, թե Հայաստանին մեջ ալ մեծահարուստներ կան, Հայաստանին մեջ շատ ավելի մեծահարուստներ կան, քան Սփյուռքին մեջ, հետևաբար` Հայաստանի մեծահարուստներն առաջին հերթին իրենք բարի օրինակը պետք է ըլլան` Հայաստանի ու Ղարաբաղի հզորացման բերելով իրենց ամբողջական նպաստը: Կակնարկեմ նյութական նպաստը: Հայաստան, Սփյուռք և Ղարաբաղ, բնականաբար, ես կընդունիմ որպես մեկ ամբողջություն, և այդ մեկ ամբողջության ծիրեն ներս մենք պիտի գիտնանք` ինչպես աշխատանքի բաժանում կատարել, և մեկ հստակ նպատակ պետք է ունենանք՝ Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը:

— Ո՞րն է Արցախյան հարցի կարգավորման` Ձեր տեսլականը: Արդյո՞ք հնարավոր է ռազմատենչ հարևանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

— Բանակցության մեջ բանակցող պետություններու կամ մարմիններու ետին կամ կողքին ուրիշ ուժեր ալ կրնան ըլլալ, և երբեմն այդ ուժերու տեսակետը կարևոր դեր կրնա ունենալ: Այս պարագային մեր դիմացը պետք չէ տեսնել միայն Ադրբեջան, ուրիշ ուժեր էլ կան Ադրբեջանի ետին, կողքին: Ճիշտ անոր համար կըսեմ ՝ Ղարաբաղի հարցի գծով մենք երկու մոտեցում պետք է ունենանք, երկու լեզվով պետք է խոսինք՝ բանակի հզորացումը և մեր դիվանագիտական, քաղաքական հարաբերություններու ավելի հզորացումը:

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի, այդ ուղղությամբ տարվող իրավական գործընթացի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ Վեհափառի հետ հարցազրույցը՝ վաղը:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը

1